«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ: Վերջինիս պնդմամբ, քանի դեռ հնարավոր է իրավիճակը հանգուցալուծել դիվանագիտական ճանապարհով, իշխանությունը գնալու է այդ ճանապարհով:
-Պարո՛ն Աղաջանյան, այս պահին ինչպե՞ս եք գնահատում սահմանային իրավիճակը:
-Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեզ համար որեւէ էսկալացիա ցանկալի չէ եւ մեր հայտարարություններին համահունչ, կարծում եմ, որ քանի դեռ հնարավոր է իրավիճակը հանգուցալուծել դիվանագիտական ճանապարհով, մենք գնալու ենք այդ ճանապարհով:
-Մինչեւ այս պահը մենք ավելի մեղմ չէի՞նք խոսում:
-Հռետորաբանության մասին չէ խոսքը: Խոսքը բանակցությունների բովանդակության մասին է եւ այն դետալների, որոնք պետք է որեւէ պարագայում չվրիպեն ուշադրությունից: Վարչապետը պաշպանության նախարարությունում ունեցած իր ելույթի ժամանակ հանգամանալից անդրադարձել է այս թեմային եւ ադրբեջանական կողմի նկրտումներին, որոնք ստեղծում են այս խնդիրները: Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ նախ եւ առաջ պետք է իրագործվեն նոյեմբերի 9 եւ հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրից բխող գործողությունները, որից հետո հնարավորություն կլինի ընդհանուր իրավիճակն ու լարվածությունը նվազեցնել եւ գործընթացը տեղափոխել կառուցողական դաշտ: Մեզ համար առանցքային նշաակություն ունի գերիների օր առաջ վերադարձը հայրենիք, որը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության 7-րդ կամ 8-րդ կետն է:
-Պարո՛ն Աղաջանյան, մեր կողմից արված այս հայտարարությունը կարո՞ղ է ավելի վատ հետեւանքներ ունենալ, քանի որ հայտարարվել էր, որ եթե մոտենան մեր սահմանին, կկրակենք, այլեւս չենք հանդուրժի: Կարո՞ղ են վատ հետեւանքներ առաջանալ, քանի որ ադրբեջանական կողմն ագրեսիվ է:
-Ես ընդհանրապես, կարծում եմ, որ երկու կողմի հռետորաբանությունը կարեւոր է, բայց թերեւս պետք է ավելի ուշադիր լինել ադբեջանական կողմի հայտարարությունների բովանդակությանը եւ եթե տողատակերով հեռահար նպատակներ կան, գուցե գուշակել կամ հասկանալ դրանց նպատակները: Իսկ մեր պատկերացմամբ այն գործընթացը, համենայն դեպս մայիսի 12-ից սկսած, սահմանային այն իրավիճակը, որը հարուցվել է միայն ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունների արդյունքում, դրանք ունեն հեռահար նպատակ: Այն է՝ առաջինը վիժեցնել նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների իրականացումը կամ երկարաձգել դրանք, միգուցե, որովհետեւ այս պահի դրությամբ արդբեջանական կողմը հաշվի չէր առել: Համենայն դեպս իրենց ցանկություններն այս պահի դրությամբ չեն համապատասխանում այն կետերին, որոնք արձանագրված են նշված հայտարարությունների մեջ:
Այս համատեսքում պետք է արձանագրվի, որ Հայաստանում որեւէ պարագայում միջանցքի տրամադրման հնարավորություն քննարկման ենթակա չէ եւ չի կարող լինել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ադրբեջանին նստեցնենք բանակցային սեղանի շուրջ, որպեսզի իրականացվեն նաեւ եռակողմ համաձայնության կետերը, որոնք ստորագրվել են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից:
-Խմբակցությունը Ձեզ ընտրել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի թեկնածու: Մենք այս պահին արտաքին գործերի նախարար չունենք, ոլորտում խնդիրներ ունենք բազմաթիվ: Ինչի՞ց եք սկսելու: Ո՞ր կետից եք սկսելու աշխատել:
-Սպասեք իմ ծրագրերին, կիմանաք: Ես բոլոր հարցերին կպատասխանեմ:
Սոնա Գրիգորյան