ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Русскав Газета պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին եւ այդ համատեքստում ՀԱՊԿ արձագանքին: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է կրճատումներով տարբերակը.

 

«Զասի այցը Հայաստան հատուկ ուշադրություն է գրավել այն պատճառով, որ նրա նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ուղեկցվել է Երեւանի առաջացրած սկանդալով: 2018 թվականի հուլիսին Երեւանում ձերբակալվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ հայկական ռազմական կառույցներում իր նախկին աշխատանքի հետ կապված իրադարձությունների պատճառով: Ընդ որում, Հայաստանի հեղափոխական կառավարությունը կարծում էր, որ կարող է պաշտոնավարման երեք տարին չավարտած Խաչատուրովին փոխարինել ՀԱՊԿ-ում մեկ այլ ներկայացուցչով: Բայց դա այդպես չէր:

Երեւանը ստիպված էր ենթարկվել Մինսկի եւ Նուրսուլթանի ճնշումներին, եւ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը դարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Դաշինքի դաշնակիցները, կարծես, կարգավորել են կոնֆլիկտը, սակայն նստվածքը, կարծես, մնացել է: Հետագա իրադարձությունները չեն նպաստել մթնոլորտի բարելավմանը` հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմը, հետագայում լարվածությունը սահմաններին եւ ադրբեջանական ուժերի առաջխաղացումը Հայաստանի տարածքում: Երեւանն այդպես էլ չստացավ այն աջակցությունը, որը, թվում էր, ՀԱՊԿ-ը պարտավոր էր տրամադրել իր անդամին: Հաշվի առնելով այս ամենը՝ Արշակ Կարապետյանի՝ նման մակարդակի հանդիպման ժամանակ ունեցած արտասովոր ելույթը պատահական չես անվանի:

«Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձեւավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը երկու ուղղությամբ ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք որեւէ պարագայում չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միեւնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միեւնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, եւ մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»,-հայտարարել է Կարապետյանը՝ ափսոսանք հայտնելով, որ ՀԱՊԿ-ում որոշումներ կայացնելու եւ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմները չեն համապատասխանում գործառնական միջավայրի պահանջներին:

Ի դեպ, փորձագետները թերահավատորեն վերաբերվեցին Երեւանի այս «հայտին»` համարելով, որ Հայաստանը չի կարողանա վերջ դնել դաշինքի ամորֆությանը շատ ավելի ուժեղ խաղացողների առկայության դեպքում, որոնց դա չի հետաքրքրում՝ թերեւս միայն Ռուսաստանի լուռ համաձայնությամբ եւ աջակցությամբ:

Ստանիսլավ Զասը Երեւանի դժվարությունների մասին արդեն բավականին մանրամասն գիտեր Արտաքին գործերի նախարարությունում եւ Անվտանգության խորհրդում կայացած հանդիպումներին եւ ճանաչեց Հայաստանին Ադրբեջանից սպառնացող վտանգը: Բայց միայն այսքանը: Եթե տանտերերը հյուրից ակնկալում էին գոնե դեկլարատիվ աջակցություն եւ Բաքվի քաղաքականության դատապարտում, ապա, ամենայն հավանականությամբ, այդ պահին նրանք հիասթափված էին, ընդ որում՝ որոշակի անկումից հետո Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանների երկայնքով լարվածությունը նորից սկսել է աճել:

Օգոստոսի 10-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հայտնել էր, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արեւմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Աղբյուրի համաձայն՝ բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ»:

Ն.Հ.

 

 

ԹԵ ՔԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ԶՈՀՎԵԼ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հրապարակել է 44-օրյա պատերազմից հետո Արցախի՝ Բաքվի  վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունի հետեւանքով զոհված եւ վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների թիվը: Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչեւ այս տարվա օգոստոսի 11-ը Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունի հետեւանքով զոհվել է 23 քաղաքացի, 36 քաղաքացիական անձ վիրավորվել է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։

 

 

 

ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Բաքվում Իրանի դեսպանին նոտա է հանձնել ԼՂ այցի պատճառով. հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Օգոստոսի 11-ին ԻԻՀ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ: Դեսպանն անօրինական այց է կատարել ԼՂ, ինչի կապակցությամբ նրան նոտա է հանձնվել»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն ռուս խաղաղապահների հասցեին ուղղված հայտարարություն է արել: Ամենայն հավանականությամբ, այդ քայլով ԱՀ ԱԳՆ-ն պլացդարմ է նախապատրաստում խաղաղապահների հասցեին հերթական դժգոհության համար, որոնք «ապօրինի կերպով թույլատրել են իրանական բեռնատար մեքենաների մուտքը»:

 

 

ԹՈՒՅԼ ՉԵՆ  ՏԱԼԻՍ

Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելել են աշխատել եւ տեսանկարահանել լրագրողների համար նախատեսված օթյակից։ Ազգային ժողովում իրավիճակը լարվեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սաղաթելյանին արձագանքեց՝ բնակչությունը գնահատական տվել է, թե ով է «կապիտուլյանտը» եւ ով «հողատուն»։ Այնուհետեւ նա ամբիոնի մոտ հրավիրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքեցին Սիմոնյանի հայտարարությանը, ինչից հետո ԱԺ-ում կրքերը թեժացան, Ալեն Սիմոնյանը զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ, այնուհետեւ հանձնարարեց անջատել ուղիղ եթերը։

 

 

 

ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ

Տարածաշրջանում խաղաղությունը պետք է լինի երկարատեւ եւ արժանապատիվ, զարգացման հնարավորությունները բոլոր երկրների համար պետք է լինեն շահավետ, իսկ տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերը պետք է լինեն համարժեք, պատմականորեն հիմնավորված եւ դրական: Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գեւորգյանը: «Այսօր Հայաստանը գտնվում է ուժեղ ճնշման ներքո տարածաշրջանային հաղորդակցության ուղիները բացելու համար: Եթե ներկայում առկա միտումները շարունակվեն, ապա Հայաստանի տարածքում բախվելու են բազմաթիվ արտաքին խաղացողների շահեր: Սա է իրականությունը, որը մեզ համար ձեւավորում է նոր, ռեգիոնալ ռիսկեր: Այս իրավիճակն է՛լ ավելի չբարդացնելու համար մենք պետք է գործենք բաց եւ թափանցիկ, պետք է պարզենք՝ արդյոք ռեգիոնալ ապաշրջափակման հարցով արտաքին ուժերի հետ դեռեւս կան չհրապարակված պարտավորություններ կամ խոստումներ»,-ասաց Գեւորգյանը: Պատգամավորի խոսքով` անգամ ճանապարհների ապաշրջափակման դեպքում կարելի է ձեւավորել Արցախի եւ Հայաստանի շահերի համար նպաստավոր օրակարգ, օրինակ՝ խնդիր դնել Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր:

 

 

ՀԱՆԴԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկում է փակել Ազգային ժողովի դահլիճում օգոստոսի 11-ին տեղի ունեցած վիճաբանության թեման եւ զրոյացնել այն ամենը, ինչ եղել է օրվա ընթացքում: Ալեն Սիմոնյանը նման առաջարկով հանդես եկավ Ազգային Ժողովի ամբիոնից ունեցած ելույթի ընթացքում: «Առաջարկում եմ զրոյացնել այն ամենը, ինչ այսօր եղել է: Հարգելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ համարենք, որ այսօր սպառել ենք իրենց համբերությունը, եւ վերջացնենք այս հռետորաբանությունը մեկընդմիշտ: Սա համարեք իմ ձեռքը, որ մեկնում եմ ձեզ, որեւիցե ձեւով թող դա չկաղապարի ձեր գործունեությունը, որը դուք նախաձեռնել եք կամ նախաձեռնում եք: Լսելով վերջին երկու-երեք ելույթները՝ համարում ենք, որ մենք կարող ենք եւ պետք է միասին աշխատենք»,- ընդգծեց Սիմոնյանը: Ազգային ժողովի նիստի ընթացքում օգոստոսի 11-ին իրավիճակը լարվեց, անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ՝ կարգուկանոն հաստատելու համար: Խորհրդարանում իրավիճակը լարվեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո: Ազգային ժողովի ամբիոնից պետք է ելույթ ունենար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, սակայն ընդդիմադիր գործիչները սկսեցին տեղից բղավել: ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանին եւ Արմեն Ռուստամյանին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը շարունակեց տեղից խոսել, ինչից հետո իշխանական պատգամավորները նույնպես սկսեցին տեղից բղավել: Ալեն Սիմոնյանը հորդորեց իշխանական պատգամավորներին տեղերից վեր չկենալ: Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը: Որոշ ժամանակ անց ԱԺ նիստը վերսկսվեց:

 




Լրահոս