ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայրական մահացության քանի դեպք է գրանցվել, և որ հիվանդությունից են ավելի շատ մահանում Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մահվան պատճառների ցանկը չի փոփոխվել. մեր երկրում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ առաջին տեղում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունները:
Հայաստանում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից այս տարվա 6 ամիսներին մահացել է 16 հազար 627 մարդ: Պատճառն այն է, որ բնակչության գերակշիռ մասի համար, որը հաց վաստակելու խնդիր ունի, անհասանելի է բժշկական ծառայությունը, հիվանդության վաղ հայտնաբերումը, համապատասխան բուժօգնությունը: Իսկ վիրահատական միջամտության մասին ուղղակի լռում ենք: Մեր հանրապետությունում սրտի միայն մեկ անոթի ստենտավորման արժեքը միլիոն դրամը գերազանցում է: Դրա հետեւանքով բազմաթիվ մարդիկ երիտասարդ հասակում են մահանում, քանի որ գումար չունեն սիրտ ստենտավորելու համար:

Մասնագետների խոսքերով, Հայաստանում արյան շրջանառության համակարգի ամենատարածված հիվանդություններն են գերճնշումային համակարգի հիվանդությունները, սրտի իշեմիկ հիվանդությունը, ստենոկարդիան, սրտամկանի սուր ինֆարկտը: Մասնագետները նաեւ պնդում են, որ այս հիվանդությունների կանխարգելումն ավելի էժան եւ արդյունավետ է, քան դրանց բուժումը: Սրտանոթային հիվանդությունների 80 տոկոսը կանխարգելելի է, եթե վարեն առողջ ապրելակերպ, ճիշտ պայքարեն ռիսկի գործոնների դեմ: Դրանք են` ծխախոտի ամենօրյա օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, կերակրի աղի քանակի ավելցուկային օգտագործումը, թերշարժունակությունը, քաշի ավելցուկը, բարձր զարկերակային ճնշումը: Մեր երկրում յուրաքանչյուր 100 հազար բնակչությանը բաժին է ընկնում 200 սուր ինֆարկտի դեպք:

Ի դեպ, միայն հունիս ամսին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 1200 մարդ, մայիսին 1258, ապրիլին՝ 1452 մարդ: Միայն հունվար ամսին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 1644 մարդ:

Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Իսկ Հայաստանում նորագոյացություններից մահացել է 2636 մարդ: Մասնագետները պնդում են, որ եւ սթրեսը, եւ շրջակա միջավայրը, եւ սննդակարգը համատեղ ազդեցություն են թողնում նշված երկու հիվանդությունների աճի վրա: Իսկ դրանց կանխարգելումը որոշակիորեն կապված է մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հետ: Այստեղ առողջապահության նախարարությունը մի կարեւորագույն խնդիր ունի. այս երկու հիվանդությունների ուղղությամբ պետք է քննարկի կանխարգելման ծրագրեր, կառավարության կողմից դրանք ընդունվեն եւ անընդհատ իրագործվեն ու վերահսկվեն:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ Covid-19 վիրուսից մեր հանրապետությունում այս տարվա վեց ամիսներին մահացել է 2241 մարդ, նախորդ տարվա 483-ի դիմաց: Այսինքն անցած տարվա համեմատ Covid-19 վիրուսից մահացության ցուցանիշը 4.6 անգամ աճել է: Օրինակ, ապրիլ ամսին կորոնավիրոսւից մահացել է 773 մարդ, մայիսին 419, հունիսին 100 մարդ:

Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ 2021թ. հունվար-հունիսին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 7 դեպք:

Ս.Հ. 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս