ՀԵՏԸՆԹԱՑ` ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը նախորդ շաբաթ ընդունեց «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը, ըստ որի՝ Երեւանում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար պետբյուջեի տոկոսագումարների գծով եկամտային հարկի հետվերադարձն աստիճանաբար կհանվի։ Օրենսդրական այս փոփոխությամբ նախատեսվում է, որ եթե ԱԺ-ն ընդունի օրենքը, ապա եկամտային հարկի վերադարձը կդադարեցվի վերադարձնել՝ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից։

 

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի անդամ Արտակ Անդրեասյանի կարծիքով՝ օրենսդրական այս նախաձեռնությունը խնդրահարույց է, օրենքը գործում է 2015 թվականից եւ այն դրական ազդեցություն է գործել թե՛ կառուցապատման ոլորտի վրա եւ թե՛ շինարարությանը հարակից ու դրան առնչվող ոլորտների վրա։ Արտակ Անդրեասյանի խոսքով՝ կառուցապատման ոլորտին առնչվում է 25-30 ոլորտ, եւ օրենքը մուլտիպլիկատիվ ազդեցություն է ունեցելգ «Օրինակ՝ աշխատավարձերը ստվերից դուրս են եկել, անբարեխիղճ կառուցապատողները երբեմն իրականությունից շեղվող արժեքներով էին հայտարարագրում բնակարանների վաճառքից գոյացած հասույթները։ Այս օրենքը նպաստեց, որ գործարքի իրական արժեքը հայտարարագրվի։ Իսկ այս տեսքով օրենքն ընդունելու դեպքում հետընթաց է լինելու, օրինակ՝ դեպի ծրարով աշխատավարձերը»։ Վերջինիս համար կասկածելի են նախագծի հիմնավորումները, թե եկամտային հարկի վերադարձը մեծ բեռ է բյուջեի վրա։ Նա ներկայացրեց ասոցիացիայի հաշվարկները, որոնք ապացուցում են՝ ոչ միայն բեռ չէ, այլեւ պետական բյուջեն լրացուցիչ եկամուտ է ստանում ցանկացած նոր շենքից:

«Միջին հաշվարկներով՝ Երեւանում միջին գոտիներում մեկ 12 հարկանի շենքի բնակարանների իրացումից պետական բյուջե է վճարվում է 7.2 միլիոն դոլար հարկ։ Սա բանկերի եւ կառուցապատողների հարկերն են, այս գումարը գեներացվում է երեք տարվա ընթացքում, այսքան է տեւում կառուցապատումը, եւ պետության կողմից վերադարձվող եկամտային հարկը 5.2 միլիոն դոլար է, բայց 12 տարվա ընթացքում։ Այսինքն՝ դեռ մի բան էլ պետությանը ավել գումար է մնում։ Օրենքը ուժի մեջ է մտնելու 2022 թվականից։ Փաստորեն, այս երեք տարում 7.2 միլիոն դոլարը կհավաքեն, հետո 5.2 միլիոնը չեն տա։ Եթե ծրագիրը փոխվում է, ու տեղն այլ բան է ներդրվում, այդ դեպքում ինձ համար նպատակները պարզ են, եթե այդ գումարն ուղղվելու է սոցիալական բնակարանաշինությանը, բայց եթե սոցիալական ծրագրերր չեն անելու, վթարային շենքերի կամ անպիտան դարձած շենքերի բնակիչներին չեն տեղափոխելու պետական միջոցներով կառուցած նոր բնակարաններ, ապա ուղղակի բյուջեի լրացուցիչ եկամուտների հարց է»,-ասաց Անդրեասյանը։

Նա նշեց, որ անցած տարվա տվյալներով՝ օրենքից օգտվող շահառուների թիվը կազմել է 17 հազար, այս տարեվերջին ակնկալվում էր մինչեւ 20 հազար։ Նրա կարծիքով՝ եթե օրենքն ընդունվի, Երեւանում մատչելի բնակարան ձեռք բերելը դառնալու է անհնարին կամ շատ դժվար, Երեւանում շինարարության տեմպերը նվազելու են, գները՝ բարձրանալու։

Ն. Հ.

 

 

ՄԵՐԺԵԼ Է

Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը։ Հիշեցնենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք էր ընդունել ս/թ մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը դատավորի հետ: «Բայց այս դեպքում, երբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, դա նշանակում է, որ տվյալ պայմաններում մեղադրանք գոյություն չունի, իսկ եթե մեղադրանք գոյություն չունի, վերաորակման մասին խոսելն ավելորդ է»,-ասել էր դատավորը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշմանը:

 

 

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՀՀ կառավարությունում հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Ծառուկյանը կառավարության շենք է գնացել ու Փաշինյանի հետ մոտ մեկուկես ժամանոց հանդիպում է ունեցել: Թե՛ իշխանական, թե՛ ԲՀԿ-ական թեւի համար անհայտ է, թե ինչ օրակարգի շուրջ են Փաշինյանն ու Ծառուկյանը հանդիպել: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ չի բացառվում, որ Ծառուկյանին սպորտային ոլորտի մասով ինչ-որ բան Փաշինյանը տա, քանի որ նրանց վերջին հանդիպման ժամանակ որոշվել է փոխհամագործակցել տարբեր ոլորտներում:

Հիշեցնենք, որ Փաշինյան-Ծառուկյան վերջին հանդիպումը եղել էր հուլիսի 8-ին՝ ԱԺ արտահերթ խորհրդական ընտրություններից հետո, երբ վարչապետը հանդիպումներ էր ունենում արտախորհդարանական ուժերի հետ:

Մենք փորձեցինք հանդիպման հետ կապված մեկնաբանություն խնդրել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից, սակայն ապարդյուն. նա հեռախոսազանգերին չի արձագանքում: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ականներին, ապա հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո երբ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն այլեւս խորհրդարանական ուժ չէ, նրանք կարծես անհետացած լինեն, որեւէ ձեւով չենք արձագանքում մեր նամակներին ու զանգերին:

 

 

ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԿԲԱՑԻ

Հայաստանը եւ Ուրուգվայը ունեն շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ, որոնք ծնվել են ոչ բարենպաստ պայմաններում, սակայն հույսով են թրծվել: Այս մասին ասել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն: Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ արժեւորելով 30 տարիների ընթացքում ունեցած հարաբերությունները՝ Ուրուգվայը որոշել է դեսպանատուն բացել Հայաստանում:

 

 

256 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում օգոստոսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 256 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 234 814-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4702 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1136 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5838-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 188 է, ընդհանուր առողջացածներինը՝ 222 801, փաստացի բուժվողներինը՝ 6175: Մեկ օրում արվել է 5415 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 440 147 թեստ:

 

 

 

ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ

Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ հանրապետության մի շարք մարզերում սպասվում է հրդեհավտանգ իրավիճակ։ Առաջիկա 5 օրերին, ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում եւ Երեւանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Ջեյհուն Բայրամովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաեւ համատեղ խաղաղապահ առաքելությունն Աֆղանստանում։ Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ 120 ադրբեջանցի զինծառայողներ շարունակում են մնալ Քաբուլում՝ թուրքական խաղաղապահ ստորաբաժանման կազմում՝ ապահովելով Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անվտանգությունը։

 

 

ՀՔԾ ՊԵՏԸ՝ ԹԵԿՆԱԾՈՒ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում մրցութային խորհրդի նիստում  Հակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երեք թեկնածու։ Թեկնածուներից մեկը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն է։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են նաեւ իրավաբաններ Գառնիկ Թորոսյանը եւ Դավիթ Մկրտումյանը։ Հանձնաժողովի անդամները ծանոթացան թեկնածուների կենսագրություններին, ստուգեցին բոլոր փաստաթղթերի առկայությունը։ Հաջորդ նիստի օրը հայտնի կդառա, երբ հանձնաժողովը ստանա Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովի եզրակացությունը։




Լրահոս