Հայաստանը տարածքներ նվաճելու որեւէ մտադրություն չունի, եւ տարածաշրջանի խաղաղությունը Երեւանի երկարատեւ ռազմավարությունն է: Այս մասին երեկ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե հայկական զինված ուժերը զարգանալու են ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար։
«Հայաստանի Հանրապետությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են հարեւան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը եւ/կամ զարգացումը: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է լինելու», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները, թե հայկական զինված ուժերի բարեփոխումների նպատակը սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելն է:
«Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն զինված ուժերը զարգացնելու եւ վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, եւ մենք տարածքներ նվաճելու որեւէ մտադրություն չունենք: Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Մենք ագրեսիվ որեւէ մտադրություն չունենք, եւ տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատեւ ռազմավարությունն է», – նշեց Հայաստանի կառավարության ղեկավարը:
«Հայաստանը պատրաստ է բարձրագույն մակարդակում ներգրավվել Ադրբեջանի հետ բանակցություններում եւ սպասում է կոնկրետ առաջարկների». Փաշինյան:
Կառավարության նիստում վարչապետը նաեւ ընդգծեց՝ «սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի եւ կայունացման համար»։
«Հուլիսի 29-ի ելույթում այս հարցին նույնպես անդրադարձել եմ՝ ասելով, որ կարծում եմ՝ դա պետք է լինի Հավաքական անվտանգության պայմանագրի դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը: Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, եւ մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների», – հայտարարեց Փաշինյանը:
«Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է, եւ մենք կարծում ենք, որ այս ուղղությամբ նույնպես աշխատանքները պետք է ակտիվանան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի, Արցախի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն: Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է լինենք առավելագույնս ակտիվ եւ ճկուն, մեր տրամադրությունը եւ տրամադրվածությունը պետք է լինի հետեւյալը՝ առավելագույնն անել օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար: Իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ, հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը պիտի լինի հետեւյալը՝ գնալ լուծումների: Նման հարցերից մեկը, որը, կարծում եմ, հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարծաշրջանային ապաշրջափակման օրակարգը: Եվ կարծում եմ՝ պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձեւաչափում եւ լինենք առավել ակտիվ ու նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն եւ տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից», – ընդգծեց նա:
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ ձեւաչափով աշխատանքները վերսկսելու մասին Փաշինյանի հայտարարությունը ուշագրավ է, որովհետեւ այդ հարթակում Երեւանի ներկայացուցիչ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ավելի քան երկու ամիս առաջ լրագրողներին հայտարարեց, թե աշխատանքները դադարեցված են՝ սահմանին առկա իրավիճակի պատճառով։ Պաշտոնական Երեւանը, սակայն, չէր հստակեցրել՝ արդյոք փոխվարչապետերի ձեւաչափով բանակցությունները կվերսկսվեն միայն այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը հեռանա Հայաստանի տարածքից։
«Այս իրավիճակում եւ սահմանում այս իրադրությունների պարագայում ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում: Այդ իմաստով վերջին շրջանում կոնտակտները ընդհատվել են այդ հարթակի մասով», – նշել է Գրիգորյանը:
Ն.Հ.
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ
«Այս սահմանափակումները լրագրողների իրավունքների ոտնահարման դասական օրինակ է»,- ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով խորհրդարանում լրատվամիջոցների աշխատանքների սահմանափակումներին։ «Խորհրդարանի ղեկավարությու՞նը պիտի որոշի՝ լրագրողներն ում մոտենան, ում՝ ոչ, ինչ նյութ գրեն»,- նշել է նա։ Երեկվա ԱԺ նիստի հեռարձակումը դադարեցնելն էլ, ըստ պատգամավորի, ԱԺ նախագահի կամայականությամբ է տեղի ունեցել. «Օթյակից լրագրողներին հանեցին, որովհետեւ նրանք արձանագրում էին այն խայտառակ պատկերը, որ ԱԺ դահլիճում էր, այն հայհոյանքները, որ պատգամավորները միմյանց տալիս էին։ Եթե դահլիճում դուք իրար հայհոյում եք, փողոցայինի նման եք ձեզ պահում, դա պիտի դառնա հանրությանը հասանելի։ Տարիներ շարունակ եղել են պատգամավորներ, որոնք շարիկ են խաղացել դահլիճում, խորը նիրհել են, ու այդ ամենը լրագրողները միշտ լուսաբանել են։ ԱԺ ղեկավարը հիմա քնկոտ պատգամավորներին լուսաբանելու հնարավորությունից զրկում է»,- շեշտել է պատգամավորը։ Այս սահմանափակումները, Թովմասյանի խոսքով, նաեւ իշխանական պատգամավորներին անցանկալի հարցերը վերահսկելու նպատակ ունեն։
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ԴԱՏԱՎՈՐԻՆ
Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից 16,9 միլիոն դրամ կփոխհատուցի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին` չվճարված հավելավճարի դիմաց։ Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության նիստի օրակարգում։ Հիշեցնենք, որ արդարադատության արդեն նախկին նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների արդյունքով իշխանությունը ՍԴ դատավորներից փորձում էր ազատվել։ 2020 թվականին ԱԺ-ի կողմից կատարված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը եւ Ֆելիքս Թոխյանն ազատվել էին ՍԴ դատավորրի պաշտոններից, իսկ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի պաշտոնից: Իր իրավունքների պաշտպանության համար Ալվինա Գյուլումյանը դիմել էր դատարան։ ՀՀ վճռաբեկ դատարանը վերջերս մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի վճռաբեկ բողոքը եւ պարտավորեցրել ՍԴ աշխատակազմի ղեկավարին` Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից մինչեւ 26.06.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 601 հազար դրամի չափով` ընդհանուր 16.9 մլն դրամ:
ԿՐԿՆԱԿԻ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ
Ուսումնական հաստատությունների դասախոսական կազմը, հանրային սննդի օբյեկտների եւ մի շարք կազմակերպությունների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները պետք է ամսական երկու անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն, եթե հակացուցումներ չունեն ու հրաժարվում են պատվաստվելուց: Այս մասին մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Դիտարկմանը, թե փաստացի այդ ոլորտների մարդկանց ստիպում են պատվաստվել, Ավանեսյանն ասաց. «Մենք ունենք դեռ օրական գրանցվող մահեր, ունենք մտավախություն հետագայում ալիքի բարձրացման, եւ մենք՝ որպես պետություն, պետք է անենք ամեն ինչ՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին, իսկ այդ գործիքակազմի մեջ, ինչպես նաեւ շատ այլ երկրներ, օգտվելու ենք նման սահմանափակումներից, որովհետեւ այս պարագայում կոնկրետ անձի առողջությունից բացի, մենք խնդիր ունենք հանրային առողջապահական լուրջ մարտահրավերի հետ, ուստի անելու ենք ամեն ինչ օրենքի շրջանակում, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն, ինչը ամենագործուն միջոցն է պայքարելու Քովիդ-19-ի դեմ»,-ասել է նախարարը:
ԿԱՊԱՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
Սյունիքի քաղաքների նախկին եւ ներկա ղեկավարների նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են: «Հերթը հասավ Կապանին: Գեւորգ Փարսյանը ընտրվել է 2018թ., նրա մանդատը կավարտվի 2023 թվականին: Ընտրություններից առաջ խնդիրներ չկային: Ընտրություններից անմիջապես հետո խորհրդի վեց անդամ միաժամանակ որոշեց, որ այլեւս չի ցանկանում լինել խորհրդի կազմում, ամբողջ գործընթացը նոր ընտրությունների է գնում: Ինչո՞ւ եք ցանկանում ամեն կերպ չեզոքացնել Սյունիքի ղեկավարներին»,- հարցրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Նա հիշեցրեց, որ իշխող կուսակցության ղեկավարության կողմից ընդունված որոշումների արդյունքում Կապանը վտանգված է. դեպի Կապան տանող ճանապարհները գտնվում են ադրբեջանցի զինվորների հսկողության տակ, օդանավակայանի մոտ ադրբեջանցիներ են կանգնած, M2 ճանապարհը նրանց նշանի տակ է:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների իրականացման արդյունքում՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մերուժան Առաքելյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը: Պարզվել է, որ կազմակերպությունն աշխատել է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, այն է՝ արտադրական եւ օժանդակ կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ եւ պատշաճ վիճակում, արտադրամասի առանձին սարքավորումների արտաքին մակերեւույթները ժանգոտված են եղել, տորթերի եւ հրուշակեղենի ձեւավորման սեղաններն ունեն անհարթ մակերեսներ եւ վնասված եզրեր, ինչը հանդիսանում է սննդամթերքի աղտոտման աղբյուր: Խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ: