Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում բրոնզե մեդալ նվաճած Հովհաննես Բաչկովն (63 կգ) ամփոփել է իր ելույթը Տոկիո-2020-ում: «Ավարտվեցին Օլիմպիական խաղերը, վերադառնում եմ բրոնզե մեդալով։ Այս երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարեւոր մրցաշարերից մեդալ նվաճել՝ Եվրոպայից, աշխարհից եւ Օլիմպիական խաղերից։ Միայն Օլիմպիական մեդալ չունեի ու կարողացա համալրել իմ հավաքածուն։ Չկարողացա կրկնել Վլադիմիր Ենգիբարյանի հաջողությունը՝ դառնալ օլիմպիական չեմպիոն, բայց այս մեդալով դարձա Հայաստանի պատմության մեջ ներկայիս միակ բռնցքամարտիկը, ով նվաճել է բոլոր մեծ մրցաշարերի մեդալնները։ Իմ այս հաղթանակներով ես կարողացա օրինակ դառնալ նոր սերնդի բռնցքամարտիկներին եւ նրանց ցույց եմ տվել ճիշտ ճանապարհի ուղին։ Եթե Աստված կամենա, դեռ շատ երկար կփորձեմ ուրախացնել իմ հաղթանակներով։ Շնորհակալ եմ բոլորիցդ, սիրում եմ քեզ, իմ հա՛յ ազգ։ Շնորհակալ եմ իմ թիմից, ովքեր լավագույնն են իրենց գործում»,-նշել է նա: Հիշեցնենք, որ 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկն օգոստոսի 6-ին տեղի ունեցած կիսաեզրափակիչում մրցել էր 22-ամյա ամերիկացի Քեյշոուն Դեւիսի հետ եւ պարտվել միավորներով (0:5):
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ
Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի հանդիպման լավագույն խաղացող: Այդ խաղում դինամոյականները տնային հաղթանակ են տարել 2:1 հաշվով, իսկ Ռուսաստանի ազգային հավաքականի նորեկը մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում նա ստացել է դեղին քարտ: Հանդիպումից առաջ հայ ֆուտբոլիստը ստացել է նաեւ «Դինամոյի»՝ նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության նոր մրցաշրջանում Արսեն Զախարյանը երկրորդ անգամ է ճանաչվում խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Ռուսաստանի նախորդ առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել էր 13 հանդիպման, դարձել 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Քվեարկության արդյունքում նա ճանաչվել էր «Դինամոյի» լավագույն ֆուտբոլիստ 2020/21թթ. մրցաշրջանում: Ավելի վաղ հայ ֆուտբոլիստն ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում, սակայն դուրս մնաց Եվրո-2020-ի հայտացուցակից: