Երեւանում շուտով գարեջրի օրեր են. «Գարեջրի Օրեր 2021» միջոցառումն իրականացվելու է օգոստոսի 14-ին և 15-ին, ժամը 17։00-ից մինչև 23։00-ն, Զաքյան փողոցի` Մ. Խորենացուց մինչև Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկներն ընկած հատվածում։
«ԷվենտՏուրա» ընկերությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ միջոցառման տարածքում որպես մասնակից կլինեն մոտ 10-15 գարեջրագործներ և նույնքան էլ սնունդ ներկայացնող ընկերություններ։ «Ցանկանում ենք նշել, որ «ԷվենտՏուրա» ընկերությունը, հաշվի առնելով «Երևանի Գինու Օրեր 2021»-ի հիմք դրված նոր համագործակցության տեսակը՝ զինվորի առողջության վերականգման կամ կրթության հարցերով զբաղվող բարեգործական կազմկակերպություների ներկայությունը փառատոնային ոճի միջոցառումներին։ «Գարեջրի Օրեր»-ին նույնպես տրամադրում ենք անվճար տաղավարներ և հրավիրում այդպիսի ընկերություններին ներկայացնել իրենց գործունեությունը, իրականացնել դրամահավաք-ակցիաներ։ Կարևոր է նշել, որ մեր միջոցառումներին ներկա են լինում հիմնականում վճարունակ քաղաքացիներ և զբոսաշրջիկներ։ Այս պահին արդեն կան ներգրավված բարեգործական ընկերություններ, սակայն եթե ցանկացողներ լինեն մենք դեռ կարող ենք տրամադրել տաղավարներ»,- ArmLur.am-ին փոխանցեց ընկերության մեդիայի հետ կապերի պատասխանատու Քրիստինե Սարգսյանը։
Երևանի գարեջրի միջոցառման նպատակն է հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի տեսականին, ավանդույթները և զարգացնել իրադարձային զբոսաշրջությունը։ Իսկ «ԷվենտՏուրա» ընկերության գործունեությունն ուղղված է Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը և կարևոր նպատակներից է ստեղծել զբոսաշրջային պրոդուկտ, որի միջոցով աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկները կդարձնեն Հայաստանն իրենց սիրելի մեկնուղիներից։ «Հայաստանի նման փոքր երկրի համար շատ կարևոր է ստեղծել և խթանել իրադարձային զբոսաշրջության զարգացմանն ուղղված պրոդուկտներ։ Ինչքան շատ լինեն նման փառատոնային ոճի միջոցառումներ, այդքան զբոսաշրջային սեզոնը կլինի բազմաժանր և երկար։ Դե իսկ «Գարեջրի Օրեր» միջոցառման հիմնական նպատակն է ներկայացնել հայկական գարեջրի հնուց եկած ավանդույթները, բացահայտել շուկայում ի հայտ եկող նորույթները, ինչպես նաև տարածել խմիչքի հետ համապատասխան սննդի զուգակցման մշակույթը»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։
Կարևոր փաստ է նաև այն, որ գարեջրի փաթեթների պատյանները կարում է մի փոքր ընկերություն, որտեղ աշխատում են Արցախից տարհանված ընտանիքների կանայք։ Նրանք իրականացնում են ամբողջովին ձեռքի մանրակրկիտ աշխատանք՝ շատ գեղեցիկ կաշվե պատյաններ ստանալու համար։
Ըստ «ԷվենտՏուրա» ընկերության՝ զբոսաշրջության զարգացումը խթանում է տնտեսության այնպիսի ճյուղերի և ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են հյուրանոցային, ռեստորանային ոլորտները, տրանսպորտը, առևտուրը և հանդիսանում է տնտեսության վերակառուցման ամենահեռանկարային ուղղություններից մեկը. «Փառատոններն ու փառոտոնային ոճի միջոցառումներն էլ դառնում են այն հարթակը, որի միջոցով տուրիստական ընկերությունները կարողանում են բովանդակալից տուր-փաթեթներ կազմել և դեպի Հայաստան հրապուրել օտարերկրացիներին»:
Ի դեպ, այս միջոցառման շնորհիվ մասնակից ընկերությունները կարողանում են առերես հանդիպել իրենց սպառողներին և առաջին դեմքով ներկայացնել, պատմել իրենց ստեղծած արտադրանքի մասին, գրավել նոր սպառողներ՝ ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտասահմանյան: Ավելին, ի շնորհիվ միջոցառմանը այցելող զբոսաշրջիկների, մասնակից ընկերությունները կկարողանան գտնել նոր գործընկերներ եւ դառնալ ավելի ճանաչելի։