ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Հառիճ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պատմամշակութային արժեք ներկայացնող Հառիճավանք վանական համալիրի տարածքում, առանց լիազոր մարմնի թույլտվության, շինարարական աշխատանքներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Այս մասին ArmLur.am-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հառիճ համայնքում գտնվող 7-19դդ. Հառիճավանք վանական համալիրի տարածքում, որը Շիրակի մարզպետի եւ Հառիճ համայնքի ղեկավարի ստորագրություններով ու կնիքներով դեռեւս 2011թ. դեկտեմբերի 15-ին համաձայնեցվել ու ՀՀ մշակույթի նախարարի ստորագրությամբ ու կնիքով 2012թ. հունվարի 10-ին հաստատվել է պատմության եւ մշակույթի հուշարձանի պահպանական գոտիների նախագիծ, ըստ որի՝ Հառիճավանք վանական համալիրը, որն ունի 2,85 հա պահպանական գոտու տարածք եւ 1 հա հուշարձանի տարածք, դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային, ունի այդ հողերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ, օգտագործման ռեժիմ եւ այդ տարածքում հողհատկացումները, գյուղատնտեսական, շինարարական եւ այլ աշխատանքները համաձայնեցվում են ՀՀ մշակույթի նախարարության հետ, իրականացվում է ապօրինի շինարարություն:
Նկատի ունենանլով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք եւ առիթ, հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, 2001թ. մինչ օրս զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, տեղյակ լինելով վանական համալիրի կարգավիճակի մասին, Հառիճավանք վանական համալիրի պահպանական գոտում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական, արոտավայրերի գործառնական նշանակության հողամասը, առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու, համայնքի ավագանու որոշմամբ, վարձակալությամբ տրամադրել է իր քրոջ որդուն, որը գտնվում է Իրաքի Արաբական Հանրապետությունում: Վերջինս դեռեւս քննությամբ չպարզված անձանց միջոցով, առանց համապատասխան թույլտվության, վանքի պարիսպի տակ կառուցել է քարե շինություն՝ «մատաղատուն»՝ այդկերպ էական վնաս պատճառելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու իրավունքներին եւ օրինական շահերին:
Միաժամանակ, համայնքի ղեկավարը, իրավական ակտերով օժտված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությամբ, հաստատապես իմանալով ապօրինի քարե շինություն հանդիսացող «մատաղատան» կառուցման մասին, ուղղակի դիտավորությամբ, ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չի ձեռնարկել, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չի կիրառել: Հառիճ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ նախօրեին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած պայթյունի փաստով։ Ժամը 03։30-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին է ահազանգել Վանաձորի բնակիչ 51-ամյա Արմեն Քարամյանը եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 02։20-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձոր քաղաքի Մ. Հերացի 12 հասցեում գործող «Ամստերդամ» բացօթյա սրճարանի ուղությամբ նռնակ է նետել, ապա դիմել փախուստի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սրճարանին պատճառվել է նյութական վնաս։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։
ՎՐԱԵՐԹԻ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է անզգուշությամբ մահ առաջացրած, ճանապարհային երթեւեկության պահանջների խախտման դեպքի հանգամանքները։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի բնակիչը 2021 թվականի հունվարի 26-ին` ժամը 19-ի սահմաններում, ոչ սթափ վիճակում Ալավերդի-Օձուն ավտոճանապարհին «Մերսեդես-բենց C 180» մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս, անվտանգ շրջանցելու համար ժամանակին միջոցներ չի ձեռնարկել, ինչի արդյունքում ստեղծված վթարային իրավիճակում վրաերթի է ենթարկել նույն համայնքի 56-ամյա բնակչուհուն՝ անզգուշությամբ պատճառելով մահ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ԱՊՕՐԻՆԻ ԻՐԱՑՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի բնակչի կողմից խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի իրացնելու եւ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 44-ամյա տղամարդը, չունենալով բժշկական նպատակով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի շրջանառությունը իրականացնելու, ձեռք բերելու եւ պահելու թույլտվություն, 2018 թվականի սեպտեմբերին Արմավիրի մարզի ջրատարի կողքին աճող կանեփի բույսերից իր օգտագործման համար, առանց իրացնելու նպատակի, ապօրինի պատրաստել է 90,37գ. քաշով Մարիխուանա տեսակի թմրամիջոց, որն ապօրինի պահել է իր բնակարանում, ինչը խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից։
Բացի այդ, նա քննությամբ չպարզված անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել 14,22գ. Մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը 2019թ. ապրիլի 11-ին իրացրել է Էջմիածին քաղաքի բնակչին: Վերջինս, թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու հարցի շուրջ նախապես պայմանավորվելով այլ անձանց հետ, Մարիխուանա տեսակի 10.73գ. եւ 2,72գ. թմրամիջոցները պահել է իր կողմից շահագործվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի սրահում՝ նրանց փոխանցելու համար, իսկ 0,77գ. անձնական օգտագործման համար պահել է իր մոտ, սակայն նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, իր կամքից անկախ հանգամանքներով գործարքը չի կարողացել ավարտին չհասցնել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ՇԱՀԱԴԻՏԱԿԱՆ
Իրավապահ մարմինները շարունակում են բացահայտել անօրինական միգրացիակի դեպքերը։ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Հովհաննես Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Արթուր Մնացականյանի հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական նպատակով, կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, կազմակերպել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Հռիփսիմե Ղազարյանի եւ նրա որդու՝ Սերժ Հարությունյանի անօրինական միգրացիան: