«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ: Վերջինիս պնդմամբ՝ քանի դեռ հնարավոր է իրավիճակը հանգուցալուծել դիվանագիտական ճանապարհով, իշխանությունը գնալու է այդ ճանապարհով:
-Պարո՛ն Աղաջանյան, այս պահին ինչպե՞ս եք գնահատում սահմանային իրավիճակը:
-Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեզ համար որեւէ էսկալացիա ցանկալի չէ, եւ մեր հայտարարություններին համահունչ կարծում ենք, որ քանի դեռ հնարավոր է իրավիճակը հանգուցալուծել դիվանագիտական ճանապարհով. մենք գնալու ենք այդ ճանապարհով:
-Մինչեւ այս պահը մենք ավելի մեղմ չէի՞նք խոսում: Ինչո՞ւ ենք մինչեւ այս պահն եղել շատ ավելի մեղմ:
-Հռետորաբանության մասին չէ խոսքը, խոսքը բանակցությունների բովանդակության մասին է եւ այն դետալների, որոնք պետք է որեւէ պարագայում չվրիպեն ուշադրությունից: Վարչապետը Պաշպանության նախարարությունում ունեցած իր ելույթի ժամանակ հանգամանալից անդրադարձել է այս թեմային եւ նկրտոմներին ադրբեջանական կողմի, որոնք ստեղծում են այս խնդիրները: Մեր կողմից մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ նախ եւ առաջ պետք է իրագործվեն նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրից բխող գործողությունները, որից հետո հնարավորություն կլինի ընդհանուր իրավիճակն ու լարվածությունը նվազեցնել եւ գործընթացը տեղափոխել կառուցողական դաշտ: Մեզ համար առանցքային նշանակություն ունի գերիների օր առաջ վերադարձը հայրենիք, որը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության 7 կամ 8-րդ կետն է:
-Պարո՛ն Աղաջանյան, մեր կողմից արված հայտարարությունը կարո՞ղ է ավելի վատ հետեւանքներ ունենալ, քանի որ հայտարարվել էր, որ եթե մոտենան մեր սահմանին, կկրակենք, այլեւս չենք հանդուրժի: Կարո՞ղ են վատ հետեւանքներ առաջանալ, քանի որ ադրբեջանական կողմն ագրեսիվ է:
-Ես ընդհանրապես կարծում եմ, որ երկու կողմի հռետորաբանությունը կարեւոր է, բայց թերեւս պետք է ավելի ուշադիր լինել երկու կողմերին, մեր պարագայում՝ ադբեջանական կողմի հայտարարությունների բովանդակությանը, եւ եթե տողատակերով հեռահար նպատակներ կան, գուցե գուշակել կամ հասկանալ դրանց նպատակաները: Իսկ, մեր պատկերացմամբ, այն գործընթացը, համենայնդեպս մայիսի 12-ից սկսած, սահմանային այն իրավիճակը, որը հարուցվել է միայն ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունների արդյունքում, դրանք ունեն հեռահար նպատակ, այն է՝ առաջինը վիժեցնել ամսի 9-ի եւ 11-ի եռակողմ համաձայնությունների իրականացումը կամ երկարաձգել դրանք: Համենայնդեպս իրենց ցանկությունները այս պահի դրությամբ չեն համապատասխանում այն կետերին, որոնք արձանագրված են նշված հայտարարությունների մեջ:
Այս համատեսքում պետք է արձանագրվի, որ Հայաստանի որեւէ պարագայում միջանցքի տրամադրման հնարավորություն քննարկման ենթակա չէ եւ չի կարող լինել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ադրբեջանին նստեցնել բանակցային սեղանի շուրջ, որպեսզի իրականացվեն նաեւ եռակողմ համաձայնության կետերը, որոնք ստորագրվել են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից:
-Խմբակցությունը Ձեզ ընտրել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի թեկնածու: Մենք այս պահին արտաքին գործերի նախարար չունենք, ոլորտում խնդիրներ ունենք բազմաթիվ: Ինչի՞ց եք սկսելու: Ո՞ր կետից եք սկսելու աշխատել:
-Սպասե՛ք իմ ծրագրերին, կիմանաք: Ես բոլոր հարցերին կպատասխանեմ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Քաղաքական հայացքների համար պաշտոնատար անձինք շարունակում են հայտնվել մեղադրյալի աթոռին։ Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի փետրվարի 8-ին Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում անձի՝ ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, ՀՀ-ում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված, հասարակության մոտ առկա տրամադրությունները եւ սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, հրապարակային բողոքի ակցիայի մասնակից բազմաթիվ անձանց ներկայությամբ դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր: Վերջինիս սպասում է մեկ տարի ազատազրկում:
ՈՐԴԻՆ ՎԱԽԵՑՈՂ ՉԷ
«Պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանի շուրջ ձեւավորված քննարկումները վերածվեցին կենցաղային մակարդակի քննարկումների, որովհետեւ ինքն էությամբ այդպիսինն է եւ այդպես էր արձագանքում բոլոր հարցերին՝ ընդհատելով, միջամտելով, հեգնանքով»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը: «Հետաքրքիր էր Անդրանիկ Քոչարյանի պատասխանը իմ հնչեցրած այն հարցին, թե հանձնաժողովը ինչ աշխատանքներ է իրականացրել սահմանին խորհրդարանական վերահսկողության պայմաններում: Թվում էր, թե Քոչարյանի պատասխանը պետք է լինի այն, որ ձեւավորել են համապատասխան ծրագիր, արտագնա նիստ են կայացրել, այնինչ նա նշում է, որ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացրել Բաղրամյան փողոցում, եւ երբ ես պնդեցի պատասխանել իմ հարցին, նա սկսեց անդրադառնալ պատմությանը, իմ անցյալին, ընդ որում՝ սխալ տվյալներ ներկայացնելով: Քոչարյանը սխալվում է, որ ես 361-րդ գնդում եմ ծառայել: Հակառակը, այդ զորամասը այն տարիներին մեծ աջակցություն է ցուցաբերել Ստեփանակերտի եւ Արցախի բնակիչներին: Մենք մինչեւ հիմա բարեկամություն ենք անում այդ զորամասի զինծառայողների հետ, որոնց մեծ մասը ՌԴ-ում է ապրում: Այդ զորամասի դուրս բերվելուց հետո մեծ քանակությամբ զրահատեխնիկա է մնացել, որը ՊԲ-ի համալրման հիմք է հանդիսացել»:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԲԵՐՄԱՆ ԿԵՆԹԱՐԿԵՆ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։
Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալ Արմեն Գեւորգյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր եւ այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին։ «Իմ պաշտպանյալը նաեւ առաջադրվել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը սկսել է օգոստոսի 9-ից եւ դեռ ընթացքի մեջ է: Խնդրում եմ բացակայությունը համարել հարգելի»,- ասաց Ալեքսանյանը: Նա նաեւ նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցով: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, դիմելով դատարանին, ասաց, որ համաձայն է նիստը հետաձգելուն:
«Ունեմ նաեւ մեկ վերապահում. կա 1 միջնորդություն, որը գործընկերս է ներկայացրել՝ Սեդրակ Քոչարյանի իրավունքների հարցը քննարկելու համար: Կարծում եմ, որ պարոն Գեւորգյանի բացակայությունը չի խոչընդոտում այդ հարցը քննարկելուն, որովհետեւ առնչություն չունի իր շահերի եւ իրավունքների հետ»,- ասաց Խուդոյանը:
Ի պատասխան՝ դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ ամբաստանյալի բացակայությամբ դատարանը հնարավոր չի համարում որեւէ այլ հարցի քննարկում, բացի նրա բացակայության հետ կապված հարցերից:
«Նախորդ նիստի ժամանակ դատարանը չի արձանագրել Արմեն Գեւորգյանի անհարգելի բացակայության հանգամանքը՝ հաշվի առնելով, որ նոր ձեւավորված ԱԺ-ի առաջին նիստն էր: Հաշվի առնելով, որ նման վարքագիծը կրկնվում է, դատարանն այստեղ անբարեխղճություն է տեսնում Արմեն Գեւորգյանի կողմից: Դատարանը համարում է, որ Գեւորգյանը դատարան չի ներկայացել անհարգելի պատճառով:
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը դատարանին առաջարկեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Արմեն Գեւորգյանին: «Արմեն Գեւորգյանն ունի նոր կարգավիճակ, նա անձեռնմխելի է, եւ որեւէ հարկադրանքի միջոց, առանց ԱԺ-ի թույլտվության, չի կարող կիրառվել: Դատախազի նման որոշումը չի բխում քրեական դատավարության եւ Սահմանադրության պահանջներից»,- դատախազի նման առաջարկին հակադարձեց Էրիկ Ալեքսանյանը: Դանիբեկյանն ընդգծեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ Արմեն Գեւորգյանը նիստին չի ներկայացել անհարգելի պատճառով, անհրաժեշտ է միջոցներ կիրառել հաջորդ նիստին Գեւորգյանի ներկայությունն ապահովելու համար: «Դատարանն այդ պատճառաբանությամբ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով, որոշեց հաջորդ նիստին բերման ենթարկել Արմեն Գեւորգյանին»,- ասաց Դանիբեկյանը: Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցներից որեւէ մեկի, դատարանը հետաձգեց գործի քննությունը մինչեւ օգոստոսի 17-ը՝ ժամը 13:00-ն: