ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ԿԵՂԾ, ՊԱԹԵՏԻԿ, ՇՈՂՈՔՈՐԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ցանկացած դեպքում պետք չէ հայտարարություն անել, թե պաշպանության նախարարն այսօր չի կարողանում ղեկավարել հայոց բանակը, քանի որ կռվող մարդը լավ գիտի, թե ինչ է պետք բանակի համար: -Պարո՛ն Հովհաննիսյան, ինչո՞ւ հեռացաք ոստիկանության զորքերից:  -Ինձ համար անհասկանալի պատճառներով, անգամ չեն բացատրել, թե ինչ պատճառներով: Զեկուցագիր են գրել, որ անցնեմ կադրերի տրամադրության տակ: Ասում են` վերեւից է հրամանը եղել:-Ի՞նչ է նշանակում` վերեւից, ինչի՞ համար: -Ընդհանրապես Հայաստանում ազատ խոսքը չի ընդունվում: Դա չի վերաբերում բանակին կամ ոստիկանությանը, ուղղակի ամբողջ Հայաստանում ազատ խոսքը չի ընդունվում, որովհետեւ ՀՀ-ում ընդունվում են կեղծ, պաթետիկ, շողոքորթ տերմիններ: Կեցցե՛ հզոր նախագահը, համայն հայության նախագահը, նախագահը միշտ փայլուն ելույթներ է ունենում, վարչապետը ճիշտ է ղեկավարում, բոլորը լավն են: Ազատ արտահայտվելը չի խրախուսվում եւ պատժվում է:-Որպես նախկին զինվորական` ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է մեր բանակն այդքան խոցելի: Բոլորը շարունակ դժգոհում են հայոց բանակից: -Ես երկար տարիներ եմ ծառայել բանակում եւ բոլոր պաշտոններով բանակում անցել եմ. վաշտի հրամանատար եւ գումարտակի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, անցել եմ բոլոր էտապներն ու գրեթե բոլոր նախարարների հետ: Բանակի մասին այսօր հասարակության մոտ բացասական կարծիք ձեւավորելը ես ընդունում եմ որպես ազգի դավաճանություն: Այսօր մեր բանակը հզոր է, քանի որ մեր բանակն իր դիրքերը ոչ մի առումով չի զիջել, թշնամին մեր բանակի նկատմամբ ոչ մի հաղթանակ չի տոնել: Եւ այսօր բանակը ներկայացնել այսքան մուգ եւ դաժան գույներով` ես համարում եմ բանակի թուլացմանը միտված քայլ: Ինչո՞ւ: Պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի բանակ երբեք չի հաղթում կամ պարտվում, պարտվում կամ հաղթում են այն ժողովուրդները, որոնք տեր են այդ բանակին: -Բայց բանակում կատարվում են հանցագործություններ, որոնք չեն բացահայտվում, ու ստեղծվում է անպատժելիության մթնոլորտ: Դրա համար էլ մարդիկ պահանջում են նախարարի հրաժարականը:-Եթե այսօր կանգնում եւ քննադատում են բանակը, ինչ-որ հասարակական կազմակերպություններ պահանջում են նախարարի կամ ինչ-որ մի գեներալի հրաժարականը, դա աբսուրդ է: Աշխարհում չկա բանակ, որտեղ զինվորների հարաբերությունները դրական լինեն: Մեր բանակն այն եզակի բանակներից է, որի անձնակազմի 70-80 տոկոսը մարտական հերթապահություն է իրականացնում: Ցավալի դեպքեր լինում եմ, բայց այդ ամենում մեղավոր կամ դավաճան հայտարարել նախարարին կամ փոխնախարարին, ես դա համարում են մեծագույն կատակերգություն, ուրիշ ոչ մի բառ ես չեմ կարող ասել: Ներեցե՛ք, իսկ ո՞վ է պահանջում Սեյրան Օհանյանի կամ Յուրի Խաչատուրովի հրաժարականը. հասարակական կազմակերպության ղեկավա՞րը, որը բանակում ընդհանրապես չի ծառայել, եւ որը չի հասկանում բանակային խնդիրներից: Իսկ ո՞ւր էին այդ պահանջողները, երբ Սեյրան Օհանյանը երկիր էր պաշտպանում, երբ Խաչատուրովը ստեղծում էր սահմանամերձ զորքեր, ունենք փայլուն գեներալներ` Մանվել Գրիգորյան, Հայկազ Բաղմանյան, Յուրի, Միշա Գրիգորյաններ, իրենք են ստեղծել այս բանակը: Ինչո՞ւ այդ նույն մարդիկ չեն քննադատում այսօր գյուղերի դատարկման հեղինակին՝ տեղական ինքնակառավարման նախարարության Արմեն Գեւորգյանին, որի պարտականությունը դա է, ոչ ոք դրա մասին չի խոսում… Ես` որպես արցախյան ազատամարտի մասնակից, կարծում եմ, որ մենք պետք է մեր հաղթանակի տերը լինենք, եւ դա պետք է շարունակաբար լինի:-Վերջերս տեղեկություն տարածվեց, որ պատրաստվում եք առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ձեր թեկնածությունն առաջադրել: Ինչո՞ւ եք ուզում պատգամավոր դառնալ:-Ես ծնունդով Սիսիանից եմ, իմ ծննդավայրի ընտրատարածքում եմ աշխատելու: Ես վճռական եմ տրամադրված: Եթե որոշեմ կադրերի բաժնից դուրս գալ եւ իմ թեկնածությունը դնել, ուրեմն կպայքարեմ: Մի խոսքով, ժամանակը ցույց կտա: Ոչ ոք առանց հաջողության ակնկալիքի չի սկսում քաղաքական պայքար, այլ բան է` նա հաղթում է, թե պարտվում: Ինձ համար ցավ է, որ ես շրջում եմ ինձ հարազատ գյուղերում եւ տեսնում եմ` դռները մեխված են: Արդեն գյուղերի քանի տոկոսն արտագաղթել է: Սա ազգային ողբերգություն է:Հ.Գ. Վոլոդյա Հովհաննիսյանն այժմ ոստիկանության կադրային ռեզերվում է: Նա եղել է Վազգեն Սարգսյանի օգնականը, արեւելյան զորքերի հետախուզության պետը, երկրորդ բրիգադի հետախուզության պետը, 4-րդ եւ 1-ին բանակային կորպուսների հրամանատարի տեղակալը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի փոխտնօրենը: Նրան ՀՀ բոլոր երեք նախագահները ոչ միայն նշանակել, այլեւ ազատել են հայոց բանակից:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս