Թալիբներն այսօրվանից սկսել են Քաբուլում քաղաքացիական բնակչությունից հավաքել զենքերը,-հաղորդում են ԶԼՄ-ները:
«Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ՝ «Թալիբան» շարժման անդամները հայտարարել են, որ խաղաղ բնակիչներն այլևս ինքնապաշտպանության համար զենքի կարիք չունեն:
«Մենք հասկանում ենք, որ մարդիկ զենք են պահել իրենց անվտանգության համար: Այժմ նրանք կարող են իրենց ապահով զգալ: Մենք այստեղ ենք, որպեսզի ապահովենք խաղաղ բնակչության անվտանգությունը»,- ասել են «Թալիբան»-ի ներկայացուցիչները:
Իրավիճակը Աֆղանստանում սրվել է վերջին շաբաթվա ընթացքում, երբ թալիբները առանց դիմադրության գրավեցին մայրաքաղաք Քաբուլը, նախագահական նստավայրն ու երկրի խոշորագույն քաղաքների մեծ մասը: Նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից «արյունահեղությունից խուսափելու համար»:
«Թալիբան»-ի ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում ավարտված է, իսկ երկրում կառավարման մոդելը կհստակեցվի առաջիկայում: