Պետական մարմիններին առանձին սահմանված նիշերի հիման վրա հաշվառման համարանիշներ այլեւս չեն հատկացվելու: Համենայնդեպս, դա է սահմանված ոստիկանության պետի պաշտոնակատարի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի եւ հոկտեմբերի 16-ի որոշումներով: Դա նաեւ վերաբերում է Ազգային ժողովի, պետհամարանիշներին եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արդեն պագամավորներին հրահանգվել է ոստիկանությանը հանձնել պետհամարանիշները: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն՝ հասկանալու համար, թե ինչու է պատգամավորներին նման հրահանգ իջեցվել: Ի պատասխան՝ ոստիկանությունից փոխանցել են, որ այդ որոշումը վաղուց է սահմանված եղել, եւ այդ պատճառով է պատգամավորներին նման հրահանգ իջեցվել: Ոստիկանության պատասխանի մեջ ասվում է. «Նախքան որոշման 13-րդ հավելվածի 12-րդ կետի ուժը կորցնելը, գործող իրավակարգավորումների համաձայն, պետական մարմինների շահագործման ենթակա տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի առանձին նիշերը ենթակա են եղել հատկացման միայն այդ մարմինների ծառայողական տրանսպորտային միջոցներին, հետեւաբար ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին հատկացված, ՀՀ-ին պատկանող տրանսպորտային միջոցների տեսակի համարանիշերն ազատ համարանիշերի ցանկում ներառելու համար առաջարկվել է Ազգային Ժողովի պատգամավորներին Ճանապարհային ոստիկանության վարչական մաս ներկայացնել աշխատակիցների սեփական տրանսպորտային միջոցների (ոչ ծառայողական) հաշվառման համարանիշերի փոխարեն հատկացված ՀՀ-ին պատկանող տրանսպորտային միջոցների տեսակի համարանիշերը»:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին կառավարությունը շատ ակտիվ պատրաստվում է խորհրդարանում ներկայացվելիք իրենց ծրագրին: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը արդեն հստակ գիտի, որ խորհրդարանում թեժ օրեր են սպասվում նաեւ այդ օրերին, ու իշխանության թեւին պատրաստում են հակագրոհի: Հնարավոր է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության հարցերին անգամ չպատասխանի, ու ամեն գերատեսչություն իրեն առնչվող հարցերին պատասխանի, կամ գլխավոր դերում լինի ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Մեր աղբյուրները նշում են, որ այսօրինակ հարցերն այժմ թեժ քննարկվում են իշխանության ներսում, ու ամեն բան կախված է ընդդիմության առաջիկա պահվածքից: Ի դեպ, նշենք, որ ԱԺ 8-րդ գումարման աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին, իսկ հանձնաժողովները կսկսեն իրենց աշխատանքը սեպտեմբերի 6-ից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն հարցաքննել է Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Հարությունյանին: Նրան հարցաքննել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի 2019թ. մայիսի 18-ի որոշման գործով: Բանն այն է, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը, որը հայտնի է որպես Վանոյի Արտակ, գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու եւ Արշակ Վարդանյանի կողմից: Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, որի հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը: Արդյունքում այս գործը հիմք է դարձել Դավիթ Հարությունյանին գաղտնալսելու համար: Սակայն նկատենք, որ դատարանն արձանագրել է, որ դատավոր Դավիթ Հարությունյանին գաղտնալսել են ապօրինի կերպով, իսկ գաղտնալսումների արդյունքում դատավորի հեռախոսազրույցների վերծանման արդյունքում ստացված տեղեկատվությունը ճանաչվել է անթույլատրելի եւ վերացվել։ Եվ, ահա, դատավոր Դավիթ Հարությունյանը այս գործի շրջանակներում է ԱԱԾ-ի կողմից երկու անգամ հարցաքննվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց. «Հարցաքննության ուղղակիորեն չեն կանչել, այլ դատական օրենսգրքի պահանջներից ելնելով՝ ինչպես բոլոր գործերով ԲԴԽ-ին ձեւական իրազեկել են, եւ քննիչի հետ հարցաքննության տեղն ու ժամը համաձայնացրել ենք, հարցաքննվել եմ սկզբում որպես վկա, իսկ վերջում՝ շաբաթներ առաջ՝ որպես տուժող»:
Գյումրու քաղաքապետարանի կողմից հայտարարված 1 մլն դոլար արժողությամբ մրցույթի հաղթող ճանաչված «Գլոբալ Սոլար Սիստեմ» ընկերությունն անհետացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների տանիքներին արեւային համակարգերի տեղադրման համար հրատապ բաց մրցույթ է հայտարարվել, մասնակցել է 4 ընկերություն, հաղթող ճանաչվել մեկը՝ «Գլոբալ Սոլար Սիստեմ»-ը: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան մասնակից ընկերությունների մասին. պարզվում է, որ «Գլոբալ Սոլար Սիստեմ»-ը մրցույթին մասնակցելու համար դիմել է «Սմարթ Բիթ Քոնսալթինգ» միջնորդ կազմակերպությանը, որն էլ գնումների փաթեթը ներկայացրել է մրցույթին: Սակայն հիմա անհարմար վիճակ է ստեղծվել. մրցույթին հաղթած մասնակիցը պետք է պայմանագիր ներկայացնի պատվիրատուին 10 օրվա ընթացքում, բայց ընկերությունն անհետացել է. «Մենք նույնպես փնտրում ենք ու չենք կարողանում գտնել: Պայմանագիր կնքելու առաջարկը պետք է ուղարկենք քաղաքապետարան, զանգահարում ենք իրենց, բայց չենք կարողանում կապվել»,- «Ժողովուրդ» օրաթերթին միջնորդ ընկերությունից փոխանցեցին: Ավելին, միջնորդ կազմակերպությանը կատարած ծառայության դիմաց «Գլոբալ Սոլար Սիստեմ» ընկերությունն անգամ չի վճարել: Բացի այս, 1 մլն դոլար արժողությամբ մրցույթի մյուս ուշագրավ նորությունը. «Տեղեկություններ են շրջանառվում, որ մրցույթին մասնակցել է նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին պատկանող ընկերությունը: Խոսքը «Ռոստորգ»-ի մասին է: «Ռոստորգ»-ից Սահակ անունով քաղաքացին փոխանցեց, որ ինքը ժամանակին՝ մինչեւ «Ռոստորգ»-ի ստեղծումը, համագործակցել է կրտսեր Բալասանյանի հետ, այժմ՝ ոչ. «Ես ձեզ վստահեցնում եմ՝ իր բիզնեսը չէ: Երդվե՞մ, որ հավատաք»: