ՖՈՏՈ. Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները՝ անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մկրտումյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (գ. Թաիրով) անցկացված ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝ խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը չեն ունեցել հարթ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող մակերես, ինչի արդյունքում չի կանխարգելվում կեղտի կուտակումն ու բորբոսների աճը, խոհանոցի գույքը՝ սեղանները, աթոռները, փակվող կափարիչներով աղբամանները, կաթսաները, դարակաշարերը, հնամաշ են, պատշաճ չեն կարող մաքրվել և ախտահանվել, ուստի ենթակա են փոխարինման:

Բացի այդ՝ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, ինչպես նաև՝ այս կազմակերպության սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերցման համար սահմանվել է ժամկետ:




Լրահոս