Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում մանկապղծության մեջ մեղադրվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը շարունակվում է: Երեկվա նիստի ընթացքում Տեր-Պողոսյանը ցուցմունքներ էր տալիս: Վերջինիս հարցաքննությունը դեռ սկսված չէ: Դատական դռնփակ նիստին միջանցքից հետեւող լրագրողներն այս անգամ տարօրինակ ոչ մի երեւույթի կամ մարդկանց չհանդիպեցին: Միջանցքում խաղաղություն էր: Պատճառներից մեկն էլ երեւի այն էր, որ տուժողների հարցաքննությունն ավարտվել էր, եւ ագրեսիվ ծնողները բացակայում էին: Նիստի վերջում ամբաստանյալի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ դատախազ Արամ Ամիրզադյանը, այնուամենայնիվ, որոշ նորություններ հայտնեց. «Այսօրվա նիստը նախկիններից տարբերվում է նրանով, որ ցուցմունք տվեց Սերոբ Տեր-Պողոսյանը: Ժամանակի սղության պատճառով դեռ իր հարցաքննությունը չի սկսվել: Մանրամասները կխոսենք այն ժամանակ, երբ կհարցաքննենք, կավարտենք»: Այն հարցին, թե ամբաստանյալը ժխտում է փաստերը, մեղադրողը պատասխանեց. «Նա չի ժխտում այն փաստերը, որոնք կան արձանագրված, սակայն տարբեր մեկնաբանություններ է տալիս, որոնց մասին չէի ցանկանա այսօր խոսել: Իր արածները նորմալ չի ընդունում, եւ ինչ-որ տեղ ներողամտություն է հայցում այդ հարցերի վերաբերյալ, որովհետեւ դա որպես նորմալ հարաբերություն չի դիտարկվում»: Սերոբ Տեր-Պողոսյանից հետո դատարանի դահլիճ էր հրավիրվել նախկինում հարցաքննված վկաներից մեկը, որին կրկին հարցաքննեցին: Ամիրզադյանը սա բացատրում է նրանով, որ որոշ տեսանյութերի հետ կապված հարցեր էին առաջացել: «Վկաների մեջ տուժողներ կա՞ն»,-հետաքրքրվեցինք դատախազից: «Նկատի ունեք գործողությամբ զբաղվողնե՞ր, այո՛, կան, չեմ ուզում հրապարակել, բայց երկուսը կան»,-ասաց Ամիրզադյանը: Դատական հաջորդ նիստը հոկտեմբերի 13-ին է: Այդ օրը կսկսվի Սերոբ Տեր-Պողոսյանի հարցաքննությունը, որից հետո էլ պարզ կդառնա հետագա ընթացակարգը:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆՎանաձոր
ՍԵՐՈԲԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՑՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ