Ավարտվել է «Նոր Հայաստան» հեռուստաալիքով հեռարձակվող «Սիրո թեւեր» հեռուստասերիալի նկարահանումները: ArmLur.am-ը նախագծի ավարտի, որպես ռեժիսոր հանդես գալու մասին զրուցել է դերասան, ռեժիսոր Աշոտ-Տեր Մաթեւոսյանի հետ, որը բացի հեռուստասերիալում խաղալուց հանդես է եկել նախագծում՝ որպես ռեժիսոր:
«Անկեղծ ասած, որպես ռեժիսոր «Սիրո թեւեր» նախագծում այնքան էլ շատ հանդես չեմ եկել: Նկարել եմ ընդամենը 10-15 սերիալ, ավելի շատ նկարահանել է մեր երկրորդ ռեժիսորը՝ Արսեն Թովմասյանը, քանի որ ծանրաբեռնվածությունը աշխատանքային շատ-շատ է, իսկ համատեղ աշխատելը կրկնակի բարդ»,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ առաջին անգամ չէ, որ նա հանդես է գալիս որպես ռեժիսոր, «Սիրո թեւեր» հեռուստջասերիալը նրա երրորդ նախագիծն է:
Հարցին՝ հնարավոր է արդյոք մի օր դերասանի մասնագիտությունը փոխարինի ռեժիսորի մասնագիտությամբ, Աշոտը Տեր-Մաթեւոսյանը, չժխտելով այդ փաստը, ընդծգծում է.«Հետաքրքիր հարց եք տալիս: Անկեղծ ասած, դեռ չգիտեմ, բայց հնարավոր է գա մի օր՝ հասկանամ, որ այլեւս որպես դերասան տալու բան չունեմ, եւ ժամանակն է, որ զբաղվեմ միայն ռեժիսորի աշխատանքով, բայց դեռ ես ինձ սպառված չեմ համարում»:
Աշոտ Տեր-Մաթեւոսյանը ռեժիսորական կրթություն չունի, բայց Թատերական ինստիտուտում սովորելը մեծ դեր է ունեցել նրա կյանքում: Դերասանի խոսքով՝ ռեժիսորական կրթությունն իր մեջ սերմանել է ուսանողական տարիներին նրա վարպետը՝ ռեժիսոր Արմեն Մազմանյանը:
«Արմեն Մազմանյանը ե՛ւ դերասանի հմտություն է տվել, ե՛ւ ռեժիսորի: Ինքս սովորել եմ կողքի աչքով, երբ տեսել եմ, թե ինչպես է բեմադրում նա, ինչ շեշտադրումներ է անում: Ես ի սկզբանե նպատակ էլ չեմ ունեցել ռեժիսորի գործունեությամբ զբաղվել, բայց երբ եղավ առաջարկ, մտածեցի չհրաժարվել եւ փորձել, եւ պարզվեց՝ ես, ռեժիսորի հմտությունները կողքից նայելով, կլանել եմ իմ մեջ, եւ առաջարկից հետո մոտ մեկ շաբաթ մտածեցի եւ հասկացա, որ կարող եմ, եւ, փառք Աստծո, դեռ ոչ մի նախագծում խնդիր չի եղել, բացի աճից»,-նկատում է նա:
Դերասանը մեզ հետ զրույում կատակում է, թե նկարահանման հրապարակում անտանելի երեւույթ է դառնում, անգամ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծում. «Ես սիրում եմ, որ ամեն բան լինի ճիշտ ժամանակին: Օրինակ՝ առաջին նախագծում անգամ Սոֆիայի հետ խնդիրներ եմ ունեցել: Սովորաբար դերասանները սիրում են հումորներ անել, երկար ընդմիջումներ անել, իսկ ես պահանջում եմ, որ նման բաներ չլինեն՝ մոռանալով, որ ժամանակին ես էլ եմ նման վիճակներում եղել, բայց վերջին շրջանում սկսել եմ փոխել ինձ»:
Հարցին՝ հեռուստասերիալներում հիմնականում իր կնոջ՝ դերասանուհի Սոֆյա Պողոսյանի հետ է հանդես գալիս հատկապես սիրային կերպարներում, արդյոք կա միտում, որ պարտադիր պետք է միասին հանդես գան, դերասանը նշեց.
«Չէ, նման բան չկա, կարող է անգամ հաջորդ նախագծում ես չլինեմ, կամ լինենք, բայց երկրորդական կերպարում: Նման միտում, որ պետք է միշտ միասին լինենք կամ գլխավոր կերպարում հանդես գանք, չկա: Ավելին ասեմ՝ երկար ժամանակ զույգ չենք լինի, որոշ ժամանակով կդադարեցնենք, հետո հնարավոր է՝ նորից որպես զույգ հանդես գանք: Ես նման հատուկ միտում չունեմ գլխավոր դերերում խաղալու»:
Իսկ առաջիկա նորությունների նախագծերի մասին դերասանն ընդգծում է, որ հիմա նրանց հանգիստ է հարկավոր, որից հետո նոր կսկսեն նոր ստեղծագործական աշխատանքներ ծավալել:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱՊՐԵԼ ԻՐ ՏԱՆԸ
Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը թիմի մեկ այլ նորեկ Լիոնել Մեսիին առաջարկել է ապրել իր տանը: Արգենտինացի հարձակվողը Փարիզ է ժամանել իր կին Անտոնելա Ռոկուցոյի եւ 3 որդիների հետ: «Եթե դու եւ ընտանիքդ նախընտրում եք ապրել առանձնատանն, այլ ոչ հյուրանոցում, ապա կարող եք հանգրվանել ինձ մոտ»,- ասել է Ռամոսը. փոխանցում է AS-ը: Նշվում է նաեւ, որ Մադրիդի «Ռեալի» նախկին ավագը շատ է հարգում Մեսիին եւ նրան կպաշտպանի խաղադաշտում: Այժմ ՊՍԺ-ն տուն է փնտրում Մեսիի ընտանիքի համար, ինչպես նաեւ դպրոց՝ նրա որդիների համար: Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողն օգոստոսի 10-ին փարիզյան ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, որն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ ավարտվել էր հուլիսի 1-ին, ինչից հետո նա ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ: Լիոնել Մեսին 2005 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլային փոխանցման հեղինակ, նվաճել 35 տիտղոս:
ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՊԱՐՏՈՒԹՅԱՆԸ
Եվրոպայի լիգայի հաղթող իսպանական «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիից» կրած պարտությանը: «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել «Վիլյառեալ» ակումբը եւ իսպանական լիգան այսպիսի օրը: Գոհ եմ իմ թիմի ցուցադրած խաղից: Բացարձակապես հնարավոր չէ ինչ-որ բանում մեղադրել մեր խաղացողներին, քանի որ նրանք ներդրեցին անհավանական ջանքեր»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԴԻՐՔԸ
Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է 2 աստիճան եւ զբաղեցնում է 88-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո Խոակին Կառառոսի գլխավորած թիմն անցկացրել էր 2 ընկերական հանդիպում՝ ոչ-ոքի խաղալով աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ (1:1) ու պարտվելով Շվեդիային (1:3): ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, որին հաջորդում են Բրազիլիան ու աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան: Անգլիացիները չորրորդն են, իսկ Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականը բարձարցել է 5-րդ տեղ: Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Գերմանիան 16-րդն է, Ռումինիան՝ 45-րդը, Իսլանդիան՝ 53-րդը, Հյուսիսային Մակեդոնիան՝ 72-րդը, իսկ Լիխտենշտեյնը՝ 189-րդը:
«ԳԱՌՆԻ» ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄՈՒՏՔԸ ՓԱԿ ԿԼԻՆԻ
Այսօր՝ ժամը 18։00-ին, Մոսկվայի դասական նվագախումբը (Moscow Classic Ensemble-ը) հրավիրում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան` մասնակցելու «Երեխաները ուզում են նվագել» բարեգործական համերգին:
Այս մասին տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
Moscow Classic Ensemble-ի կատարումներով կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Իգոր Ստրավինսկու, Անտոնին Դվորժակի, Էդվարդ Գրիգի, Մոդեստ Մուսորգսկու հայտնի ստեղծագործությունները։
Միջոցառման շրջանակում կգործի նաեւ տոնավաճառ-ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն «Տերյան» մշակութային կենտրոնի, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի եւ «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները։ Կներկայացվեն նաեւ հայտնի նկարիչ-դիզայներ Լիլիա Մելիքյանի «Անցյալի ապագա» տարազները:
Համերգից ստացված հասույթով միջոցառման կազմակերպիչները երաժշտական գործիքներ ձեռք կբերեն արցախցի այն երեխաների համար, որոնց ընտանիքները ստիպված են եղել լքել իրենց օջախները 44-օրյա պատերազմի ընթացքում։
Նախատեսվում է նաեւ վճարել նրանց ուսուցման վարձը երաժշտական կրթօջախներում՝ հնարավորություն տալով երեխաներին շարունակել իրենց ուսումը։