Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ վարչական դատարանն իր՝ որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի /նախագահի/, լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը ճանաչի: Արդյունքում մեզ հայտնի դարձավ, որ դատավոր Արմեն Ներսիսյանը մերժել է Ռուբեն Վարդազարյանի դիմումը եւ Ռուբեն Վարդազարյանը դիմել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան:
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 15-ին կասեցրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ մինչև նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:
Արդյունքում, Ռուբեն Վարդազարյանն իր նկատմամբ Գլխավոր դատախազի կողմից քրեական հետապնդման հարուցման մեղադրյալ ներգրավվելու մասով դիմել էր դատարան եւ դատարանը որոշել էր «Բողոքաբեր Ռուբեն Վարդազարյանի բողոքը բավարարել, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ռ. Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումները»,
Ստացվում է Ռուբեն Վարդազարյանը պետք է վերադառնար իր աշխատանքին եւ նա դիմում էր ներկայացրել՝ ԲԴԽ ակնկալելով իր լիազորությունների կասեցման մասին որոշման վերանայում:
Ու այստեղ տեղի էր ունենում անսպասելին. Բարձրագույն դատական խորհուրդը հայտնել էր, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հասցեատերը Բարձրագույն դատական խորհուրդը չէ, հետևաբար ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռ. Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին՝ մինչև Ռ. Վարդազարյանի լիազորությունների կասեցման հիմք հանդիսացած քրեական վարույթի ավարտը:
Արդյունքում, Ռուբեն Վարդազարյանը իր իրավունքների վերականգնման համար կրկին դիմել է դատարան: Տեսնենք ՀՀ վարչական դատարանը կկարողանա համարձակվել դեմ գնալ Գագիկ Ջհանգիրյանին եւ բավարարել Ռուբեն Վարդազարյանի դիմումը, թե կվախենան ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանից, որը ամեն կերպ շարունակում է մնալ նախագահի աթոռին եւ դատական համակարգը բուռը հավաքելու գործընթացով է զբաղված:
Քնար Մանուկյան