ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ զինված ուժերն արդիականացնելու գործում. Շոյգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պատրաստ է աջակցել հայկական զինված ուժերին արդիականացման և բարեփոխումների հարցերում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում ողջունելով ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին:

«Մենք շատ ենք կարևորում ռազմական ոլորտում մեր համագործակցության զարգացումն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Առաջադրանքը հեշտ չէ, սակայն, կարծում եմ, որ ձեր փորձով դա իրագործելի կլինի», – ասել է Շոյգուն:

ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՀՀ տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան, որը լավ հագեցած է և հանդիսանում է անվտանգության երաշխավոր:

«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում, և մենք չափազանց շահագրգռված ենք այս տարածաշրջանում կայունության պահպանմամբ», – հավելել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Շոյգուն նաև շնորհավորել է Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ դա տեղի է ունեցել «դժվարին ժամանակաշրջանում, երբ երկրի պաշտպանական ոլորտը բարեփոխելու բարդ խնդիրներ կան»:

Իր հերթին, Կարապետյանը երախտագիտություն է հայտնել Շոյգուին՝ Հայաստանի զինված ուժերի մարտունակության վերականգնման, զորքերի վերազինման և վերապատրաստմանն օժանդակելու պատրաստակամության համար: Կարապետյանն ընդգծել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում իր առաջին օտարերկրյա այցը կատարում է հենց Ռուսաստան, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է:

«Ռուսաստանը միակ պետությունն է, որն իսկապես շոշափելի արդյունք է ցույց տալիս հայ ժողովրդի անվտանգության համար և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջապես Հայաստանի սահմաններին: Մենք պատրաստ ենք շատ սերտ և արդյունավետ համագործակցության», – ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:




Լրահոս