Ալժիրում սկսել են հետաքննել անտառային հրդեհների մեջ կասկածվող տղամարդուն ողջ-ողջ այրելու տեսագրությունը: Այս մասին հայտնում է France 24 հեռուստաալիքը՝ հղում անելով Ալժիրի լրատվական գործակալությանը:
Լինչի դտասատանի զոհ է դարձել 38-ամյա Ջամալ բին Իսմայիլը, ով ծնունդով Լարբաա Նաթ Իրաթան քաղաքից է, որը գտնվում է Տիզի-Ուզու նահանգում: Ոստիկանությունը Ջամալին բերման է ենթարկել անտառներ հրկիզելու կասկածանքով: Տեղեկանալով այդ մասին ՝ զայրացած ամբոխը ներխուժել է ոստիկանական բաժանմունք, դուրս հանել տղամարդուն և ծեծել, իսկ հետո ողջ-ողջ այրել: Լինչի դատաստանի ողջ ընթացքը նկարահանվել և տեղադրվել է սոցիալական ցանցերում: Նշվում է, որ նաև ոստիկաններ են վիրավորվել՝ փորձելով փրկել կասկածյալին:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Ալժիրի իշխանություններին կոչ է արել անհապաղ հետաքննել հանցագործությունը և «հստակ ազդանշան ուղարկել, որ բռնությունը անպատիժ չի մնա»: Ալժիրի դատախազությունը հայտարարել է հետաքննության մեկնարկի մասին. Լինչի դատաստանի մասնակիցներն արդեն փնտրում են:
Ջամալի ընտանիքն ու ընկերները ցնցված են կատարվածից: «Ինձ ամենից շատ զարմացնում է այն, որ նրանք նկարահանել են դա: <…> Ես ցանկանում եմ, որ բոլորը, ովքեր մասնակցել են դրան, նույնիսկ նրանք, ովքեր անտարբեր հետևել են, պատժվեն: Նա բարի մարդ էր, սիրում էր երաժշտություն»,- ասել է մահացածի քեռին: