«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ առողջապահության նախարարությունը վերջապես սկսել է զբաղվել հոգեբուժական կազմակերպություններում տարիներով արմատացած խնդիրներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը մտադիր է սահմանել հոգեբուժական կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները: Հիշեցնենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մշտապես բարձրաձայնում է, որ հոգեբուժարաններում առկա է կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, բարելավման եւ վերանորոգման անհրաժեշտություն, կան ոչ պատշաճ քանակի եւ միատեսակ սննդի տրամադրման խնդիրներ:
Ընդ որում, այս խնդիրների մասին արդեն մի քանի տարի է, ինչ բարձրաձայնվում է, սակայն ԱՆ-Ն միայն նոր է սկսել խնդրին արձագանքել. որոշման նախագիծը նոր է շրջանառության մեջ դրվել: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոգեբուժական կազմակերպությունը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պետք է ապահովի սանիտարահիգիենիկ նորմերին եւ կանոններին համապատասխանող, բարեկարգ, կահավորված սանհանգույցով եւ լոգասենյակով, եղանակային պայմանների համար անհրաժեշտ ջեռուցմամբ, օդափոխությամբ, խոնավությամբ, բնական եւ արհեստական լուսավորությամբ կեցության պայմաններով: Բացի այս, հիվանդասենյակները պետք է լինեն առանձնացված տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար:
Ընդ որում, երեխաները պետք է բժշկական օգնությունը եւ սպասարկումը ստանան առանձնացված բաժանմունքում: Ի դեպ, ըստ որոշման նախագծի՝ հոգեբուժական առողջության խնդիր ունեցող անձին պետք է հասանելի լինի խմելու, հոսող տաք եւ սառը ջուր: Անգամ պետք է շաբաթական առնվազն մեկ անգամ տրամադրվեն մաքուր հագուստ եւ անկողնային պարագաներ, իսկ տրվող սնունդը պետք է ունենա բավարար սննդարարություն, համ, հոտ, տեսք: Արդյոք այս որոշման նախագիծը իրականություն կդառնա, թե այն կմնա սեւով սպիտակի վրա գրված, ցույց կտա ժամանակը։
Առավել մանրամասն՝ այսօրվա համարում։