ՍԱՐԿՈԶԻԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցը, որն ավարտվեց երեկ կեսօրին,  առաջին հայացքից կարելի է հաջողված համարել: Որոշ իրապես դրական շեշտադրումները հատկապես վերաբերում են հայկական ատոմակայանի եւ նոր էներգակիրների վերաբերյալ համաձայնություններին` որպես հեռուն գնացող կամ ապագային միտված: Այսպես առաջին անգամ Եվրոպան ակնարկում է, որ կղզիացման մեջ գտնվող Հայաստանը եվրոպական տարածքում կարող է ապահովված լինել այլընտրանքային ճանապարհներով: Նախագահներ Սարգսյանի եւ Սարկոզիի համատեղ ասուլիսին էլ հնչած  հարցը, թե տարածաշրջանում տարբեր էներգետիկ անվտանգության եւ  էներգամատակարարման բազմազանության կոչված ծրագրեր իրականացնող ԵՄ երկիր Ֆրանսիան ինչ է անում  տարածաշրջանում քաղաքական, տնտեսական, էներգետիկ հավասարակշռության ապահովման ուղղությամբ,  Սերժ Սարգսյանը հնչեցրեց հայկական կողմի սպասելիքների մասին. «Ակնկալում ենք Եվրամիության այդ նույն երկրների ուշադիր վերաբերմունքը մեր երկրի անվտանգության, մեր տարածաշրջանի կայունության խնդիրներին: Բոլորս ցանկանում ենք, որպեսզի Եվրամիությունը ծրագրեր իրականացնի, որովհետեւ այդ ծրագրերի տարածաշրջանային համագործակցության բաղադրիչն էական դեր կարող է խաղալ կայունության ապահովման գործում»: Անշուշտ, տպավորիչ էր նաեւ Երեւանի Ֆրանսիայի հրապարակում աշխարհահռչակ Օգյուստ Ռոդենի Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի բացման արարողության ժամանակ Նիկոլա Սարկոզիի շուրթերից  հնչած «ցեղասպանություն» բառը: Բայց որքան էլ այն սրտի մխիթարանք լինի աշխարհի բոլոր ծայրերում սփռված ու նաեւ Հայաստանում ապրող հայերիս համար, ակնհայտորեն այն նախագահական ընտրությունների գնացող Սարկոզիի համար ավելի շատ նախընտրական, ավելի ճիշտ` ներքին օգտագործման խնդիրներ էր հետապնդում, քան իրական մտահոգություն: Եւ, ի վերջո, «ցեղասպանություն» ասել են նաեւ Հռոմի Պողոս Երկրորդը, Բարաք Օբաման: Առհասարակ, Ֆրանսիայի հրապարակում երեկ Նիկոլա Սարկոզիի արտասանած ուղերձում, որն ավարտվեց «կեցցե Հայաստանը, կեցցե Ֆրանսիան» նախադասությամբ, շատ հաջող միահյուսված էր հայ-ֆրանսիական մշակութային, պատմական առնչությունների ու ընդհանրությունների թեման, որն ընդհուպ հասավ մինչեւ Կիլիկյան թագավորություն ու Հայաստանի վերջին թագավոր Լեւոն Լուսինյան, ում շիրմաքարը գտնվում է ֆրանսիական թագավորների հարեւանությամբ:Այսքանով, կարծում ենք, ավարտվեցին Ֆրանսիայի նախագահի ելույթի եւ այցի դրական կողմերը, եւ սկսվեցին Սերժ Սարգսյանի «գլխացավանքները», որոնք շարադրել էինք մեր նախորդ՝ «Սերժ Սարգսյանի ֆրանսիա-իրանական ապագան» հոդվածում: Նշել էինք, թե մեծ քայլերով ոչ միայն Հայաստան, այլեւ տարածաշրջան մտնող ֆրանսիական ուղղությունն ինչ է պահանջում  Սերժ Սարգսյանից նրա` դեռեւս Ֆրանսիա կատարած այցի ժամանակ հստակեցված «ապագա գործողությունների ծրագրի» կապակցությամբ: Ծրագիր, որը երկու բաղադրիչներից է կազմված` ղարաբաղյան խնդրի կարգավորումը եւ հայ-թուրքական նախաձեռնության  շարունակությունը: «Եկել է ժամանակը` դիմելու խաղաղության ռիսկին, որովհետեւ ամենամեծ ռիսկն անշարժությունն է եւ դրանից բխած պատրանքները: Ֆրանսիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողքին պատրաստ է կրկնապատկել ջանքերը` արդար, կայուն եւ խաղաղ կարգավորման համար: Ուրիշ ոչ մի երկիր Ֆրանսիայից լավ չի հասկանում, թե ինչ է ներկայացնում Ղարաբաղը Հայաստանի համար: Ոչ մի ուրիշ երկիր Ֆրանսիայից ավելի լավ չի պատկերացնում Թուրքիայի ծանրության չափը հայ հավաքական հիշողության վրա, բայց ոչ մի երկիր Ֆրանսիայից ավելի լավ չի պատկերացնում, որ գոյություն չունի այնքան խորը վերք, որ բուժում չունենա, ոչ էլ այնքան խորը փոս` երկու ժողովուրդների միջեւ, որ չկարողանա լցվել»: Թերեւս պետք չէ բացատրել, թե  մեկ պարբերության  մեջ երեք անգամ «Ֆրանսիայից բացի» արտահայտության կրկնությունն ինչ ուղերձ է իր մեջ պարունակում: Ինչ վերաբերում է էներգակիրներին, ապա կա կարծիք, որ Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում իր դերակատարությունը բարձրացնող ֆրանսիական ուղղությունն այն ռուսական աշխարհաքաղաքական ազդեցության «տակից» հանելու համար որպես քաղաքական պլատֆորմ ընտրել է Հայաստանը, իսկ որպես տնտեսական` Ադրբեջանը, որպես տարանցիկ ճանապարհ` Վրաստանը` նաեւ Իրանի հետ ապագա համագործակցության համատեքստում:Նախքան Ֆրանսիայի նախագահը կավարտեր Հայաստան կատարած երկօրյա պետական այցը, հաղորդվեց, որ Նիկոլա Սարկոզին Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցից բացի,  մասնակցեց  Շարլ Ազնավուրի երեւանյան կեցության վայրի բացման արարողությանը, եղավ Մայր աթոռ Էջմիածնում, շրջեց Հանրապետության հրապարակում եւ փոխադարձաբար մեդալներ «փոխանակեց» Սերժ Սարգսյանի հետ` «Պատվո լեգեոնի» եւ «Փառքի» շքանշաններով: Ի դեպ, Սերժ Սարգսյանին իր երկրի ամենաբարձր` «Պատվո լեգեոնի մեծ խաչին» արժանացրած Նիկոլա Սարկոզին նույն օրը Բաքվում իրեն փոխվարչապետի մակարդակով ընդունած Ալիեւի կնոջը՝ այդ երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային պարգեւատրեց  «Պատվո լեգեոնի սպա»-ով:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս