Լուսանկարն արվել է Երեւանում
Երեւանյան վերելակներում դեռեւս պահպանվում են այս տեսակ ավանդույթները: Հուսանք՝ շուտով հերթն այս վերելակին կհասնի, ու այս տհաճ տեսարանն այլեւս չի լինի:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչ կարգով է մերժվում ապոստիլով վավերացումը:
Հերմինե Ասլանյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումը մերժվում է, եթե`
1) փաստաթուղթը պատրաստել կամ հաստատել կամ կնքել է դրա լիազորությունը չունեցող անձը կամ մարմինը.
2) փաստաթուղթը չի համապատասխանում տվյալ փաստաթղթի համար սահմանված ձեւաչափին.
3) փաստաթուղթն ապոստիլով վավերացման ենթակա չէ.
4) փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու մասին դիմումը ներկայացվել է սույն օրենքի եւ փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգի խախտմամբ.
5) անընթեռնելի են փաստաթուղթն ստորագրող անձի պաշտոնեական դիրքի մասին տվյալները, վերջինիս ստորագրությունը, փաստաթուղթը հաստատող կնիքը կամ դրոշմակնիքը.
6) փաստաթուղթը վնասված է, պահպանված չէ փաստաթղթի ամբողջականությունը, փաստաթղթի վրա առկա են անթույլատրելի գրառումներ.
7) չեն ներկայացվել փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական տուրքի վճարման հավաստումը.
8) փաստաթուղթը ներկայացվելու է Կոնվենցիային չանդամակցող երկիր.
9) փաստաթուղթն ակնհայտ կեղծ է:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապոստիլով վավերացվում են պաշտոնական այն փաստաթղթերը, որոնք ուղարկվում են Կոնվենցիայի անդամ երկրներ:
ՀԱՐՑ. Ո՞վքեր կարող են բուհերում օգտվել ուսման վարձի զեղչից:
Լարիսա Մանուկյան (52 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ուսման վարձի զեղչից կարող են օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բակալավրի եւ մագիստրոսի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարած հետեւյալ կարգավիճակ ունեցող ուսանողները (բացառությամբ 1-ին կուրսի առաջին կիսամյակում սովորողների)՝
1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 30 տոկոս.
2) 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչեւ 23 տարին լրանալը` առնվազն 50 տոկոս.
3) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` առնվազն 50 տոկոս.
4) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50 տոկոս.
5) երեք եւ ավելի անչափահաս կամ երեք եւ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` առնվազն 30 տոկոս.
6) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` առնվազն 30 տոկոս.
7) մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոս.
8) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 20 տոկոս.
9) այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը: