Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի դուստրը՝ Լաուրան, օգոստոսի 3-ին ամուսնացել է։ Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Հաղարծնի վանքում: Պսակադրությունը եղել է համեստ, այնուհետեւ Դիլիջանում բացօթյա փոքրիկ խնջույք է եղել, որին մասնակցել են միայն ամենահարազատ մարդիկ։
«Ժողովուրդ» օրաթերթը Անահիտ Կիրակոսյանի եւ ամուսնու հետ զրուցել է նրանց ապրումների եւ զգացողությունների մասին:
Արարողությունից հետո նորապսակները մեկնել են մեղրամսի Եգիպտոս:
Նշենք, որ ամիսներ առաջ` Լաուրայի 19-ամյակի օրը, զույգը նշանվել էր։ Այն ժամանակ ավելի մեծ հավաքույթ էին կազմակերպել` արդեն իմանալով, որ հարսանիք չեն անելու:
«Ի սկզբանե որոշել էինք, որ մեծ հարսանեկան արարողություն կամ խնջույք չի լինելու, քանի որ մեր փեսայի հոր մահվան տարելիցը դեռ չէր եղել, եւ իհարկե, հարգելով մեր զոհված հերոսների հիշատակը: Հաղարծնի վանքում պսակադրության սուրբ արարողությունից հետո փոքրիկ խնջույք էինք կազմակերպել Դիլիջանում, որին մասնակցում էին մեր երկու ընտանիքներն առանց կողմնակի անձանց մասնակցության: Շնորհավորեցինք նորապսակներին՝ մաղթելով լիքը սեր եւ երջանկություն, եւ արդեն հաջորդ օրը նրանք ուղեւորվեցին Եգիպտոս՝ վայելելու իրենց մեղրամիսը»,-ասաց Անահիտը:
Դերասանուհու խոսքով՝ զգացողություններն ու հույզերը անպատմելի են. «Ամեն մի պահի մեջ ե՛ւ հուզմունք կար, ե՛ւ լրջություն: Ունեի այն բոլոր ապրումներն, ինչ ունենում է յուրաքանչյուր մայր, եւ մինչեւ հիմա էլ դեռ հուզված եմ: Կարծում եմ՝ այս զգացողությունը դեռ երկար ինձ հետ կլինի. «Երբեք չէի մտածի, որ այսքան լուրջ կտանեմ, չնայած որ, փառք Աստծու, մեր փեսացուն շատ հասուն եւ լավ մարդ է, ինչը մեծ հանգստություն է ներքուստ տալիս ինձ: Երբ աստիճաններով իջնում ես, աղջկադ ձեռքը հանձնում ես, դա մի ուրիշ բան է, եւ հենց այդ պահին խորապես հասկանում ես, որ արդեն նա մեծացել է, արդեն իր սեփական կյանքն է կառուցում, եւ այն պատասխանատվությունը, որը 19 տարի դու կրել ես, հանձնում ես ուրիշին՝ հույսով, որ ամեն ինչ լավ է լինելու, երջանիկ են լինելու, ինչն ինձ համար ամենակարեւորն է: Ես նրանց միայն մի բան եմ խորհուրդ տվել, որ ամեն որոշում կայացնելիս հարգեն մեկը մյուսի ցանկությունները, կարողանան պայքարել եւ ցանկացած դժվարություն միասին հաղթահարել: Օրինակ՝ սրանից մի քանի տարի առաջ ես կմտածեի, որ նման որոշում կայացնելու համար շատ վաղ է, դեռ պետք է համալսարանն ավարտի, կայանա, բայց երբ սերը գալիս է, եւ այն իսկական է, ապա մնացած ամեն բան լուծելի է: Կարծում եմ՝ տարիքն առանձնապես մեծ նշանակություն չունի»:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԻՄԵԼՈՒ ԵՆ CAS
«Դիմելու ենք Լոզանի արբիտրաժային դատարան (CAS: Court of Arbitration for Sport)՝ Տոկիո-2020-ում Կարեն Ասլանյանի, Կարապետ Չալյանի եւ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերի համար: Մեր մարզիկները պետք է տեսնեն, որ իրենց թիկունքում կա երկիր, որը պայքարում է իրենց համար: Այս հարցով կդիմենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին, ԿԳՄՍ նախարարությանը»,- հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներ Էդուարդ Սահակյանն ու Գեւորգ Ալեքսանյանը ամփոփել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիո-2020-ի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանն ուներ 4 հունահռոմեական ոճի ըմբիշ ւե նվաճեց մեկ արծաթե մեդալ: Թիմի մարզիչները որոշել են ֆեդերացիայի եւ մարզական կառույցների միջոցով դիմել դատարան՝ Տոկիո-2020-ում հայ ըմբիշների գոտեմարտերի քննություն սկսելու համար:
«Մեր 4 ըմբիշները շատ լավ պայքարեցին: Արմեն Մելիքյանը մեկնարկում շատ ուժեղ ըմբիշի հաղթեց, բայց երկրորդ գոտեմարտում առողջական խնդիր ուներ, լավ չէր զգում, սննդային թունավորում ուներ, չհասցրեց վերականգնվել, այդ պատճառով պարտվեց: Կարեն Ասլանյանը, Կարապետ Չալյանը եւ Արթուր Ալեքսանյանը հրաշալի գոտեմարտեր անցկացրին, շատ գրագետ աշխատեցին բոլոր գոտեմարտերում, բայց եղան մրցավարական միջամտություններ, որոնք թույլ չտվեցին մինչեւ վերջ շարունակել պայքարը եւ արժանի գնահատական ստանալ մեր այն մեծ աշխատանքին, որը Տոկիոյից առաջ կատարել էինք նախորդ 5 տարիների ընթացքում: Թիմի մասնակցությունից գոհ եմ, մեր տղաները որակական առումով ցույց տվեցին իրենց լավագույն կողմերը, բայց եղան դրվագներ, որ չկարողացանք հաղթահարել մրցավարությանը: Շատ դժվար է այս իրավիճակում համաձայնվել Օլիմպիական խաղերում ժյուրիի որոշումների հետ եւ ընդունել այդ ամենը»,- ասաց Էդուարդ Սահակյանը:
Գեւորգ Ալեքսանյանի խոսքով՝ նման անարդար մրցավարություն երբեք որեւէ Օլիմպիական խաղերում չի հանդիպել:
«Նախ ուզում եմ շնորհավորել Հայաստանի բոլոր մեդալակիրներին: Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելը հեշտ չէ, հատկապես՝ մեր նման փոքր երկրի համար, երբ պայքարում ենք հզոր երկրների դեմ: Ունեցանք 4 մեդալ տարբեր գույների, բայց մենք պատրաստ էինք նաեւ ոսկե մեդալ ունենալուն հունահռոմեական ոճի ըմբշամարտում: Արթուր Ալեքսանյանի արծաթը շատ մեծ արժեք ունեցող մեդալ է: Մենք դժգոհում ենք արդյունքներից, բայց դա չի նշանակում, որ արծաթե մեդալը մեզ համար նշանակություն չունի: Այդ մեդալի մեջ էլ շատ մեծ աշխատանք, քրտինք ու առողջություն է դրված:
Չենք կարող համաձայնել արդյունքների հետ: Հստակ հայտարարում եմ, որ մենք կարող էինք ու պատրաստ էինք վերադառնալ երեք մեդալով, որոնցից մեկը՝ Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալով: Ես Կարեն Ասլանյանին, Կարապետ Չալյանին պարտված չեմ համարում: Արթուր Ալեքսանյանն էլ չի պարտվել եզրափակիչում: Նրանց խանգարեցին»,- մանրամասնեց Գեւորգ Ալեքսանյանը:
Հայաստանի հավաքականի մարզիչները որոշել են դիմել Լոզանի արբիտրաժային դատարան (CAS):
«ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆ ԱԲՍՈՒՐԴ Է». ՇՈՂԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ռուսաստանաբնակ դերասանուհի Շողեր Գրիգորյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է Երեւանի պետական կամերային թատրոնի եւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական եւ կոմեդիայի պետական թատրոնի միացման նախարարության մտադրությանը, որն ընդունելի չէր երկու թատրոնների անձնակազմների կողմից:
Դերասանուհին մեզ հետ զրույցում նշեց, որ շատ ցավոտ հարց է հատկապես թատերասեր մարդկանց համար:
«Սա իսկապես ցավոտ է, բայց ես հասկանում էի, որ պետությունը գնալու է ամեն քայլի բյուջեն վերականգնելու համար: Ես մտածում եմ, որ ուզենք, չուզենք, պետք է գնանք զիջումների: Բայց պետք է այնպես անել, որ ոչ մի դերասան չզրկվի աշխատանքից, պետք է ամեն բան անել շատ նուրբ: Եվ աբսուրդն այնքան մեծ է, երբ պատգամավորների հավելավճարը 50 հազարից բարձրացնում են 250 հազար այն էլ չարդարացված ձեւով, երբ մեր թատրոնների, դերասանների վիճակն այսքան վատ է: Բացի այդ ես լսել եմ, որ պետությանը Կամերայինի շենքն է հարկավոր՝ այլ նպատակներից ելնելով, եւ ես խորհուրդ չէի տա դուրս գալ մարտի ինտիլիգենցիայի, դերասանների հետ: Հուսով եմ, որ երկխոսության միջոցով մի ընդհանուր հայտարարի կգան եւ այնպիսի լուծում կգտնեն, որ երկու կողմերին էլ կբավարարի»,-հավելեց դերասանուհին:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ՝ ԱՄԷ-ՈՒՄ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը ընդլայնված կազմով 5 համերգներով հանդես կգա Արաբական Միացյալ Էմիրություններում: Այս մասին տեղեկացնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։ Օգոստոսի 10-ին եւ 11-ին համերգները կանցկացվեն Դուբայի շքեղ օպերային դահլիճում: Երաժիշտներն արդեն իսկ ժամանել են Դուբայ, եւ նվագախումբն այսօր անց է կացնում առաջին փորձը: Համերգների դիրիժորներն են էրնսթ Վան Թիելը եւ Սթիվ Սիդվելը։ Համերգային ծրագրում հայտնի Joker ֆիլմի կինոերաժշտությունն է, ինչպես նաեւ ABBA, DISCO եւ West End սիմֆոնիկ շոու ծրագրերը: