Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկ անձ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Սև ծովի ափամերձ Կաստամոնու նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկ անձ էլ Բարթինի նահանգից համարվում է անհետ կորած»,-նշված է հայտարարության մեջ։
Թուրքիայում Սև ծովի ափամերձ հատվածում գտնվող Սինոփ, Սամսուն, Բարթին, Կաստամոնու և Քարաբյուք նահանգներում օգոստոսի 10-ի երեկոյան սկսված առատ տեղումների հետևանքով ջրհեղեղ էր սկսվել։
Ջրհեղեղի պատճառով տարհանվել է Սինոփի հիվանդանոցներից մեկը։
Քարաբյուք նահանգում ջրհեղեղը կամուրջ է փլուզել, որի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հորդառատ անձրևի հետևանքով վնասվել է նաև Բարթին-Քարաբյուք նահանգներն իրար կապող ավտոճանապարհը։