.ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում վերջին օրերին դիտողություններ են հնչում, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խախտում է  «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված իր լիազորությունները:

 

Ստորեւ ներկայացնում ենք «ԱԺ կանոնակարգ»-ով սահմանված ԱԺ նախագահի լիազորությունները, որոնք ձեւակերպված են օրենքի 3-րդ գլխի 5-րդ հոդվածով՝

Ազգային ժողովի նախագահը

  1. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը եւ ապահովում նրա բնականոն գործունեությունը:
  2. Ազգային ժողովի նախագահը՝

1) նախագահում է Ազգային ժողովի նիստերը.

2) գումարում է Ազգային ժողովի արտահերթ նիստեր եւ նստաշրջաններ.

3) շրջանառության մեջ է դնում Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված հարցերը եւ նշանակում է գլխադասային հանձնաժողով.

4) Հանրապետության նախագահին է ուղարկում Ազգային ժողովի ընդունած օրենքները, ինչպես նաեւ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումները.

(փոփ. 22.06.2020 ՀՕ-309-Ն)

4.1) Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի ընդունած օրենքը:

(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4.2) Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հրապարակում է Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները.

(լր. 22.06.2020 ՀՕ-309-Ն)

5) ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները եւ ուղերձները.

6) հրավիրում եւ նախագահում է Խորհրդի նիստերը.

7) Ազգային ժողովի եւ Խորհրդի հաստատմանն է ներկայացնում հերթական նստաշրջանի եւ նիստերի օրակարգերի նախագծերը.

8) ստորագրում եւ հրապարակում է Խորհրդի որոշումները.

9) հաստատում է Ազգային ժողովի հանձնաժողովների կազմերը եւ դրանցում փոփոխությունները.

10) կարող է Ազգային ժողովի նախագահի տեղակալին տալ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված հանձնարարություններ.

11) ըստ անհրաժեշտության հրավիրում է քաղաքական խորհրդակցություններ.

12) տնօրինում է Ազգային ժողովի նյութական միջոցները.

13) նշանակում եւ ազատում է զբաղեցրած պաշտոններից՝ Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավարին, աշխատակազմի ղեկավարի տեղակալներին.

(խմբ. 21.01.2020 ՀՕ-46-Ն)

13.1) հաստատում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը, ինչպես նաեւ նշանակում եւ ազատում է զբաղեցրած պաշտոններից Աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին.

(լր. 21.01.2020 ՀՕ-46-Ն, ուժի մեջ կմտնի 30.11.2020 թվականին)

14) հաստատում է Աշխատակազմի հաստիքացուցակը եւ աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

(խմբ. 21.01.2020 ՀՕ-46-Ն)

15) իրավասու մշտական հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի (այսուհետ՝ Բյուջետային գրասենյակ) փորձագետներին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ նրանց պաշտոնների նկարագրերը.

16) (ուժը կորցրել է 21.01.2020 ՀՕ-46-Ն, ուժի մեջ կմտնի 30.11.2020 թվականին)

17) կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ` սահմանելով դրանց անցկացման կարգը.

18) կարող է ձեւավորել հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական  մարմիններ.

19) նշանակում է Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչ.

20) կարող է ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող միջազգային կազմակերպություններին եւ օտարերկրյա հասարակական կազմակերպություններին.

21) հաստատում է Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները.

22) պարգեւատրում է ՀՀ ԱԺ պատվո մեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով, ինչպես նաեւ խրախուսում է դրամական պարգեւատրմամբ.

23) նշանակում է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովների եւ մրցանակաբաշխության կոմիտեի անդամի թեկնածու առաջադրելու իրավասություն ունեցող Ազգային ժողովի մշտական հանձնաժողով:

(լր. 11.05.2020 ՀՕ-264-Ն)

  1. Իր լիազորություններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ եւ կարգադրություններ, որոնք երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (www.parliament.am)՝ բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակողների:

(լր. 13.09.2019 ՀՕ-175-Ն)

 

 

 

ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ԿԱՅԱՆՈՒՄ ՈՒՂԵԿԱԼ ԿՏԵՂԱԴՐԵՆ

2020թ. ապրիլի 16-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արթուր Բեգինյանը հայտնեց, որ 6 օր առաջ Ազատամուտ են ժամանել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի սահմանապահ զորքերի գնդապետ եւ կապիտան, նրանց հետ են նաեւ Արմավիրում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի թվով  10 զինծառայողներ, որոնք ազգությամբ հայեր են։ Դրանք  ռուս սահմանապահների տեխնիկական անձնակազմից են։ Նրանք տեղավորվել են Ազատամուտ գյուղի կիսակառույց դպրոցի շենքում, նրանց կեցության վայրն ապահովվել է խմելու ջրով եւ էլեկտրական հոսանքով։  Ա. Բեգինյանը հայտնեց, որ նրանց նպատակը Ազատամուտի հարեւան՝ Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայան բնակավայրի տարածքում սահմանապահ ուղեկալի  տեղը ճշտելն է, նրանք այդ նպատակով  Կայանում  2 տեղանք  են ուսումնասիրել։ Ուղեկալի տեղը ճշտելուց հետո այդտեղ  կժամանի  մոտ 50 ռուսաստանցի սահմանապահ։ Արթուր Բեգինյանին հարցրի, թե սահմանի այդ հատվածում երբ է իրավիճակի թեժացում  եղել։ Նա ասաց, որ վերջին անգամ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում  ինտենսիվ կրակոցներ, իրավիճակի սրացում  եղել է  5 տարի առաջ՝ 2016 թվականին։ Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնեց նաեւ, որ Ազատամուտի  բնակիչների մի մասն անհանգստությամբ է ընդունել ռուս սահմանապահ զինվորականների հայտնվելը՝ մտավախություն ունենալով, որ տարածքներ կարող են հանձնվել Ադրբեջանին։ Մոտ 4 օր առաջ Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ  Ոսկեպար գյուղի ծայրին՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող, Ոսկեպարի բնակիչ, ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հուսիկ Պապյանի առանձնատան գլխից այնտեղ ժամանակավորապես բնակվող ռուսաստանցի զինվորականները հանել են Ռուսաստանի պետական դրոշը։ Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ այդտեղ հիմնավորված ռուս զինվորականները օգոստոսի 10-ին  իրենց ավտոմեքենայով եղել են նախկինում ադրբեջանաբնակ Յուխարի Աքսիպարա (Վերին Ոսկեպար) գյուղի տարածքում։ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, Աժ պատգամավոր, Աժ հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Ղալումյանը մի քանի օր առաջ  արդեն երկրորդ անգամ խոսել է Տավուշում Հայաստանի տիրապետության տակ գտնվող ադրբեջանական տարածքների մասին։ Ոսկեպարի եւ Այգեհովտի մաս կազմող Կայանի սահմանագծում վերջին 5 տարում համեմատաբար խաղաղ է, ի՞նչ անհրաժեշտություն կա ռուս սահմանապահների ուղեկալներ տեղադրել։ Դա առաջնահերթություն է սահմանազատումն  ու սահմանագծումն իր օրակարգը համարած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բայց ոչ Տավուշի սահմանագոտու բնակիչների համար։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ Է ԻՋԵՑՎԱԾ

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դարձյալ իրավապահ համակարգի տեսադաշտում է. երեկ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել պետական կամ համայնքային բազմաթիվ գույքեր հանցավոր չարաշահումներով օտարելու համար: Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Վարդան Ղուկասյանի հետ:

 

«Եթե Ղուկասյան Վարդանին մեղադրում են նրա համար, որ Ղուկասյան Վարդանը տվել է տարածքներ, որ մարդիկ բնակարաններ կառուցեն, եւ դրա համար ինձ պետք է մեղադրեն, ես պատրաստ եմ այդ մեղադրանքը ընդունելու, դա ապաշխարհություն կլինի վերին Երուսաղեմում: Իսկ ինչ մնում է գումարային առումով կամ ինչ-որ մի բան, դա ինձանից շատ հեռու բան է, ես այս քաղաքի ունեցվածքը այնպես եմ պահել, այնպես եմ արել, որ Հայաստանում 100 մլրդ դրամի մասնավորը շինարարություն է արել իմ ժամանակահատվածում. դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչ թիվ է: Այդ տարածողները ինձ պետք է աշխատանքային հերոսի կոչում տան…»,-նկատեց Ղուկասյանը:

Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2001-2011 թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բազմաթիվ հողատարածքներ: Ըստ դատախազության` Ղուկասյանը որոշ դեպքերում անձամբ է մասնակցել հողամասերի օտարման աճուրդներին եւ ճանաչվել հաղթող: Սակայն ինքը Ղուկասյանը դատախազության հայտարարությունը համարում է հեքիաթ:

«Հերթական հեքիաթները, հերթական շոուները, հերթական բեմականացումը: Եթե ինձ որեւիցե բանում մեղադրեն, ապա ոչ մի բան չանելու համար: Ուղղակի քաղաքական պատվեր է իջեցված, եւ իմ հայացքները համահունչ չի քայլել էսօրվա ու նախկին իշխանության հետ, ազգի շահերն է պաշտպանել, ժողովրդի շահերն է պաշտպանել, այդ մարդուն պիտի անպայման դատենք կամ վտարենք ՀՀ-ից, որը հիմա արվում է»:

Բացի այս, դատախազությունից փոխանցում են, որ Գյումրու նախկին քաղաքապետն օտարել է նույնիսկ պատմամշակութային արժեք ունեցող շինություն։

Վարդան Ղուկասյանի խոսքով՝ սա քաղաքական հետապնդում է: Բացի այս, ըստ Ղուկասյանի՝ այսօրվա իշխանությունն անհանգստացած է, քանի որ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Վարդան Ղուկասյանը, հնարավոր է, հոկտեմբերին կայանալիք Գյումրու քաղաքապետի ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս