ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարության նիստին որոշում կայացվեց աստիճանաբար դադարեցնել Երեւանում հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկի վերադարձը: Այս որոշման նախագիծը մի շարք դժգոհություններ է առաջացրել կառուցապատող ընկերությունների մոտ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչեւ 2025 թվականը եկամտահարկն այլեւս չեն վերադարձնի հենց Երեւանում բնակարան գնողներին, իսկ մարզերի համար պայմանները փոփոխության չեն ենթարկվի։ Երեւանի սահմաններում, ըստ գոտիականության եւ ըստ տարիների, աստիճանաբար կկրճատվի հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձի համակարգը։ Այսպես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկը չի վերադարձվի 4 դեպքում`

եթե գույքը գտնվում է Երեւանի առաջին գոտում (2022 թվականի հուլիսի 1-ից),

եթե գույքը գտնվում է Երեւանի երկրորդ գոտում (2023 թվականի հունվարի 1-ից),

եթե գույքը գտնվում է Երեւանի երրորդ գոտում (2023 թվականի հուլիսի 1-ից),

եթե գույքը գտնվում է Երեւանի այլ գոտիներում (2025 թվականի հունվարի 1-ից):

Ըստ ֆինանսների նախարարության՝ օրենքի փոփոխությամբ կառուցապատման աշխատանքները կակտիվանան Երեւանից դուրս։

Սակայն տնտեսագետ, Սոցապ նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի կարծիքով՝ եկամտային հարկի վերադարձի սահմանափակումներ կիրառելը լուրջ խնդիրներ է առաջացնելու ոչ միայն տնտեսության մեջ։

«Երեւանում, մեղմ ասած, անկազմակերպ բնակարանաշինությունը, այո, խնդրահարույց է, բայց լուծումը ոչ թե հարկային օրենսգրքի փոփոխությունն է, այլ Երեւանի մաստեր-պլան ունենալն է, որտեղ հստակ նշված կլինեն, թե որտեղ են կառուցվելու նոր շենքեր, եւ երբ են փոխարինվելու հին շենքերը»,- հայտարարել է Մ. Առաքելյանը։ Նրա խոսքով՝ այսօր Երեւանի քաղաքապետը մի կողմից շինթույլտվություններ է տրամադրում, կառավարությունը բնակելի շենքերի ներդրումներային ծրագրեր է հաստատում, մյուս կողմից` հարկային օրենսգրքով սահմանափակումներ են կիրառվում. «Օրինակ՝ Երեւանի Աջափնյակ համայնքում, որտեղի բնակֆոնդի փոփոխությունը օրհասական խնդիր է»։

Բայց սա դեռ ամենը չէ. Կառավարության երեկվա նիստում ընդունված որոշումը խիստ անհանգստացրել է կառուցապատող ընկերություններին: «Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ զրուցեց Հառուցապառտողների հայկական ասոցացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ:

«Մենք բոլոր կառուցապատողներով մտահոգված ենք խորապես, որովհետեւ եթե կյանքի կոչվեց եկամտահարկի վերադարձի դադարեցման վերաբերյալ նախագիծը, ուրեմն կառուցապատումը, կոպիտ ասած, դատապարտված է դեգրադացիայի: Ինչու՞. որովհետեւ այս ծրագիրն այն խթանիչ լոկոմոտիվ շարժիչն է, որի շնորհիվ մարդիկ շահագրգռված տուն էին առնում»,- նկատեց Գուրգեն Գրիգորյանը:

Մեր զրուցակիցը համոզված է՝ եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, այսինքն՝ եկամտահարկյի վերադարձը վերացվի, ապա կառուցապատողները շենքեր չեն կառուցի, որովհետեւ իրացնելու խնդիր կունենան: «Բոլոր կառուցապատողները լուրջ մտահոգության առաջ են կանգնած, թե ինչպես վարվեն, որ ամեն ինչ ճիշտ լինի, ամեն ինչ, որովհետեւ բոլորն էլ հիմա մտածում են՝ շարունակեն կառուցապատմամբ զբաղվել, թե ոչ, որովհետեւ պահանջարկը, բնականաբար, կնվազի: Նոր պրոեկտներ չեն սկսի, սկսածը կավարտեն ու վերջ»,- լրացրեց Կառուցապառտողների հայկական ասոցացիայի նախագահը:

«Ժողովուրդ» օրաթերթը Գուրգեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությունը կառուցապատողների հետ այս խնդրի շուրջ քննարկում կազմակերպել է, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց. «Մենք ունենք աշխատանքային խումբ՝ էկոնոմիկայի նախարարի հովանավորությամբ ստեղծված, այդ խմբի շրջանակներում մենք մեր մտահոգությունների մասին բարձրաձայնել ենք, ներկայացրել ենք բոլոր ռիսկերը, բայց ստացվում է, որ անպտուղ է եղել այդ քննարկումը»: Հարցին՝ ինչ են անելու կառուցապատողները, Գրիգորյանն ասաց, որ ասոցացիան ունի խորհուրդ, որի մեջ ընդգրկված են 6-7 կառուցապատող ընկերություն, եւ հերթական նիստին կհասկանան իրենց հետագա անելիքները. «Սա լինելու է մեծ աղետ: Սա, կոպիտ ասած, լինելու է քաղաքաշինության մահը, բազմաբնակարանբնակելի շենքերի կառուցման մահը»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԻՆՉՈ՞Ւ Է ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր  Վահե Ղալումյանը 2018թ. հունիսի 1-ից մինչեւ 2019թ. հունվարի 14-ը պաշտոնավարել է որպես Տավուշի մարզպետ, 2019-2021թթ. եղել իշխող ուժից ԱԺ պատգամավոր, 2020թ. դեկտեմբերի 10-ից մինչեւ 2021թ. օգոստոսի 2-ը՝  Աժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահը։ Վ. Ղալումյանը 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով, ներկայումս նա կրկին առաջադրվել է ԱԺ  վերահիշյալ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Վ. Ղալումյանն ինքնակենսագրության մեջ նշել է, որ ինքը 2003-2006թթ. հանդիսացել է  Իջեւանի ճանշինվարչության գործադիր տնօրենի տեղակալ, 2006-2015թթ.՝ Իջեւանի ճանշինվարչության գործադիր տնօրենի առաջին տեղակալ: 2008թ. Իջեւանի ավագանու ընտրություններից առաջ Վ. Ղալումյանի խնդրանքով տողերիս հեղինակն է նրան օգնել կազմելու Վահե Ղալումյանի կենսագրությունը, նրա նախընտրական ծրագիրը, այդ ժամանակ ճանշինվարչության մասին նրա կենսագրության մեջ նշում չի եղել։ Իրականում Վահե Ղալումյանն աշխատել է Իջեւանի ճանապարհաշինական «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ, ապա՝ այդ ընկերության  գործադիր տնօրենի  առաջին տեղակալ, այդ տարիներին ճանշինվարչություն անունով  հիմնարկություն Իջեւանում չի եղել։ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ գործադիր տնօրենը  Վահե Ղալումյանի բարեկամ Արծրունի Ղալումյանն է։ Աժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ  բնապահպանության հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահի թեկնածու  առաջադրվելու առիթով պատասխանելով   Տավուշում  ադրբեջանական անկլավների  մասին  իր կատարած հայտարարությունների վերաբերյալ խորհրդարանի պատգամավորների հարցերին՝ Վ. Ղալումյանն ասել է, որ ինքն Ադրբեջանին տարածքների հանձնման կամ փոխանակման մասին չի խոսել, այլ հայտարարել է, որ  Հայաստանի տիրապետության տակ տարածքներ, որոնք խորհրդային քարտեզներով եղել  են Ադրբեջանի տարածք, Ադրբեջանի տիրապետության տակ կան տարածքներ, որոնք խորհրդային քարտեզներով եղել են Հայաստանի տարածք: Հարցին՝ հնարավոր է արդյոք դրանք փոխանակել, Ղալումյանը նախկինում  պատասխանել է. «Չեմ բացառում: Ես գտնում եմ, որ կա խնդիր, եւ պետք է նստել, խոսել»:

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ աշխատած, այժմ էլ այդ պաշտոնի թեկնածու առաջադրված Վահե Ղալումյանը չգիտի, որ Ադրբեջան պետությունը, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, իրեն խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ չի համարում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում շարունակվում են անասնակերի  եւ հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։ Երանոսում եւ Ճամբարակում ամբողջ հուլիսի եւ օգոստոսի առաջին տասնօրյակի դրությամբ բերքահավաքն ընթացել է նվազագույն արդյունքներով։  «Աշնանացան ցորենի արտերի 1 հեկտարից ստացվել է ընդամենը 4,5, գարու արտերի 1 հեկտարից՝ 2,5 ցենտներ բերք։ Երաշտի պատճառով արտերը չկարողացան ապահովել աճ ու բերքատվություն, որոշ արտեր էլ հնձման ենթակա չեղան։ Բայց առավել մտահոգող է անասնակերի վիճակը, քանի որ բնական ու ցանովի խոտհարքերում բերք գրեթե չկա։ Տնտեսությունները հավաքում են միայն այն, ինչ-որ հնարավոր է հավաքել, մնացած պակասը նրանք փորձում են լրացնել այլ տեղերից խոտ գնելով՝ մեկ հակ խոտի դիմաց վճարելով մինչեւ 2200 դրամ։ Թե ինչպես կհաջողվի այս տարի ապահովել անասնագլխաքանակի ձմեռացումը, շատ դժվար է ասել»,- նշել է Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը։

Պատկերը գրեթե նույնն  է Ճամբարակ խոշորացված համայնքում։ «Աշնանացան ցորենի արտերի մեկ հեկտարից ստացվել է 5-10 ցենտներ, դրանից ավելի քիչ արդյունք էլ ապահովել են գարու արտերը։ Շատ տարածքներ էլ հնձման ենթակա չեն եղել։ Ավարտին է մոտենում նաեւ անասնակերի բերքահավաքը՝ դարձյալ նվազագույն արդյունքներով։ Կարելի է ասել, որ այսօրվա դրությամբ մեր անասնապահական տնտեսությունները ձմեռացմանը պատրաստ կլինեն մոտ 30-40 տոկոսով։ Պակասը լրացնելու համար խոտը բերվում է այլ մարզերից թանկ գներով. մեկ հակ խոտը վաճառվում է 1700-2000 դրամով։ Հավանաբար, անասունները կենթարկվեն հարկադիր մորթի, անասնագլխաքանակի պահպանումն ու ավելացումը դժվար հարց կլինի»,- ներկայացրել է Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։

 

 

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՋՐԻՑ

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։ Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Ռուզան Մակարյանը, 85-ամյա Շողիկ Ասատրյանը, 75-ամյա Ֆրիդա Առաքելյանը, 21-ամյա Անուշիկ Բարոյանը, 30-ամյա Մարինե խաչատրյանը, 26-ամյա Հովհաննես Խաչատրյանը, 24-ամյա Գեւորգ Մուրադյանը, 46-ամյա Վարդ Տեփանոսյանը եւ 42-ամյա Մկրտիչ Բարսեղյանը։ Վերջիններս հիվանդանոցում բժիշկներին, ապա ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ թունավորվել են ջրից։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

 

 




Լրահոս