Այս պահին Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ առաջնահերթ և անմիջական անհանգստություն Հայաստանի Հանրապետության համար չկա, քանի որ հայ խաղաղապահ զորախումբը դեռ այս տարվա մարտի սկզբին է ավարտել իր ծառայությունը Աֆղանստանում, իսկ ՀՀ քաղաքացիներ այդ երկրում պաշտոնական տվյալներով չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տարածաշրջանային հարցերի վերլուծաբան, արևելագետ Արմեն Պետրոսյանը:
Այդուհանդերձ, վերլուծաբանի կարծիքով, աֆղանստանյան զարգացումները, որ վերջին մի քանի օրերին դարձել են միջազգային լրահոսի թիվ 1 թեման, ուշագրավ են նաև Հայաստանի շահերի և անվտանգության տեսանկյունից:
«Հնարավոր է, որ Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացները որոշակի առումով ազդեն նաև Հայաստանի վրա: Ինչո՞ւ: Նախ, ինչպես արդեն հայտարարվել է՝ Տաջիկստան-Աֆղանստան սահմանին իրավիճակի վատթարացման պարագայում իր կանոնադրությունից բխող որոշակի գործողություններ կարող է իրականացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Եվ Հայաստանը, հանդիսանալով այդ կազմակերպության անդամ, պարզապես չի կարող անմասն մնալ նման գործողություններից», – բացատրեց Արմեն Պետրոսյանը:
Երկրորդը, եթե թալիբներին չհաջողվի ամբողջական իշխանություն հաստատել, և այդ երկրում քաոսային իրավիճակ ձևավորվի, քաղաքացիական պատերազմ սկսվի, ապա, Արմեն Պետրոսյանի մեկնաբանությամբ, ամենայն հավանականությամբ անվտանգության լուրջ սպառնալիքներ և հումանիտար շատ լուրջ խնդիրներ կառաջանան Աֆղանստանի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Բացի այդ, արևելագետը հիշեցրեց, որ Աֆղանստանում որոշակի դերակատարում ունենալու հավակնություններ է դրսևորում նաև Թուրքիան:
«Իսկ Թուրքիայի կողքին, հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կախվածության աճը Անկարայից, միանշանակ է, որ Էրդողանը փորձելու է ամեն կերպ ապահովել նաև Ադրբեջանի աջակցությունը Աֆղանստանում թուրքական որևէ նախաձեռնությանը: Այսպիսով, ստացվում է, որ Հայաստանի համար թշնամական երկու երկիր ներգրավվում է մի նոր արկածախնդրության մեջ՝ շատ կասկածելի հետևանքներով կամ արդյունքներով», – արձանագրեց Արմեն Պետրոսյանը:
Փորձագետը հենց այս համատեքստում է տեսնում ամենամեծ վտանգը Հայաստանի Հանրապետության և Արցախի համար, քանի որ միջազգային հանրության և ազդեցիկ խաղացողների ուշադրության շեղումը դեպի Աֆղանստան կարող է իրավիճակից օգտվելու առիթ տալ Արցախի գոտում և Հայաստանի հետ սահմանին պարբերաբար ռազմական լարվածություն հրահրող Ադրբեջանին:
«Դա, իհարկե, վտանգավոր է մեզ համար, որովհետև միաժամանակ ե՛ւ Իրանը, ե՛ւ հատկապես Ռուսաստանը ավելի շատ կենտրոնանում են այլ տարածաշրջանի վրա, որտեղ զարգացումները շատ ավելի անկանխատեսելի բնույթ են կրում: Եվ այս պարագայում, բնականաբար, որոշ չափով շեղվում է ուշադրությունը մեր տարածաշրջանից: Իսկ հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների անկանխատեսելի վարքը և սեփական նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու գործելաձևը՝ չի բացառվում, որ Ադրբեջանը կփորձի օգտվել այս իրավիճակից՝ ավելացնելով սադրանքների ծավալները և անգամ նախաձեռնելով շատ ավելի առարկայական և լայնածավալ գործողություններ», – նշեց Արմեն Պետրոսյանը: