ՔԱՅԼԱՐՇԱՎ, ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ, ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում օգոստոսի 12-ին Երիտասարդության միջազգային օրն առանձնանալու է ակտիվ միջոցառումներով՝  շեշտը դնելով Կապանի՝ որպես երիտասարդական մայրաքաղաքի վրա:

 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը նշեց, որ նախարարության եւ քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում նախատեսված են ամենատարբեր միջոցառումներ: Նախատեսված են սպորտային միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր, գրքերի շնորհանդեսներ, տարածքների մաքրման աշխատանքներ, քննարկումներ երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ, քայլարշավ եւ այլն:

«Փորձում ենք այնպիսի միջոցառումներ կազմակերպել, որոնք կհետաքրքրեն երիտասարդներին, կբարձրաձայնվեն, նրանց ու պետության առաջ ծառացած խնդիրներ, կնախանշվեն լուծումներ»,- ասաց Գոհար Մամիկոնյանը:

Երեւանում՝ «The LOFT» ինքնազարգացման կենտրոնում, նախարարության հետ համատեղ անցկացվելու է երիտասարական հավաք:

«The LOFT» -ի տնօրեն Արեւիկ Համբարձումյանը նշեց, որ մասնակիցների շրջանում բավական ակտիվություն կա, արդեն 200-ից ավելի մարդ գրանցվել է:

«Ընտրել ենք 4 հիմնական ուղղություններ՝ «Մրցունակ ոչ ֆորմալ կրթություն, գիտություն եւ ինովացիա», «Մարզերում սոցիալական անարդարություն եւ համաչափ զարգացվածություն», «Բուհից աշխատաշուկա», «Պարենի անվտանգություն»: Յուրաքանչյուր թեմայի հետ կապված՝  հրավիրել ենք մասնագետների, որոնք էլ երիտասարդների մասնակցությամբ հարց ու պատասխանի միջոցով վեր կհանեն ոլորտի խնդիրները, առաջնահերթությունները»,- ասաց Արեւիկ Համբարձումյանը: Նրա խոսքով՝ քննարկման շեշտադրումը ոչ թե այն է լինելու, որ ցանկանում են եւս մեկ անգամ լսել երիտասարդների խնդիրների մասին, այլ զրուցել նրանց հետ իրենց կարողությունների ու հնարավորությունների թեմայով:

Գոհար Մամիկոնյանը տեղեկացրեց, որ քննարկմանը ներկա են լինելու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը, գերատեսչության այլ ներկայացուցիչներ: Ոչ թե պարզապես լսելու են երիտասարդներին, այլ առանձնացնելու են խնդիրներն ու բարձրացված հարցերը, որոնք կարտացոլվեն նախարարության կողմից մշակվող երիտասարդության ռազմավարությունում:

«Ռազմավարության նախագծով երեք հիմնական թիրախներ են առանձնացված: Առաջինը այն միջավայրի ձեւավորումն է, որտեղ պետք է երիտասարդը կարողանա ստանալ ինքնադրսեւորվելու, զարգանալու հնարավորություն: Երկրորդը համագործակցությունն է հասարակական կառույցների հետ: Երրորդը սակավ հնարավորություններով երիտասարդների թիրախավորումն է: Այստեղ նկատի ունենք ոչ միայն այն երիտասարդների խմբերին, որոնք ունեն հաշմանդամություն, այլեւ հեռավոր համայնքներում ապրող, աշխատող երիտասարդներին, որոնք ունեն սակավ հնարավորություն գալու, մասնակցելու տարբեր միջոցառումների»,- հավելեց նախարարության ներկայացուցիչը:

Ն.Պ.

 

 

 

ՀԱՐԲԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Գեղարքունիքի եւ Սյունիքի գյուղերից պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաեւ հարբած վիճակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ-ը։ Նա, մասնավորապես, գրել է. «Ընդ որում, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար ահաբեկելու նպատակով: Այդ դեպքերում գիշերը հաճախ միացնում են բնակիչներին անհանգստություն պատճառող բարձր երաժշտություն, գոռգոռում, այսինքն` կատարում են խուլիգանական արարքներ: Նման ահազանգեր ստանում ենք՝ 2020թ. դեկտեմբերից սկսած: Խոսքը այն գյուղերի մասին է, որոնց անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավունքի պահանջների կոպիտ խախտումներով տեղակայվել են պատերազմից հետո ու հատկապես 2021թ. մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժումներից հետո: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նշված ահազանգերի ուսումնասիրությունները վկայում են, որ ադրբեջանական կրակոցները դադարում են ՀՀ զինված ուժերի բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ գործողություններից հետո»։

 

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՆ ԱՃՈՒՄ Է

Հայաստանում օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու  391 նոր դեպք է հայտնաբերվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 233 001 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Երեկ կատարված 6425 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 391 նոր դեպք: Ունենք 139 առողջացած, 6 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1129 է:

 

 

 

ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ

Նախօրեին ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը, Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է օբյեկտիվ ապացույցներ, որոնք հաստատում են, որ հայկական կողմի գերիները պահվում են ապօրինի` քաղաքական նպատակներով, եւ որ գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները արհեստական են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։ Քննարկումը կազմակերպել էր ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման եւ իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսը: Քննարկման մասնակիցների թվում էր նաեւ Իրավունքի դպրոցների ամերիկյան ասոցիացիայի մարդու իրավունքների միջազգային բաժնի ընտրված ղեկավար, իրավունքի պրոֆեսոր Թոմաս Մ. Մակդոնելը։

 




Լրահոս