«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՄԻՊ Արման Թաթոյանին 4 օր առաջ Կասյան եւ Գյուլբեկյան փողոցների բնակելի շենքերի բակում իր ամուսնու ավտոմեքենայի հրկիզման դեպքի առթիվ՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ իրավապահ մարմինները տեղի ունեցած ահաբեկչական ակտի վերաբերյալ մանրակրկիտ քննություն անցկացնելուն ուղղված (քրեական գործ հարուցելը եւ համալիր փորձաքննություն իրականացնելը) քայլեր չեն կատարել:
Դիմումի մեջ ասվում է. «2021 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 3:30 սահմաններում, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում` Բարեկամության մետրոյի հարեւանությամբ՝ շուրջ 500 մետր՝ Կասյան եւ Գյուլբեկյան փողոցների բնակելի շենքերի բակում՝՝ Երեւանի Արաբկիր համայնքը բնական գազ ապահովող գազատար խողովակի անմիջապես կողքին, տեղի է ունեցել ահաբեկչական ակտ` կայանված ավտոմեքենայի պայթյուն եւ հրկիզում: Դիզելային շարժիչով աշխատող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի առաջին հատվածը գրեթե մոխրացել է: Ավտոմեքենան պատկանում է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան, նախկին ՀՀ ԱԺ պատգամավոր եւ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանի ամուսնուն` բժիշկ Սուրեն Դրամփյանին: Դեպքը տեղի է ունեցել Զարուհի Փոստանջյանի տան բակում: Պայթյունից եւ հրդեհից անցել է շուրջ 100 ժամ (4 օր), սակայն Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավապահ մարմինների, իր առաջնային պարտականությունը՝ մասնավորապես տեղի ունեցած ահաբեկչական ակտի վերաբերյալ մանրակրկիտ քննություն անցկացնելուն ուղղված (քրեական գործ հարուցելը եւ համալիր փորձաքննություն իրականացնելը), չի կատարել:
Մոխրացած ավտոմեքենան եւ նրա կողքին կայանված մեկ այլ ավտոմեքենա, որի հետնամասը նույնպես այրվել է ահաբեկչական ակտի պատճառով, ոստիկանության պահանջով շարունակում է գտնվել դեպքի վայրում:
Ահաբեկչական ակտի հետեւանքով պատճառվել են բարոյական եւ նյութական վնասներ: Սակայն իրավապահ մարմինները, ըստ պետության կողմից ճանաչված համապատասխան ընթացակարգերի, տուժողներին դատավարական կարգավիճակ չեն տվել եւ չեն տրամադրվել նրանց պաշտպանության միջոցներ։ Համադրելով փաստերը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունը իր պարտականությունը ահաբեկչության դեմ պայքարում ոչ միայն չի կատարում, այլեւ դրսեւորելով անգործություն` ըստ էության հովանավորում է ահաբեկչությունը՝ առաջացնելով հասարակության շրջանում վախի եւ անհանգստության մթնոլորտ ներկայի եւ ապագայի, իրավունքների եւ ազատությունների պաշտպանվածության համար, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:
Երեւանի բնակելի մասում հատուկ վտանգ ներկայացնող պայթեցնող եւ հրկիզող նյութերի (զենքի) կիրառմամբ իրականացված ահաբեկչական ակտի վերաբերյալ քննություն չիրականացնելը պետության պարտականություններից հրաժարում է: Կարող ենք փաստել, որ Երեւանում բնակվող եւ աշխատող քաղաքական եւ հասարակական գործիչները դարձել են ահաբեկչության թիրախ»։
ԷՋՄԻԱԾՆԵՑԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում շարունակվում է Էջմիածին քաղաքում գործող «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մասնավորապես, 2021թ. հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի 52-ամյա բնակիչը մուտք էր գործել «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութ, հետեւից ծածկել խանութի մուտքի մետաղյա դուռը եւ վաճառողուհու նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ դանակով եւ ձեռքերով հարվածներ էր հասցրել վերջինիս գլխի եւ դեմքի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարաբնույթ մարմնական վնասվածքներ, որից հետո խանութի դրամարկղից վերցրել էր գումար եւ դիմել փախուստի՝ իր հետ վերցնելով նաեւ աշխատակցուհու բջջային հեռախոսը: Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Էջմիածնի 52-ամյա բնակչին որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է
Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. մայիսի 31-ի որոշմամբ բավարարել էր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի դիմումը, որի դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը բերել էր վերաքննիչ բողոք: Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ նախքան Ռուբեն Վարդազարյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելը Դատախազությունը պետք է դիմեր ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ եւ ստանար վերջինիս համաձայնությունը: Եվ այնքանով, որքանով չէր դիմել, ըստ Առաջին ատյանի դատարանի, թույլ է տվել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների խախտում: ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի հիմնական բովանդակությունը հանգում էր նրան, որ կոնկրետ տվյալ քրեական գործի համատեքստում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունն ստանալու, այսինքն՝ Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգ չէր կարող կիրառվել: Քննարկելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ ՀՀ վերաքննիչ դատարանն իր հրապարակած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է այն եւ բեկանել ՀՀ առաջին ատյանի դատարանի որոշումը:
ԿԱՇԱՌՔ՝ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻՑ
Բացահայտվել են Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից կաշառք ստանալու եւ պաշտոնեական այլ հանցագործություններ կատարելու դեպքեր: ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1999 թվականից մինչ 2021 թվականի հուլիսն Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը ՀՀ-ում գրանցված ՍՊ ընկերություններից մեկի սեփականատերերի եւ նրանց ներկայացուցիչների օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ համայնքին պատկանող վարելահողերի մի մասը որպես արոտավայրեր ներկայացնելու, դրանք իր կողմից կազմակերպված ձեւական աճուրդների միջոցով տվյալ ընկերությանը վաճառելու համար 2017 թվականի մարտ-հուլիս ամիսներին կայացնելով միանձնյա որոշումներ՝ կեղծ փաստաթղթերի միջոցով կազմակերպել է ձեւական աճուրդներ, որի արդյունքում Արտաշավան համայնքի սեփականությունը հանդիսացող շուրջ 67 հեկտար ընդհանուր մակերեսով վարելահողերի մի մասը որպես արոտավայրեր օտարել է նշված ընկերությանը, որի դիմաց ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 67.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի բնակիչներից մեկին հանձնված 0.1533 հեկտարհողատարածքըկեղծ փաստաթղթերի միջոցով, ձեւական աճուրդ-վաճառքով 2020 թվականի ապրիլի 17-ին օտարել է իր ազգականին, որպիսի դիտավորյալ գործողությունների արդյունքում համայնքի բնակիչը զրկվել է իր տիրապետմանը հանձնված գույքը տիրապետելու եւ օգտագործելու հնարավորությունից: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՕՐԵՐ
Հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 արձակուրդների օրերը։ Այս տարի ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում կսկսվեն սեպտեմբերի 1-ին, կավարտվեն 2022թ. մայիսի 27-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա եւ մայիսի 30-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Այսպիսով, ապահովվում է առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ, եւ 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ, եւ գարնանայինը՝ 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:
3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 9-ը ներառյալ, գարնանային՝ 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ: