ՀՀ Ազգային ժողովում օգոստոսի 2-ից կիրառվող լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին են հասցեագրվել բողոքներ ԱԺ-ում հավատարմագրված մի շարք լրագրողներից, ինչպես նաեւ լրագրողական կազմակերպություններից: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ Արման Թաթոյանը:
Պարզվել է, որ լրագրողների նկատմամբ սահմանափակումները կիրառվում են՝ որպես ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնների մաս: Պարզվել է նաեւ, որ մինչեւ դրանց ընդունումը լրագրողների կամ լրագրողական կազմակերպությունների հետ քննարկումներ տեղի չեն ունեցել:
Ըստ այդմ, ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում լրագրողների մասնագիտական աշխատանքի օգոստոսի 2-ից կիրառված սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հիմնականում հանգում են հետեւյալին.
- Բողոքների ու ահազանգերի հիմնական էությունն այն է, որ լրագրողներին ու օպերատորներին, օգոստոսի 2-ից սկսած, անվտանգության ծառայության աշխատակիցները արգելում են մտնել Ազգային ժողովի նոր մասնաշենք, մոտենալ խմբակցությունների ու պատգամավորների աշխատասենյակներին, չի թույլատրվում մուտք համապատասխան միջանցքներ, հարցազրույցներ ու մեկնաբանություններ վերցնել միջանցքներում ու դրանց նախասրահներից:
- Օգոստոսի 2-ից գործող անվտանգության կանոնների համաձայն՝ ԱԺ-ում պետք է լինեն հատուկ վերահսկելի գոտիներ, որտեղ արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ:
Հարցն այն է, որ առկա չէ որեւէ ակտ, որը կսահմաներ, թե որոնք են այլ դահլիճները, կամ առկա չէ սպառիչ տեղեկություն, թե կոնկրետ որ վայրերում է արգելվում լրագրողական աշխատանքը:
- Իրականում պետության բոլոր մարմինները, այդ թվում՝ ԱԺ-ն, պարտավոր են առաջնորդվել լրագրողի օրինավորության, բարեխղճության ու ազնվության կանխավարկածով:
- Յուրաքանչյուր մարմին կամ պաշտոնատար անձ պետք է գիտակցի, որ լրագրողի անխոչընդոտ աշխատանքի ապահովումը, լրագրողին հարցազրույց կամ մեկնաբանություն տալն իր պարտավորությունն է, այլ ոչ թե լրագրողին լավություն անել է կամ իր բարի կամքի դրսեւորումը: ԱԺ պատգամավորների դեպքում խոսքը նաեւ քաղաքացիների նկատմամբ պարտավորության մասին է:
- Պետության մեջ գործող ցանկացած մարմին կամ պաշտոնյա պետք է գիտակցի, որ պատկերացումը, թե լրագրողը խոչընդոտում է իր աշխատանքը, ընդամենը կարծրատիպ է:
- Ազգային ժողովի նստավայրի տարածքում կամ շենքում լրագրողների ազատ աշխատանքը սահմանափակող ցանկացած փոփոխություն մինչեւ ընդունվելը պետք է պարտադիր քննարկվի ԱԺ-ում աշխատող հավատարմագրված լրագրողների հետ:
- ԱԺ անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարեւորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետեւում:
Լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները պետք է բխեն բացառապես ԱԺ-ում աշխատանքների բնականոն կազմակերպման պահանջից, բայց դրանք չպետք է հանգեցնեն լրագրողների աշխատանքի խոչընդոտների:
- Լրագրողի աշխատանքը, ասենք, ԱԺ շենքի միջանցքներում կամ նախասրահներում ինքնանպատակ չէ:
Լրագրողը չպետք է զրկվի «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից: Լրագրողը չպետք է զրկվի հենց անձամբ ու տեղում պատգամավորից կամ այդ տեղեկությունները ստանալու հնարավորությունից, այդ թվում՝ աշխատելով, օրինակ, միջանցքներում: Ուստի առաջարկը, թե լրագրողների աշխատանքը պետք է սահմանափակվի բացառապես հատուկ առանձնացված մի քանի վայրում, ու դա արվի այնպես, որ հնարավոր չլինի նրանց մուտքը ԱԺ շենք կամ դրա մի մաս, անընդունելի է: Չի կարող ընդունելի լինել նաեւ այն հիմնավորումը, թե, միեւնույնն է, լրագրողն ազատորեն կարող է, օրինակ, պատգամավորի հետ պայմանավորվել եւ հարցազրույց վարել ԱԺ բակում: Այդկերպ լրագրողը զրկվում է իր իրավունքներից, իսկ սահմանափակումը վերածվում է խոչընդոտի:
Լրագրողը պետք է հնարավորություն ունենա, կոնկրետ պահին առաջ եկած տեղեկատվական առիթն օգտագործելով, տեղեկություններ հրապարակել, այդ թվում՝ հաշվի առնելով, որ լրագրողը չպետք է կորցնի սենսացիոն կամ էքսկլյուզիվ տեղեկություններ հրապարակելու հնարավորությունը:
- Բացարձակ անընդունելի են այն իրավիճակները, երբ առանձին պատգամավորներ հրաժարվում են հարցազրույցներ տալ կամ մեկնաբանություններ անել՝ թույլ տալով լրագրողին ուղղված ցուցադրական վիրավորական ձեւակերպումներ, կամ երբ հստակ գիտեն, թե լրագրողն ինչ լրատվամիջոց է ներկայացնում, բայց ցուցադրաբար առանձին կամ այլ լրագրողների ներկայությամբ հատուկ հարցնում են դա լրագրողից՝ հստակ իմանալով, որ այդկերպ առավել թիրախավորում են լրագրողին եւ սոցիալական մեդիայում նպաստում այդ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ վիրավորանքի ու ատելության խոսքի գեներացմանը:
- ԱԺ-ում օգոստոսի 2-ից կիրառված սահմանափակումների հետ կապված՝ խիստ խնդրահարույց է այն, որ այդ սահմանափակումները հսկելու համար ներգրավված են զինվորական համազգեստով ծառայողներ, որոնք արգելքներ կիրառելիս լրագրողին որեւէ պատճառաբանություն չեն ներկայացնում:
- Որեւէ պարագայում չի կարելի ԱԺ-ում լրագրողների աշխատանքը համեմատել Կառավարության կամ գործադիր իշխանության այլ մարմնի շենքում լրագրողի աշխատանքի հետ ու լրագրողի աշխատանքի կանոններ, այդ թվում՝ սահմանափակումներ նախատեսել ըստ այդմ:
- Վերը նշվածի հետ միասին լրագրողներն իրենք պետք է ապահովեն պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան մասնագիտական աշխատանքի ծավալումը, այդ թվում՝ խորհրդարանում աշխատանքի: Դա լրագրողին դարձնում է անխոցելի եւ նաեւ հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել նրա իրավունքների պաշտպանությունը:
- Ուստի անվտանգության կանոնների «հովանու ներքո» լրագրողների աշխատանքների սահմանափակումները եւ լրագրողների կողմից այդ սահմանափակումները պահպանելու համար անվտանգության ծառայողներ տեղակայումը պետք է վերացնել: Փոխարենը պետք է սահմանել կանոններ, որոնք կամրագրեն ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները, լրագրողների վարքագծի կանոնները, ինչպես նաեւ լրագրողների նկատմամբ պատգամավորների ու այլ պաշտոնատար անձանց պարտականությունները: Այս ամենը պետք է անել պատշաճ իրավական ակտով՝ լրագրողների, առաջնահերթ՝ ԱԺ-ում հավատարմագրվածների հետ նախապես քննարկելով:
Ն. ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻԼԻՈՆՆԵՐ ՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Գագիկ Գրիգորյանի եւ Լիլիկ Այդինյանի դատավարությունը։ Գագիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պահպանության գլխավոր վարչության Իջեւանի պահպանության բաժնի պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառնույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնական անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն բաժնի հաշվապահ Լիլիկ Այդինյանի օժանդակությամբ 2013թ. հունվարի 1-ից մինչեւ 2015թ. օգոստոսի 31-ը, ապա 2016թ. հունիսի 24-ից մինչեւ 2018թ. մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հափշատակել է իրեն վստահված՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Իջեւանի պահպանության բաժնի արտաբյուջետային միջոցների հաշվին մուտքագրված առանձնապես խոշոր չափով 117 միլիոն 13 հազար 352 ՀՀ դրամը։ Բացի այդ, Գ. Գրիգորյանը Լիլիկ Այդինյանի հետ խմբով նախնական համաձայնությամբ 2015թ. օգոստոսի 31-ից մինչեւ 2016թ. հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում պետությունից գաղտնի հափշտակել է 38 միլիոն 787 հազար 480 ՀՀ դրամ։ Լիլիկ Այդինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ոստիկանության պահպանության գլխավոր վարչության Իջեւանի պահպանության բաժնի հաշվապահ, 2013թ. հունվարի 1-ից մինչեւ 2015թ. օգոստոսի 31-ը, ապա 2016թ. հունիսի 24-ից մինչեւ 2018թ. մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում օժանդակել է նույն բաժնի պետ, պաշտոնատար անձ հանդիսացող Գագիկ Գրիգորյանի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Իջեւանի պահպանության բաժնի արտաբյուջետային միջոցների հաշվին մուտքագրված առանձնապես խոշոր չափով՝ 117 միլիոն 13 հազար 352 ՀՀ դրամ գումարի յուրացմանը։ Բացի այդ, Լ. Այդինյանը, կատարելով ՀՀ ոստիկանության պահպանության գլխավոր վարչության Դիլիջանի պահպանության բաժնի հաշվապահի պարտականությունները, 2017թ. մայիսի 19-ից մինչեւ հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում օժանդակել է նույն բաժնի պետ Տիգրան Տոֆանյանի կողմից վերջինիս վստահված՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Դիլիջանի պահպանության բաժնի բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների հաշվին մուտքագրված առանձնապես խոշոր չափերի՝ 4 միլիոն 246 հազար 628 ՀՀ դրամի յուրացմանը։ Գ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2դրվագ), Լ. Այդինյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38- 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՄՆԱՑ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մնացական Հարությունյանի, մերժել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը։ Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված։ «Մենք չենք պարտվել, պարտվել է դատավոր Մնացական Հարությունյանը։ Առուշ Առուշանյանը, միեւնույնն է, լինելու է ազատության մեջ։ Դիմելու ենք Վճռաբեկ դատարան, բայց այնտեղից էլ հույս չունենք, որից հետո կդիմենք Եվրոպական դատարան»,-ասել է Ա. Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը:
ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ
Սյունիքի մարզում օգոսոստի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։15-ի սահմաններում 32-ամյա Հ. Կ-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով «Սեւ լիճ»-Ակներ ավտոճանապարհին դեռեւս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց դեպի աջ հատված, բախվել հողաթմբին եւ կողաշրջվել։ Վթարի հետեւանքով Հ. Կ-ն ու ուղեւորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ա. Սարադյանը եւ Երեւանի բնակիչ 45-ամյա Վ. Պողոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Գորիս» ԲԿ։ Նշված ավտոմեքենան հաշվառված է Երեւանում գործող «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի հաշվեկշռում, իսկ հիվանդանոց տեղափոխվածները լեգենդար Վովա Վարտանովի ջոկատի անդամներից են, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմին, այլեւ արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ՝ լինելով կռվի ամենաթեժ կետերում: