Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից 16,9 միլիոն դրամ կփոխհատուցի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին` չվճարված հավելավճարի դիմաց։ Այսինքն, իշխանությունների սխալի պատճառով տուժում է պետությունը եւ հենց պետական բյուջեից է նման գումարներ փոխանցվելու:
Հիշեցնենք, որ արդարադատության արդեն նախկին նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների արդյունքով իշխանությունը ՍԴ դատավորներից փորձում էր ազատվել եւ 2020 թվականին ԱԺ-ի կողմից կատարված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանն ազատվել էին ՍԴ դատավորրի պաշտոններից, իսկ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի պաշտոնից:
Իր իրավունքների պաշտպանության համար Ալվինա Գյուլումյանը դիմել էր դատարան։ Եվ ՀՀ վճռաբեկ դատարանը վերջերս մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի վճռաբեկ բողոքը և պարտավորեցրել ՍԴ աշխատակազմի ղեկավարին` Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից մինչև 26.06.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 601 հազար դրամի չափով` ընդհանուր 16.9 մլն դրամ:
Եվ ահա, ՀՀ պետական բյուջեով ՀՀ սահմանադրական դատարանին հատկացված միջոցների հաշվին նշված գումարի վճարումը կատարելու անհնարինության պատճառով, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը դիմել է ՀՀ վարչապետին` նշված գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնելու նպատակով:
Ավելի ուշ Արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ մատնանշած օրենքն ընդունվել է 2019 թվականի դեկտեմբերին, իսկ Ալվինա Գյուլումյանի հայցը ներկայացվել է 2018 թվականի սեպտեմբերի 7-ին, փոխհատուցումն էլ տրամադրվել է 09․04․2018թ-ից մինչև 26․06․2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար ու այն վերաբերվել է Ալվինա Գյուլումյանի՝ ՄԻԵԴ-ում դատավոր աշխատած տարիները ներպետական դատավորի փորձ հաշվի առնելուն։
Մանրամասները՝ տեսանյութում։