ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լեւոն Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Արմեն Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել եւ պահել հրազեն ու ռազմամթերք, ինչպես նաեւ Արմեն Պողոսյանի կողմից իրեն նյութապես շահագրգռելու դիմաց, նրա պատվերով մտադրվել է իրագործել Արսեն Բենիկի Չիչյանի սպանությունը, սակայն այն ավարտին հասցնել չի կարողացել իր կամքից անկախ հանգամանքներով: Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 13-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ 2014 թվականի հունիսին Երեւան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ են արձակվել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ։ Իսկ ո՞վ է նա։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2014 թվականի հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով Արսեն Չիչյանը կամ բոլորին հայտնի Բոդոլը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Եվ այսպես, ի՞նչը կարող էր լինել կրակոցի պատճառը։ Եվ, ահա, ստացվում է, որ 6 տարի անց ԱԱԾ-ն հայտնում է, որ պատվիրված սպանություններ նախապատրաստելու խումբ է բացահայտվել, եւ այդ խումբն էլ ցանկացել է սպանել Արսեն Չիչյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ կրակոցներից տուժած Արսեն Չիչյանն իր դեմ կատարված մահափորձի մեջ կասկածում էր Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերերին։ Ըստ տեղեկությունների՝ Արսենն իր կասկածները հիմնավորել էր հետեւյալ պատճառաբանությամբ. ինքը «Մեթլ Փրինս» ընկերությունում 10 % բաժնեմաս ունի, եւ ընկերության տնօրինությունն, իբր, ամեն գնով ցանկացել էր տիրանալ իր բաժնետոմսերին։ Տեղեկացնենք, որ «Մեթլ Փրինս» կորպորացիայի սեփականատերը մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն (լուսանկարում) էր, որը բանտում մահացավ քաղցկեղից, եւ նրա կինը՝ Մադլեն Թաշչյանը։
Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը 2004-2010թթ. ընթացքում ընտրել էր բարետես արտաքինով նյութապես անապահով խավի տղաների եւ նրանց գայթակղելու համար անհատույց տվել մինչեւ 100.000 դրամի հասնող գումարներ՝ դրա դիմաց պահանջելով նրանցից սեռական ակտի մեջ մտնել իր հետ։ Նշենք, որ «Մեթլ Փրինս» կորպորացիան Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2000թ.-ին՝ գրանցվելով օֆշորային գոտում՝ բրիտանական Նեւիս կղզում. այն ունի երեք դուստր ձեռնարկություն՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, «Սագամար» ՓԲԸ եւ «Մոլիբդենի աշխարհ»։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2014թ. զրուցել էր նաեւ կրակոցներից տուժած Արսենի հետ, ով ասել էր, թե ինքը պատկերացում անգամ չունի, թե ինչի համար կամ ով կարող էր կրակել կամ պատվիրել կրակել. «Ինձ համար էլ է մութ, վերլուծություններ կատարել եմ, բայց այդ մասին վերջնական գնահատական կտան քննչական մարմինները։ Կասկածներ չունեմ, ուղղակի ուզում եմ իմանալ, թե ով է»։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԿՎԵՐԱՑՎԵ՞Ն
Դատախազական լիազորությունների իրականացման ընթացքում Տավուշի մարզի դատախազությունում տվյալներ են ստացվել մարզի տարածքում գտնվող ավտոգազալիցքավորման ճնշակայաններում տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտման դեպքերի վերաբերյալ: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացել է ՀՀ դատախազությունից:
Մասնավորապես՝ 2021թ. հուլիսի 22-ին ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ նույն օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի հատվածում գազալցակայանում լիցքավորվելուց հետո ընթացքի մեջ «Մերսեդես-Բենց E-350» մակնիշի ավտոմեքենայի գազի գլանոթը պայթելու հետեւանքով անզգուշությամբ վերջինիս մահն առաջացնելու փաստի առթիվ:
Բացի այդ, 2021թ. հուլիսի 28-ին «Իջեւան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ մարմնական տարբեր վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով նշված մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 08:10-ի սահմաններում, N ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանում «Զիլ 130» մակնիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ գազի գլանոթը պայթելու հետեւանքով: Տեղի ունեցած դեպքերի կոնկրետ պատճառի պարզման նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1101-Ն որոշման՝ լիցքավորման ավարտի ճնշումը պետք է լինի ոչ ավելի, քան 19,6 ՄՊա, մինչդեռ քիչ չեն դեպքերը, երբ լիցքավորման ավարտին ճնշումը գլանոթում կազմում է 19,6 ՄՊա-ից ավելի է, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում մարդկանց կայնքի եւ առողջության համար: Հաշվի առնելով նման խախտումների արդյունքում առաջացող ծանր հետեւանքները՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազը գրություն է հասցեագրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ ձեռնարկելու միջոցներ՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված՝ գազալցակայաններում տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումները հայտնաբերելու, սահմանված կարգով ընթացք տալու եւ նմանատիպ հետագա դեպքերի հնարավորությունը բացառելու ուղղությամբ: Մարզի դատախազը նշել է, որ միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով պետք է իրականացվի մարզի տարածքում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայաններում տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման մշտադիտարկում, կատարվեն հաճախակի անակնկալ ստուգայցեր սահմանված տեխնիկական կանոնակարգերի անշեղ պահպանումը մշտական դարձնելու նպատակով: