
ՀՀ ոստիկանությունը կարճել է Մամիկոն Այվազյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը` հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` նշելով, որ նաեւ դիմում-բողոք չի եղել: Հիշեցնենք, որ այս գործը, որը բացահայտեց «Ժողովուրդ»-ը, կապվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանի անվան հետ. նրա եղբոր աշխատակիցներն էին ծեծի ենթարկել Այվազյանին, ինչի հետեւանքով նա մահացել էր: Հրապարակումից հետո Բադալյանը «Ժողովուրդ»-ին ասել էր, թե ինքը դիմում է ներկայացրել գլխավոր դատախազությանը` այս գործն օբյեկտիվ քննելու համար: Թե որքանով է Բադալյանը հետամուտ եղել, պարզ է դառնում քրեական գործը կարճելու մասին քննիչի որոշումից: Հավանաբար, հենց նման դեպքերի համար վերջերս Սերժ Սարգսյանը «Մ. Խորենացու» մեդալով պարգեւատրեց որեւէ օրենք չհեղինակած Բադալյանին` որպես օրենսդիրի: