Դերասանը պետք է լինի մի քիչ «երես առած». Աշոտ-Տեր Մաթևոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել են «Նոր Հայաստան» հեռուստաալիքով հեռարձակվող «Սիրո թեւեր» հեռուստասերիալի նկարահանումները: ArmLur.am-ը նախագծի ավարտի,  որպես ռեժիսոր հանդես գալու մասին զրուցել է դերասան, ռեժիսոր Աշոտ-Տեր Մաթեւոսյանի հետ, ով բացի հեռուստասերիալում խաղալուց հանդես է եկել նախագծում, որպես բեմադրող-ռեժիսոր:

« «Սիրո թեւեր» նախագծում հանդիսացել եմ որպես բեմադրող ռեժիսոր, նկարահանել եմ լիապես առաջին 20-25 սերիաները, իսկ հետո միջամտել եմ  հիմնականում մասսայական բարդ տեսարանների նկարահանմանը, քանի որ զբաղվածությունս շատ-շատ էր, պատրաստի սերիաների դիտումը եւ շտկումը եւս իրականացնում էի ես մոնտաժողի հետ միասին, իսկ ընթացիկ նկարահանումներն իրականացնում էր մեր երկրորդ ռեժիսորը՝ Արսեն Թովմասյանը, ով շատ օգնել է ինձ»,-նշում է մեր զրուցակիցը, հավելելով, որ առաջին անգամ չէ, որ նա  հանդես է գալիս որպես ռեժիսոր, «Սիրո թեւեր» հեռուստասերիալը նրա երրորդ նախագիծն է, ՝ «Քեզ հետ ու առանց քեզ», «Արմատներ» հեռուստանախագծերից հետո: Դերասանն, օգտվելով առիթից, առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում այս երեք նախագծերի գլխավոր պրոդյուսեր Ռոբերտ Օղլախչյանին:

Հարցին՝ հնարավո՞ր է մի օր դերասանի մասնագիտությունը փոխարինեք ռեժիսորի մասնագիտությամբ, Աշոտը Տեր-Մաթեւոսյանն ընդգծեց է. «Հետաքրքիր հարց եք տալիս, անկեղծ ասած դեռ չգիտեմ, բայց հնարավոր է գա մի օր՝ հասկանամ, որ այլեւս որպես դերասան տալու բան չունեմ, եւ ժամանակն է, որ զբաղվեմ միայն ռեժիսորի աշխատանքով, բայց դեռ ես ինձ սպառված չեմ համարում»:

Աշոտ Տեր-Մաթեւոսյանը ռեժիսորական կրթություն չունի, բայց Թատերական ինստիտուտում սովորելը մեծ դեր է ունեցել նրա կյանքում: Դերասանի խոսքով՝ ռեժիսորական կրթությունն իր մեջ սերմանել է ուսանողական տարիներին նրա վարպետը՝ ռեժիսոր Արմեն Մազմանյանը:

«Արմեն Մազմանյանը ե՛ւ դերասանի հմտություն է տվել , ե՛ւ ռեժիսորի: Ինքս սովորել եմ կողքի աչքով, երբ տեսել եմ, թե ինչպես է բեմադրում նա, ինչ շեշտադրումներ է անում: Ես ի սկզբանե նպատակ էլ չեմ ունեցել ռեժիսորի գործունեությամբ զբաղվել, բայց երբ եղավ առաջարկ, մտածեցի չհրաժարվել եւ փորձել, եւ պարզվեց ես ռեժիսորի հմտությունները կողքից նայելով կլանել եմ իմ մեջ, եւ առաջարկից հետո մոտ մեկ շաբաթ մտածեցի եւ հասկացա, որ կարող եմ, եւ Փառք Աստծո, դեռ ոչ մի նախագծում խնդիր չի եղել, բացի աճից»,-նկատում է նա:

Դերասանը մեզ հետ զրույցում կատակում է, թե նկարահանման հրապարակում «անտանելի» երեւույթ է դառնում, նույնիսկ նկարահանումների ընթացքում առաջանում է փոքրիկ կոնֆլիկտայի  իրավիճակներ. «Ես սիրում եմ, որ նկարահանման հապարակում ամեն բան լինի ճիշտ, բոլորը լինեն պատրաստ, եւ դերասանները ժամանակին լինեն նկարահանման հրապարակում: Օրինակ՝ առաջին նախագծում անգամ, թեթեւ խնդիրներ են եղել Սոֆյայի հետ. Սովորաբար դերասանները սիրում են հումորներ, երկար ընդմիջումներ անել, սուրճը երկար վայելել, իսկ ես ցանկանում եմ, որ ժամանակն օգտագործվի ռացիոնալ, մոռանալով, որ երբ նկարահանման հրապարակ եմ մտնում որպես դերասան, ես էլ եմ սիրում սուրճը երկար վայելել եւ ծխել, իսկ վերջին շրջանում ես եւ դերասանական խումբը զիջումների գնալով ամեն ինչ հարթել ենք եւ հասկացել եմ, որ պետք է դերասանին մի քիչ ազատ թողնել: Դերասանը պետք է լինի մի քիչ «երես առած»»:

Հարցին՝ հեռուստասերիալներում հիմնականում Դուք Ձեր կնոջ, դերասանուհի Սոֆյա Պողոսյանի հետ եք հանդես գալիս, հատակպես սիրային կերպարներում, արդյոք կա՞ միտում, որ պարտադիր պետք է միասին հանդես գաք:

«Չէ, նման բան չկա, կարող է անգամ հաջորդ նախագծում ես չլինեմ, կամ լինենք, բայց երկրորդական կերպարում: Նման միտում, որ պետք է միշտ միասին լինենք կամ գլխավոր կերպարում հանդես գանք, նման բան չկա: Ավելին ասեմ՝ երկար ժամանակ զույգ չենք լինի, որոշ ժամանակով կդադարեցնենք, հետո հնարավոր է ՝ նորից որպես զույգ հանդես գանք: Իսկ գլխավոր դերերում խաղալու հատուկ միտում չունեմ:

Իսկ առաջիկա նորությունների նախագծերի մասին դերասանն ընդգծում է, որ հիմա նրանց հանգիստ է հարկավոր, որից հետո նոր կսկսեն նոր ստեղծագործական աշխատանքներ ծավալել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս