Հայաստանի հայրաքաղաք Գյումրիում բողոքի նոր ալիք է հասունանում. այս անգամ անելանելի դրության մեջ են հայտնվել տարադրամի փոխանակմամբ զբաղվող անհատները: ArmLur.am-ի հետ զրույցում նրանք հայտնեցին, որ տեւական ժամանակ է, ինչ ՀՀ ոստիկանության աշխատողներն իրենց թույլ չեն տալիս աշխատել:
59-ամյա տղամարդը մտահոգվում է՝ եկամտի այլ աղբյուր չունի, որդին ծառայում է Հայոց բանակում, իսկ ընտանիքին կերակրելու միակ միջոցն իր այս աշխատանքն է: Ոստիկանները տարադրամի փոխանակմամբ զբաղվող անհատներին ասում են ապօրինի է ձեր գործունեությունը: Բայց մյուս կողմից, այս քաղաքացիները պնդում են՝ պատրաստ են պետությանը հարկ վճարել, միայն թե՝ թույլ տան զբաղվել այս աշխատանքով: Չեն դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե, չգիտեն, ինչպես վարվել եւ ում դիմել, բայց պատրաստ են հարկային դաշտում գործել: Նրանցից Համլետ Ղազարյանը ArmLur.am-ի հետ զրույցում վրդովվեց, որ ինքը չի կարողանում իր տարիքին համապատասխան աշխատանք գտնել:
Հարցն այս, ինչպես տեսնում եք, դեռ վերջնական չի լուծվել. Քաղաքացիները ArmLur.am-ին պատմեցին, որ խնդրել են ոստիկանության աշխատողներին մեկ ամիս ժամանակ տալ, մինչեւ տեսնեն, թե ինչ ճանապարհով են այս հարցը լուծելու:
Սյունէ Համբարձումյան, Լիդա Եղիազարյան