«Սա մի փոքրիկ փետրվարի 26 էր»,-Ազատության հրապարակում ընթացող շուրջօրյա հանրահավաքների 8-րդ օրն այսպես բնութագրեց Նիկոլ Փաշինյանը: Բանն այն է, որ Ազատության հրապարակի շուրջօրյա հանրահավաքներին զուգահեռ՝ մի քանի հարյուր մետր հեռու երեկ տեղի ունեցավ Օգյուստ Ռոդենի քանդակի բացումը Սերժ Սարգսյանի ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի մասնակցությամբ: Նրանք այնտեղ ելույթներ ունեցան, որից հետո այդ միջոցառմանը տարված երիտասարդների մի զգալի հատված եկավ Ազատության հրապարակ եւ միացավ ակցիայի մասնակիցներին։ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե երիտասարդներին ուղղակի հարկադրաբար էին բերել միջոցառմանը, եւ քանի որ դա ռեժիմի գործելաոճն է, ազատ կամքի վրա բռնանալու այդ փորձն, ի վերջո, պսակվեց ընդվզմամբ։ Երեկվա հանրահավաքը, սակայն, Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպման պատճառով բավական կարճ տեւեց, իսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ելույթ չունեցավ, այլ Ազատության հրապարակի մասնակիցների հետ միասին դիտեց ֆուտբոլը՝ Օպերայի պատին ամրացված էկրանին:Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնավուրի՝ ՀՀ-ում արտագաղթի մասին կոշտ հայտարարություններին: Նա հիշեցրեց, որ 3 տարի առաջ փետրվարյան հանրահավաքների օրերին Հայաստանի մի շարք դիվանագետներ ավելի մեղմ հայտարարություն անելու եւ ընտրակեղծիքների մասին խոսելու համար ազատվեցին աշխատանքից: «Դե հիմա Շարլ Ազնավուրին ազատե՛ք աշխատանքից: Ազատե՛ք, եթե կարող եք: Թող հիմա Վարդան Օսկանյանն ասուլիս տա ու ասի, որ Ազնավուրը խախտել է դիվանագիտական էթիկան»,-ասաց նա: Փաշինյանը դիմեց Ազնավուրին՝ տեղեկացնելով, որ նրա ասած հայաստանյան մաֆիան այն իշխանությունն է, որի հետ այսօր Ազնավուրը հանդիպելու է եւ ճաշելու է, ուստի թող Ազնավուրը շարունակի իր սկսածը եւ հաց չուտի այդ անաղուհաց քրդի շների հետ: Փաշինյանի խոսքերով` իր այդ կեցվածքով շանսոնյեն ոչ թե ընդդիմությանը հաճո հայտարարություններ է արել, այլ Հայաստանի քաղաքացու, Հայաստանի համար կարեւոր հայտարարություններ: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, թե շատ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ ժողովրդի մի հատված այսօր` այս պահին, բացակայում է: Ըստ նրա՝ ամեն մեկն իրեն հաշիվ պետք է տա ու հարցնի՝ արդյոք ուզում է այսպես ապրել: «Կոչ եմ անում բոլոր նրանց, որոնք դեռ մեզ չեն միացել` ոչինչ չի փոխվելու այս երկրում, քանի դեռ բոլոր քաղաքացիները չեն միացել մեզ: Հիշե՛ք` յուրաքանչյուր քաղաքացի ավելի հզոր է, քան իշխանական բուրգում գտնվողները»,-ասաց նա: Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանը հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեի նախագծի մասին ասաց, թե անգամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով դա ոչինչ չասող բյուջե է: Այնպես որ, Խաչատրյանի խոսքերով` թող ոչ ոք հույս չունենա, թե թոշակի կամ աշխատավարձի ավելացում կամ գործարար միջավայրի բարելավում է լինելու: Նա ասաց, թե կառավարությունը փորձ է անում վարկեր ստանալ, սակայն միջազգային ֆինանսական կառույցները հրաժարվում են վարկավորել ՀՀ կառավարությանը, քանի որ այդ վարկերն էլ են ծառայեցնում իրենց անձնական շահերին։ Քանի որ Հայաստանում չկա մրցակցային շուկա, եւ քանի որ մենաշնորհը շարունակվում է, Հայաստանի տնտեսական հեռանկարը ցավալիորեն ողբերգական է. «Մենք շարունակելու ենք այս պայքարը, եւ այս պայքարի հեռանկարը կախված է յուրաքանչյուր մարդուց, այլապես յուրաքանչյուր քաղաքացի դատապարտված է լինելու չքավորության»։ ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանի խոսքերով՝ իշխող վարչախումբը փորձում է օգտագործել այն ամենը, ինչը փոքրիշատե կօգնի իրենց պահպանելու իշխանությունը, եւ այդ ճանապարհին փչացնում են ամեն ինչ։ Նա ասաց, թե այդ մասին է վկայում երեխաներին, պատանիներին եռագույն ներկելով եւ նրանց ձեռքը դրոշներ խոթելով հատկապես Ազատության հրապարակով ինչ-որ միջոցառման ուղեկցելու պրակտիկան։ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն անդրադարձավ նաեւ մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե Կոնգրեսն իբր խոչընդոտել է Վանուշ Խանամիրյանի թաղման արարողությանն ու թույլ չի տվել, որ մարդիկ վերջին հրաժեշտը նրան Օպերայում տան: Մանուկյանը հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ եղել է առաջարկ՝ Խանամիրյանի թաղումը Օպերայից լինի, իրենք Ազատության հրապարակում միջանցք բացեն: Կոնգրեսը համաձայնել է միջանցքի տարբերակին: «Մեր կողմից որեւէ առարկություն չի եղել հոգեհանգստի արարողությունն այստեղ կազմակերպելու հարցում, ընդհակառակը, ասեցինք, որ մեր ժողովուրդն էլ կմասնակցի»,-ասաց նա:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ