2021թ.–ի սեպտեմբերից այն դպրոցները, որտեղ առարկայական ուսուցչի պակաս կար, այդ առարկաները կկարողանան դասավանդել էլեկտրոնային եղանակով՝ մենթոր դպրոցների միջոցով։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցներում էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ ստեղծվեցին։
«Այս տարի ընտրվեցին 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները պետք է դասավանդեն ուսուցչի պակաս ունեցող դպրոցներում՝ էլեկտրոնային եղանակով։ Այժմ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է 18 դպրոցների վերապատրաստումներ։
Սեպտեմբերից մենթոր դպրոցները կիրականացնեն անհրաժեշտ առարկաների էլեկտրոնային դասավանդումը այն երեխաների համար, որ հակառակ պարագայում զրկված կլինեին տվյալ առարկան սովորելու հնարավորությունից։
Սա եւս մեկ միջոց է՝ կրթության հասանելիությունը ապահովելու։
Հիշեցնեմ նաեւ, որ գործում է սահմանամերձ եւ բարձրլեռնային համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային շտեմարանը՝ kadrer.emis.am հասցեով, 196 թափուր հաստիք է ներկայացված այս պահին։ Սիրելի մանկավարժներ, դիմեք, համալրեք թափուր հաստիքները նոր ուսումնական տարվանից առաջ»։