Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դարձյալ իրավապահ համակարգի տեսադաշտում է. երեկ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել պետական կամ համայնքային բազմաթիվ գույքեր հանցավոր չարաշահումներով օտարելու համար: Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Վարդան Ղուկասյանի հետ:
«Եթե Ղուկասյան Վարդանին մեղադրում են նրա համար, որ Ղուկասյան Վարդանը տվել է տարածքներ, որ մարդիկ բնակարաններ կառուցեն եւ դրա համար ինձ պետք է մեղադրեն, ես պատրաստ եմ այդ մեղադրանքը ընդունելու, դա ապաշխարհություն կլինի վերին Երուսաղեմում: իսկ ինչ մնում է գումարային առումով կամ ինչ որ մի բան, դա ինձանից շատ հեռու բան է, ես այս քաղաքի ունեցվածքը այնպես եմ պահել, այնպես եմ արել, որ Հայաստանում 100 մլրդ դրամի մասնավորը շինարարություն է արել իմ ժամանակահատվածում, դուք հասկանո՞ւմ եք դա ինչ թիվ է: Այդ տարածողները ինձ պետք է աշխատանքային հերոսի կոչում տան…»,-նկատեց Ղուկասյանը:
Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2001-2011 թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բազմաթիվ հողատարածքներ: Ըստ դատախազության` Ղուկասյանը որոշ դեպքերում անձամբ է մասնակցել հողամասերի օտարման աճուրդներին և ճանաչվել հաղթող: Սակայն ինքը՝ Ղուկասյանը դատախազության հայտարարությունը համարում է հեքիաթ:
«Հերթական հեքիաթները, հերթական շոուները, հերթական բեմականացումը: Եթե ինձ որեւիցե բանում մեղադրեն, ապա՝ ոչ մի բան չանելու համար: Ուղղակի քաղաքական պատվեր է իջեցված եւ իմ հայացքները համահունչ չի քայլել էսօրվա ու նախկին իշխանության հետ, ազգի շահերն է պաշտպանել, ժողովրդի շահերն է պաշտպանել այդ մարդուն պիտի անպայման դատենք կամ վտարենք ՀՀ-ից, որը հիմա արվում է:
Բացի այս, դատախազությունից փոխանցում են, որ Գյումրու նախկին քաղաքապետն օտարել է նույնիսկ պատմամշակութային արժեք ունեցող շինություն։
Վարդան Ղուկասյանի խոսքով սա քաղաքական հետապնդում է: Բացի այս, ըստ Ղուկասյանի՝ այսօրվա իշխանությունն անհանգստացած է, քանի որ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Վարդան Ղուկասյանը հնարավոր է հոկտեմբերին կայանալիք Գյումրու քաղաքապետի ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը:
Սյունէ Համբարձումյան