ԹԵ ՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մահվան պատճառների ցանկը չի փոփոխվել. մեր երկրում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի՝ առաջին տեղում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունները:

 

Հայաստանում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից այս տարվա 6 ամիսներին մահացել է 16 հազար 627 մարդ: Պատճառն այն է, որ բնակչության գերակշիռ մասի համար, որը հաց վաստակելու խնդիր ունի, անհասանելի է բժշկական ծառայությունը, հիվանդության վաղ հայտնաբերումը, համապատասխան բուժօգնությունը, իսկ վիրահատական միջամտության մասին ուղղակի լռում ենք: Մեր հանրապետությունում սրտի միայն մեկ անոթի ստենտավորման արժեքը միլիոն դրամը գերազանցում է: Դրա հետեւանքով բազմաթիվ մարդիկ երիտասարդ հասակում են մահանում, քանի որ գումար չունեն սիրտ ստենտավորելու համար:

Մասնագետների խոսքերով՝ Հայաստանում արյան շրջանառության համակարգի ամենատարածված հիվանդություններն են գերճնշումային համակարգի հիվանդությունները, սրտի իշեմիկ հիվանդությունը, ստենոկարդիան, սրտամկանի սուր ինֆարկտը: Մասնագետները նաեւ պնդում են, որ այս հիվանդությունների կանխարգելումն ավելի էժան եւ արդյունավետ է, քան դրանց բուժումը: Սրտանոթային հիվանդությունների 80 տոկոսը կանխարգելելի է, եթե վարեն առողջ ապրելակերպ, ճիշտ պայքարեն ռիսկի գործոնների դեմ: Դրանք են՝ ծխախոտի ամենօրյա օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, կերակրի աղի քանակի ավելցուկային օգտագործումը, թերշարժունակությունը, քաշի ավելցուկը, բարձր զարկերակային ճնշումը: Մեր երկրում յուրաքանչյուր 100 հազար բնակչությանը բաժին է ընկնում 200 սուր ինֆարկտի դեպք:

Ի դեպ, միայն հունիս ամսին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 1200 մարդ, մայիսին՝ 1258, ապրիլին՝ 1452 մարդ: Միայն հունվար ամսին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 1644 մարդ:

Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Հայաստանում նորագոյացություններից մահացել է 2636 մարդ: Մասնագետները պնդում են, որ ե՛ւ սթրեսը, ե՛ւ շրջակա միջավայրը, ե՛ւ սննդակարգը համատեղ ազդեցություն են թողնում նշված երկու հիվանդությունների աճի վրա: Դրանց կանխարգելումը որոշակիորեն կապված է մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հետ: Այստեղ Առողջապահության նախարարությունը մի կարեւորագույն խնդիր ունի. այս երկու հիվանդությունների ուղղությամբ պետք է քննարկի կանխարգելման ծրագրեր, կառավարության կողմից դրանք ընդունվեն եւ անընդհատ իրագործվեն ու վերահսկվեն:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ Covid-19 վիրուսից մեր հանրապետությունում այս տարվա վեց ամիսներին մահացել է 2241 մարդ՝ նախորդ տարվա 483-ի դիմաց: Այսինքն՝ անցած տարվա համեմատ՝ Covid-19 վիրուսից մահացության ցուցանիշը 4.6 անգամ աճել է: Օրինակ՝ ապրիլ ամսին կորոնավիրուսից մահացել է 773 մարդ, մայիսին՝ 419, հունիսին՝ 100 մարդ:

Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ 2021թ. հունվար-հունիսին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան եւ հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 7 դեպք:

Ս.Հ.

 

 

ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ եւ Մյուրիշեն համայնքներ ղեկավարների ու բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ծանոթացել է բնակչության տարբեր իրավունքների պաշտպանության իրավիճակին, իրավունքների իրացման հնարավորություններին եւ առկա խնդիրներին: «Ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով Մարտունու շրջանի վերանշյալ համայնքները, մասնավորապես՝ Նոր Շեն, Հացի, Ավդուռ, Մյուրիշեն բնակավայրերը, հայտվել են ադրբեջանական զինված ուժերի անմիջական նշանառության տակ, եւ այդ համայնքների հարեւանությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը սպառնալիք է համայնքների բնակչության ֆիզիկական եւ հոգեկան անվտանգության համար՝ մասնավորապես հաշվի առնելով Արդեբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակավայրերը դիտավորյալ թիրախավորելու վարքագիծը: Ուստի անհրաժեշտ է ձեռնարկել գործողություններ՝ խաղաղ բնակչության անվտանգային իրավիճակը բարելավելու, մասնավորապես՝ ադրբեջանական զինված ուժերի հենակետերը խաղաղ բնակավայրերի հարեւանությունից հեռացնելու ուղղությամբ:

Համայնքների հարեւանությամբ ադրբեջանական հենակետերի առկայությունը լուրջ խնդիրներ է հարուցում նաեւ գյուղացիների զբաղվածության եւ արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար: Այդ խնդիրներն արտահայտվում են տարբեր ձեւերով՝ մի դեպքում գյուղացիները, անվտանգության նկատառումներից ելնելով, զերծ են մնում իրենց պատկանող հողատարածքների մշակումից, մյուս դեպքում՝ կորուստներ են ունենում անասնապահությամբ զբաղվելու ընթացքում, երբ խոշոր եղջերավոր կենդանիները անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Նման դեպքեր գրանցվել են գրեթե բոլոր համայնքներում: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետք է գործադրվեն բոլոր ջանքերը համայնքային բնակչության կյանքի որակի եւ անհրաժեշտ կենսապայմանների բարելավման ուղղությամբ՝ ի թիվս այլ հարցերի հատուկ ուշադրություն հրավիրելով Նոր Շեն, Ավդուռ եւ Մյուրիշեն համայնքներում խիստ արտահայտված ջրամատակարարման հետ կապված խնդիրներին: Նշված համայնքները գրեթե ամբողջությամբ ջրազրկված են: Հանդիպումների ընթացքում հավաքագրված խնդիրները պաշտպանի կողմից ներկայացվելու են պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց կարգավորման ուղղությամբ հստակ եւ գործնական քայլերի ձեռնարկմանը»:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակիչը 2021թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, նույն քաղաքի Շիրակացի եւ Զորյան փողոցների խաչմերուկում հանդիպել է 46-ամյա համաքաղաքացու հետ եւ վերջինիս դստեր հետ նշանադրությունը չեղարկելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարը, օգտագործելով Գորիս համայնքապետարանի ենթակայության ներքո գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունենալու հանգամանքը, 2021թ. հունիսի 8-ին զանգահարել եւ պարտադրել է համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին անձամբ եւ աշխատակիցների հետ մասնակցել 2021թ. հունիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք նախընտրական քարոզչությանը:

Այնուհետեւ նշված ուսումնական հաստատության տնօրենը եւ մի քանի աշխատակիցներ համայնքային իշխանության մարմինների կողմից ոչ բարեհաճ վերաբերմունքին չարժանանալու համար հարկադրված մասնակցել են հիշյալ դաշինքի կողմից կազմակերպված հանրահավաքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

 

 




Լրահոս