Ազգային ժողովում երեկ ավարտվեց մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Օրակարգային մյուս հարցերն են կառավարության կառուցվածքն ու ծրագիրը: Չնայած երկու նախագծերն էլ դեռեւս շրջանառության մեջ չեն դրվել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը որոշակի մանրամասների տեղյակ է: Ինչպես հայտնի է, ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն՝ նոր լիազորություններով, եւ այնտեղ որպես փոխնախարար կգործուղվի նախկին պատգամավոր Հակոբ Սիմիդյանը: Մյուս փոփոխությունը վերաբերելու է փոխվարչապետերից մեկի լիազորություններին, եւ տարածքային կառավարման ամբողջ ոլորտն այսուհետ կլինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ղեկավարման տակ, որն ավելի փորձառու է այդ ոլորտում: Իսկ, ահա, կառավարության ծրագրի վերաբերյալ գործադիրի դեռ նախորդ նիստին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա առաջարկել է, որ ծրագիրը հիմնված լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի վրա: Մինչ այս Նիկոլ Փաշինյանի գլխավորած նախորդ կառավարությունները 2 այդպիսի ծրագիր արդեն ներկայացրել են, սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ երկուսն էլ տապալվել են: Դեռ 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը միլիարդների ներդրումներ էր խոստացել իր ընտրվելու պարագայում, սակայն հեղափոխությունից հետո ներդրումների ոչ միայն թռիչքաձեւ աճ չունեցանք, այլեւ դրանք նվազեցին՝ կազմելով 117 մլն դոլար՝ արձանագրելով 2003 թվականից ի վեր ամենացածր արդյունքը։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2018-2020թթ. գրեթե չի ավելացել։ Եթե 2018թ. 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 4188 դոլար էր, ապա 2020թ. դարձել է հազիվ 4269 դոլար. աճել է ընդամենը 1,9 տոկոսով։ Տեսնենք՝ այս անգամ ինչ են խոստանալու իշխանությունները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ ունի Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավագանու ու համայնքապետի պաշտոնը իրենով անել: Երեկ այս մասին խոսեց նաեւ ԱԺ պատգամավոր, կապանցի Աննա Գրիգորյանը, ըստ որի՝ իշխանությանը հաջողվել է արդեն հասնել նրան, որ համայնքի ավագանին հրաժարական է ներկայացնում, ինչը նշանակում է, որ առաջիկայում արտահերթ ընտրություններ են սպասվում: Պարզվում է՝ հայրենի իշխանությանը դուր չի եկել Կապանի համայնքապետ Գեւոր Փարսյանի այն հայտարարությունը, որ ԱԺ արտահերթ ընտրություններին ոչ մի դեպքում չպետք է ձայն տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընտրությունների արդյունքներից հետո որոշվել է Փարսյանին հեռացնել իր պաշտոնից, ու հիմա այդ պրոցեսն է ընթանում: 15-ից 8 ավագանի արդեն հրաժարական է ներկայացրել, ու արդեն հստակ է, որ ընտրություններ կլինեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունն արդեն ունի համայնքապետի իր թեկնածուն՝ ՔՊ խմբակցության պատգամավոր կապանցի Դավիթ Դանիելյանը: Նախ՝ ավագանին իրենցով կանեն, հետո Դանիելյանին կընտրեն քաղաքապետ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց տեղեկությունը ճշտել Դավիթ Դանիելյանից, որն ասաց, թե հիմա հստակ որոշում չկա կայացված. «Որոշակի խոսակցություններ կան, բայց որեւէ հստակ բան այս պահին որոշված չէ: Իհարկե, ամբողջապես ներգրավված եմ լինելու նախընտրական գործընթացին»,- վստահեցրեց երիտասարդ Դանիելյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն առաջիկայում հարցաքննության է հրավիրելու Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին։ Ինչպես հայտնի է, ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարին եւ փորձել էր պարզաբանումներ ստանալ, թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ՝ այդ ավտոմատ համակարգը նորից վերադարձնելու եւ այդ գործընթացը նորից վերսկսելու համար, եւ իրեն հայտնել էին, որ կատարվում են քննչական գործողություններ, ու նշանակվելու է համապատասխան ոլորտի փորձաքննություն։ Եվ, ահա, այս գործի շրջանակներում ԱԱԾ-ում առկա է դատավորների ցուցակ, որոնք պետք է առաջիկայում հարցաքննվեն։ Գագիկ Ջհանգիրյանն այս մասով ասել էր. «Որովհետեւ իրենք ոչ միայն կասկածներ ունեն, որ արհեստական միջամտության դեպքեր կան, այլ ասացին, որ նաեւ այդպիսի ապացույցներ ունեն կոնկրետ գործերով։ Հետեւաբար այդ խնդիրը պետք է դառնա նախաքննական լուրջ քննության առարկա»։ Առաջիկայում լուրջ հարցաքննություններ կլինեն։
Երեկ ՀՀ կառավարության նիստին որոշում կայացվեց աստիճանաբար դադարեցնել Երեւանում հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկի վերադարձը: Այս որոշման նախագիծը մի շարք դժգոհություններ է առաջացրել կառուցապատող ընկերությունների մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ զրուցեց կառուցապատողների հայկական ասոցացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ: «Մենք բոլոր կառուցապատողներով մտահոգված ենք խորապես, որովհետեւ եթե կյանքի կոչվեց եկամտահարկի վերադարձի դադարեցման վերաբերյալ նախագիծը, ուրեմն կառուցապատումը, կոպիտ ասած, դատապարտված է դեգրադացիայի: Ինչու՞. որովհետեւ այս ծրագիրն այն խթանիչ լոկոմոտիվ շարժիչն է, որի շնորհիվ մարդիկ շահագրգռված տուն էին առնում»,- նկատեց Գուրգեն Գրիգորյանը: Մեր զրուցակիցը համոզված է՝ եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, այսինքն՝ եկամտահարկյի վերադարձը վերացվի, ապա կառուցապատողները շենքեր չեն կառուցի, որովհետեւ իրացնելու խնդիր կունենան: «Բոլոր կառուցապատողները լուրջ մտահոգության առաջ են կանգնած, թե ինչպես վարվեն, որ ամեն ինչ ճիշտ լինի, ամեն ինչ, որովհետեւ բոլորն էլ հիմա մտածում են՝ շարունակեն կառուցապատմամբ զբաղվել, թե ոչ, պահանջարկը, բնականաբար, կնվազի: Նոր պրոեկտներ չեն սկսի, սկսածը կավարտեն ու վերջ»,- լրացրեց կառուցապատողների հայկական ասոցացիայի նախագահը: Այսպիսով, նախկին իշխանության եզակի դրական ծրագրերից մեկը Նիկոլ Փաշինյանը չեղարկում է՝ կաթվածահար անելով մի ողջ ոլորտ: