ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը Հայաստանին մարդասիրական օգնություն չի տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 19 մլն 978 հազար 100 դոլարի օգնություն, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել էր 10 մլն 318 հազար 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաեւ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 118 հազար 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել: Իսկ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մարդասիրական օգնություն չի ստացվել: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան եկել է 99 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

ArmLur.am-ը տեղեկացավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին. նշենք, որ Եվրամիության անդամ շատ երկրներ ուղարկել են: Մենք ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացանք, որ Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 911 հազար 300 դոլարի չափով օգնություն, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է. 2020-ի հունվար-հունիսին այն կազմել է 1 մլն 626 հազար 100 դոլար: Մեր բարեկամ Ֆրանսիայից 1 մլն 140 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն է մտել Հայաստան: Իսկ Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-հունիսին Հայաստան եկել է 92 հազար 400 դոլարի մարդասիրական օգնություն:
Իտալիայից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են զգալի պակասել. եթե անցյալ տարվա վեց ամիսներին ՀՀ Իտալիայից ստացվել է 2 մլն 8 հազար դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 368 հազար 200 դոլար:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան ստացվող մարդասիրական օգնության ծավալները ավելացել են՝ 1 մլն 345 հազար 500 դոլարից դառնալով 6 մլն 537 հազար 600 դոլար: Չինաստանից ստացվող մարդասիրական օգնության ծավալները եւս ավելացել են:

Ս.Հ.




Լրահոս