ԿՈՇՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՊԿ-Ի ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական սահմանային բախումները սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ ՀԱՊԿ-ի համար։ Երեկ լրագրողների հետ զրույցում նման կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ միեւնույն ժամանակ խուսափելով նաեւ հասցեական մեղադրել Ադրբեջանին մայիսի 12-ից սկսած Հայաստանի սահմանը խախտելու եւ տարածքը գնդակոծելու համար։ Նկատենք՝ այդ օրվանից մինչ օրս հասցեական հայտարարություն Զասի կողմից այդպես էլ չէր հնչել, եւ կառույցը փաստացի անգործություն դրսեւորեց՝ խուսափելով անգամ քննադատական հայտարարություն ընդունել Ադրբեջանի հասցեին։ Եվ այս ֆոնին ուշագրավ է այն ընդունելությունը, որին նա արժանացավ Երեւանում։ Մասնավորապես, նա հստակ քննադատության արժանացավ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի կողմից.«Մենք ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձեւավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը երկու ուղղությամբ ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք որեւէ պարագայում չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միեւնույն ժամանակ մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները», – նշել էր Կարապետյանը։ Այստեղ նաեւ ուշագրավ է այն հանգամանքը, որ վերջին օրերին՝ հուլիսի 27-ին Մոսկվա կատարած այցից հետո, Կարապետյանի հռետորաբանությունը սաստկացել է։ Ավելին, նա Զասի հետ հանդիպումից հետո կրկին շտապել է Մոսկվա։ Այնուամենայնիվ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որ օրեր առաջ սահմանափակվում էր չափազանց չեզոք որակումներով, արդեն փորձեց որոշ հայտարարություններ անել՝ գոնե ընդունելով, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը: Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ հայկական կողմը ամեն հարղ համաձայնեցնում է ռուսական կողմի հետ։ «Տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ը փորձում է արձագանքել եւ սպասում է քաղաքական գործընթացի մեկնարկին։ Հասկանալի է, որ Հայաստանը փորձում է իր անվտանգության ամրապնդման գործում ներգրավել թե՛ Ռուսաստանին, թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ հնարավոր այլ երկրների։ Կարծում եմ` առաջիկայում այլ զարգացումներ եւս կարող են լինել »,- նկատեց նա։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներսում այս օրերին քննարկվում է այն հարցը, որ իշխանական խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնվել է լուսանցքում: Բանն այն է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է ղեկավարեր Թունյանը, բայց ընդդիմությունն այն վերցրել է իր ձեռքը: Մեր աղբյուրները նշում են, որ ներքին պայմանավորվածություն է եղել, որ եթե Թունյանի հանձնաժողովը «վերցնեն», ապա վերջինս կղեկավարի ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, սակայն օգոստոսի 6-ին ԱԺ ՔՊ խմբակցությունը անակնկալ նիստ է արել ու կրկին որոշել են հանձնաժողովի նախագահ ընտրել, որտեղ առաջադրվել է նաեւ Բաբկեն Թունյանը, բայց ընտրել են Սիսակ Գաբրիելյանին: Խմբակցության մեր աղբյուրները նշում են, որ այդ ամենի ստվերային կազմակերպիչը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է եղել, որը իր ՀԿ սեկտորի նախկին ներկայացուցիչներին հորդորում է ընտրել Սիսակ Գաբրիելյանին, ինչի հետեւանքով Թունյանը հայտնվել է լուսանցքում: Ու հիմա խմբակցության ներսում քննարկում են, որ Թունյանն արժանի չէ, որ շարքային պատգամավորի կարգավիճակում մնա, ու ելքեր են փնտրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցը հասցնելու ու լուծում տալու համար:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը տարիներ շարունակ Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահին հատկացված 077 TT 01 պետական մեքենան օգտագործում է եւ, դեռ ավելին, պետական միջոցներից տրամադրված բենզինն է օգտագործում, ինչի իրավունքը չունի։ Վերջինս վաղուց Գեղարքունիքի դատարանի նախագահը չէ, եւ ԲԴԽ անդամին էլ պետական մեքենա կամ բենզին չի հասնում, որ օգտագործի: Դիմեցինք Սերգեյ Չիչոյանին՝ պարզելու՝ արդյոք պաշտոնեական դիրքի չարաշահում չէ ու պետական միջոցների վատնում չէ իր քայլը, եւ, առհասարակ, սա չէ արդյոք պատճառը, որ այս բացահայտումը չհանրայնացնելու համար ԲԴԽ նախագահի աթոռը զբաղեցնող Գագիկ Ջգհանգիրյանը Չիչոյանին տարավ իր դաշտ՝ հանելով Ռուբեն Վարդազարյանի դեմ: Ի պատասխան՝ վերջինս ասաց. «Մեքենաները սպասարկում են ոչ թե դատարանների նախագահին, այլ դատարանին, եւ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ օրակարգային նիստերի օրերին  ԲԴԽ անդամները կարող էին օգտվել այդ մեքենաներից:  Այսկերպ խնայվում են նաեւ պետական միջոցները՝ գործուղման ծախսերը, որոնք երբեւէ չեմ ստացել: Հետեւաբար պաշտոնեական դիրքի չարաշահման մասին խոսելը ավելորդ է: Եւ վերջում՝ իմ բարեկամական հորդորը դատավոր Ռուբեն Վարդազարյանին՝ ուշադիր լինել դատավորի վարքագծի կանոններին»։

 

 

Հայաստանում անասնաբուծության ոլորտում Վիճակագրական կոմիտեն մտահոգիչ ցուցանիշներ է արձանագրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 160 մլրդ 643 մլն 800 հազար դրամ, ինչը, 2020-ի համեմատ, նվազել է 1.4 տոկոսով: Այլ կերպ ասած` այս տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակը զգալի պակասեցրել են: Ավելին, մասնագետների խոսքերով՝ այս տարվա ընթացքում անասնաբուծության ոլորտում անկում դեռ կգրանցվի, քանի որ ֆերմերներն անասնակերի լուրջ խնդիր ունեն: Այն ոչ միայն թանկ է, այլեւ չկա, եւ ֆերմերները ստիպված են լինելու մորթել իրենց անասուններին: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա 6 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 297 մլրդ 779 մլն դրամ, ինչը, 2020-ի համեմատ, ավելացել է 6.5 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 117 մլրդ 350 մլն դրամ, այն 2020 թվականի ցուցանիշից ավելացել է 22.1 տոկոսով:

 




Լրահոս