ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանը, հիշյալ համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը:

 

Բացի այդ, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Իր հանցավոր նպատակի իրականացման համար Ա. Առուշանյանը 2021 թվականի հունիսին՝ ընտրություններից մի քանի օր առաջ, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ. Ավետյանի աշխատասենյակում հանդիպել է վերջինիս եւ առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին: Այդկերպ Ա. Առուշանյանը նախապատրաստել է ծանր հանցագործություն, որը, սակայն, ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Լ. Ավետյանը հրաժարվել է ընտրողներին հանդիպելուց եւ նրանց դրամական օգնության տեսքով կաշառք առաջարկելուց: Բացի այդ, 2021 թվականի ապրիլի 28-ին, Ա. Առուշանյանի պահանջով, Լ. Ավետյանը կազմակերպել է վերջինիս հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի խումբ բնակիչների հետ, ովքեր Ա. Առուշանյանից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել: Այնուհետեւ հիշյալ ընտրողներին Գորիսի համայնքապետարանի կողմից բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100.000-ից մինչեւ 220.000 ՀՀ դրամ: Հետագայում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, Ա. Առուշանյանը կազմակերպել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի ընտրողներին ընտրությանը մասնակցելուն եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը: Մասնավորապես, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Լ. Ավետյանին հանձնարարել է ստանձնել նշված դաշինքի՝ Քարահունջ բնակավայրի նախընտրական շտաբի ղեկավարման աշխատանքները եւ բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ մինչ այդ պահը Գորիսի համայնքապետարանից արդեն իսկ դրամական օգնություն ստացածներին մեկտեղել, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին եւ ընտրեն «Հայաստան» դաշինքին:

Ա. Առուշանյանի կազմակերպմամբ՝ Լ. Ավետյանը իր հերթին 2021 թվականի հունիսի 7-ին հաջորդած տարբեր օրերի ընթացքում անձամբ, հանդիպումների եւ հեռախոսազանգերի ժամանակ օգտագործելով Քարահունջ բնակավայրի մի խումբ բնակիչների` սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին եւ կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Ա. Առուշանյանի կազմակերպմամբ՝ Լ. Ավետյանի հիշյալ գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության եւ կամավորության սկզբունքի էությունը:

Վերը նշված հանցավոր արարքների համար Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Լուսինե Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը փոխարինվել է գրավով:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ք.Մ.

 

 

ԳԱՎԱՌԻ ԳՈՐԾՈՎ

Նախաքննական մարմինը Գավառի աղմկահարույց գործով դատարան է ուղարկում ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառած անձանց գործերը: 6 անձի մասով որոշում է կայացվել: Խորեն Օհանյանին, Արեգ Հովեյանին, Հայկ Մխիկյանին, Խաչիկ Գոզեյանին, Գարուն Ադամյանին, Ավետ Արեւշատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 28.04.2020թ. մասնակցելով Գավառ քաղաքում կատարված բռությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգություններին՝ կոչեր է արել ակտիվորեն չենթարկվել իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին եւ բռնություն կիրառել անձանց նկատմամբ։

 

 

 

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Փամփուշտներ ու ինքնաձիգներ՝  Կարմիր բլուր կոչվող տարածքից. ԱԱԾ խուզարկություն է իրականացրել: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Ամո Յուրիի Սադոեւին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020 թվականի սեպտեմբերի ամսվա կեսերին Երեւան քաղաքի Կարմիր բլուր կոչվող տարածքից գտել է ռազմամթերք հանդիսացող, «AK-47» տեսակի ինքնաձիգերից, «ՀկԽ» տեսակի ձեռքի գնդացիրներից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված 26 հատ 7,62մմ /7,62×39/ տրամաչափի եւ «AK-74» տեսակի ինքնաձիգերից, «ՀկԽ-74» տեսակի ձեռքի գնդացիրներից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված 7 հատ 5,45 մմ /5,45×39/ տրամաչափի մարտական փամփուշտներ, որոնք տեղափոխել է իր բնակության վայր՝ քաղաք Երեւան, Շիրակի 3-րդ նրբանցքի 19/40 տուն, եւ ապօրինի կերպով պահել է իր ննջասենյակի պահարանի վերեւի հատվածում, որոնք 2021 թվականի մայիսի 20-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի համար ԵԴ/1502/07/21 որոշման հիման վրա, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են եւ վերցվել:

 

 

 

ԿԱՇԱՌՔ ՍՏԱՑՈՂՆԵՐԸ

Ընտրություններին կաշառք ստացողները եւս հայտնվել են մեղադրյալի աթոռին: Անահիտ Շամավոնի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցելու եւ առաջադրված կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ստացել է կաշառք:

Ք.Մ.

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻՑ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ Երեւանում տեղի ունեցած դաժան սպանությունից։ 34-ամյա կնոջ ապանության մեջ կասկածվում է նրա ամուսինը։ Վերջիններս ամուսնալուծված են եղել։ Ամուսինը եկել է տուն, տան դուռը բացել է եւ 11 անգամ դանակով հարվածել կնոջը, որից 7-ը եղել է մահացու։ Shamshyan.com-ը գրել էր, որ դաժան սպանություն է եղել Երեւանում? Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի մուտքում հայտնաբերել են դանակի 10-ից ավելի հարվածի հետքերով 34-ամյա կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ նրան սպանել է Երեւանի բնակիչ 33-ամյա Մհեր Զ.-ն։ Եվ մինչ ոստիկաններն ու քննիչները օպերատիվ քննչական խմբով Երեւանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ մեկնում են Մհեր Զ.-ի՝ Էրեբունի վարչական տարածքում գտնվող բնակարան, ոստիկանության Շենգավիթի բաժին է ինքնակամ ներկայանում նա եւ հայտնում, որ սպանությունը կատարել է ինքը, ու ներկայացնում է նաեւ հանցագործության գործիք դանակը։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռ. Վարդանյանի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով։

 

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 2021թ. հուլիսի 7-ին Չարենցավան քաղաքի համայնքապետարանում անցկացվել է աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ-աուդիտորի թափուր հաստիքի համար մրցույթ, որին մասնակցել է Տ. Ծատուրյանը եւ Հերմինե Մկրտումյանը։ Մրցույթն իրականացնող հանձնաժողովը, հաշվի չառնելով, որ Հ. Մկրտումյանը չի ունեցել օրենսդրությամբ պահանջվող համապատասխան որակավորում, թույլ է տվել վերջինիս մասնակցելու մրցույթին եւ հաղթող է ճանաչել, որին հաջորդել է Չարենցավան համայնքի ղեկավարի կողմից Հ. Մկրտումյանին պաշտոնի նշանակելը, ինչը ապօրինի է եւ հակասում է «ՀՀ համայնքային ծառայության մասին», «ՀՀ տեղական ինքնակառավարման մասին», «ՀՀ ներքին աուդիտի մասին» օրենքներին եւ ՀՀ ֆինանսների նախարարի 2012թ. փետրվարի 23-ի թիվ 165Ն հրամանի 7-րդ կետին: Մեզ հայտնի դարձավ, որ հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Ք.Մ.

 




Լրահոս