Սա լինելու է բնակելի շենքերի կառուցման մահը․ դժգոհությունների մեծ ալիք՝ կառուցապատող ընկերությունների մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարության նիստին որոշում կայացվեց աստիճանաբար դադարեցնել Երեւանում հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկի վերադարձը: Այս որոշման նախագիծը մի շարք դժգոհություններ առաջացրել կառուցապատող ընկերությունների մոտ:
«Ժողովուրդ»օրաթերթը տեղեկացավ, որ մինչեւ 2025 թվականը եկամտահարկն այլեւս չեն վերադարձնի հենց Երեւանում բնակարան գնողներին։ Իսկ մարզերի համար պայմանները փոփոխության չեն ենթարկվի։ Երեւանի սահմաններում, ըստ գոտիականության եւ ըստ տարիների, աստիճանաբար կկրճատվի հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձի համակարգը։ Այսպես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկը չի վերադարձվի 4 դեպքում` եթե գույքը գտնվում է Երեւանի առաջին գոտում (2022 թվականի հուլիսի 1-ից), եթե գույքը գտնվում է Երեւանի երկրորդ գոտում (2023 թվականի հունվարի 1-ից), եթե գույքը գտնվում է Երեւանի երրորդ գոտում (2023 թվականի հուլիսի 1-ից), եթե գույքը գտնվում է Երեւանի այլ գոտիներում (2025 թվականի հունվարի 1-ից): Ըստ ֆինանսների նախարարության՝ օրենքի փոփոխությամբ կառուցապատման աշխատանքները կակտիվանան Երեւանից դուրս։

Սակայն տնտեսագետ, սոցապ նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի կարծիքով, եկամտային հարկի վերադարձի սահմանափակումներ կիրառելը լուրջ խնդիրներ է առաջացնելու ոչ միայն տնտեսության մեջ։
«Երեւանում, մեղմ ասած, անկազմակերպ բնակարանաշինությունը, այո, խնդրահարույց է, բայց լուծումը ոչ թե հարկային օրենսգրքի փոփոխությունն է, այլ Երեւանի մաստեր-պլան ունենալն է, որտեղ հստակ նշված կլինեն, թե որտեղ են կառուցվելու նոր շենքեր, եւ երբ են փոխարինվելու հին շենքերը»,- հայտարարել է Մ. Առաքելյանը։ Նրա խոսքով, այսօր Երեւանի քաղաքապետը մի կողմից շինթույլտվություններ է տրամադրում, կառավարությունը բնակելի շենքերի ներդրումներային ծրագրեր է հաստատում, մյուս կողմից` հարկային օրենսգրքով սահմանափակումներ է կիրառվում. «Օրինակ, Երեւանի Աջափնյակ համայքնում, որտեղի բնակֆոնդի փոփոխությունը օրհասական խնդիր է»։

Բայց սա դեռ ամենը չէ. Կառավարության երեկվա նիստում ընդունված որոշումը խիստ անհանգստացրել է կառուցապատող ընկերություններին: «Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուըրջ զրուցեց կառուցապառտողների հայկական ասոցացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ:
«Մենք բոլոր կառուցապատողներով մտահոգված ենք խորապես, որովհետեւ եթե կյանքի կոչվեց եկամտահարկի վերադարձի դադարեցման վերաբերյալ նախագիծն, ուրեմն կառուցապատումը կոպիտ ասած՝ դատապարտված է դեգրադացիայի: Ինչու, որովհետեւ այս ծրագիրն այն խթանիչ լոկոմոտիվ շարժիչն է, որի շնորհիվ մարդիկ շահագրգռված տուն էին առնում»,- նկատեց Գուրգեն Գրիգորյանը:

Մեր զրուցակիցը համոզված է՝ եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, այսինքն եկամտահարկյի վերադարձը վերացվի, ապա կառուցապատողները շենքեր չեն կառուցի, որովհետեւ իրացնելու խնդիր կունենան:
«Բոլոր կառուցապատողները լուրջ մտահոգության առաջ են կանգնած, թե ինչպես վարվեն, որ ամեն ինչ ճիշտ լինի, ամեն ինչ, որովհետեւ բոլորն էլ հիմա մտածում են՝ շարունակե՞ն կառուցապատմամբ զբաղվել, թե՞ ոչ, որովհետեւ պահանջարկը, բնականաբար, կնվազի: Նոր պրոեկտներ չեն սկսի, սկսածը կավարտեն ու վերջ»,- լրացրեց կառուցապառտողների հայկական ասոցացիայի նախագահ:

«Ժողովուրդ» օրաթերթը Գուրգեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությունը կառուցապատողների հետ այս խնդրի շուրջ քննարկում կազմակերպել է, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան Գրիգորյանն ասաց. «Մենք ունենք աշխատանքային խումբ՝ էկոնոմիկայի նախարարի հովանավորությամբ ստեղծված, այդ խմբի շրջանակներում մենք մեր մտահոգությունների մասին բարձրաձայնել ենք, ներկայացրել ենք բոլոր ռիսկերը, բայց ստացվում է, որ անպտուղ է եղել այդ քննարկումը»: Հարցին՝ ի՞նչ են անելու կառուցապատողները, Գրիգորյանն ասաց, որ ասոցացիան ունի խորհուրդ, որի մեջ ընդգրկված են 6-7 կառուցապատող ընկերություն եւ հերթական նիստին կհասկանան իրենց հետագա անելիքները. «Սա լինելու է մեծ աղետ: Սա կոպիտ ասած լինելու է քաղաքաշինության մահը, բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման մահը»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս