ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազությունը մերժել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումը քրեական գործ հարուցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սարգիս Ալեքսանյանի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանին վիրավորանք հասցնելու համար։

 

Սարգիս Ալեքսանյանը սոցիալական ցանցի իր էջում հայհոյանք պարունակող գրառում էր կատարել Արման Թաթոյանի հասցեին այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների պաշտպանը քննադատել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Հակոբ Արշակյանի արարքը լրագրող Փայլակ Ֆահրադյանին ծեծելու առնչությամբ։ Ի դեպ, գրառումը հավանել (like) են բազմաթիվ ՔՊ-ականներ, այդ թվում՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլի» նախկին պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, իսկ գրառման ներքո ծավալվել էին բռնությունն արդարացնող ու խրախուսող քննարկումներ:

 

Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին, որտեղից պատասխանեցին, որ իրենք Սարգիս Ալեքսանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարց էին բարձրացրել ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն երկու՝ 226.2-րդ (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) եւ 332.2-րդ (Մարդու իրավունքների պաշտպանին սպառնալը կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հոդվածներով, սակայն քրեական գործ է հարուցվել միայն 226.2-րդ հոդվածով։ «Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանը դատարանում վիճարկում է Դատախազության որոշումը Քրեական օրենսգրքի 332.2-րդ հոդվածով քրեական գործ չհարուցելու վերաբերյալ»,- նշեցին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Իսկ հիմա ամենակարեւորի մասին. ո՞ւմ է մակագրվել գործը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է քաղաքական պատվերներ կատարելու գործում հմուտ դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ Մացոյին, որ  հանրության շրջանում հայտնի է իշխանություների հաճո որոշումներ կայացնող դատավոր: Հետեւաբար հիմքերն ամուր են ենթադրելու համար, որ ՄԻՊ-ի բողոքը կմերժվի։

Ամենաուշագրավն այն է, որ իշխանությունները մի կողմից քրեականացնում է հայհոյանքը, մյուս կողմից Դատախազությունը քրեական գործ չի հարուցում նմանատիպ իրավիճակում: Ասել է թե՝ իշխանությունները իրնց սիրելիներին ջրից չոր են դուրս բերում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 05:44-ին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալլ: Ըստ նախարարության՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի եւ Լոռու մարզերում՝ 4-5 բալլ ուժգնությամբ եւ Տավուշի մարզում՝ 3-4 բալլ ուժգնությամբ: Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին  Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ երեկոյան ժամը 23:42-ին 4-5 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արեւելք։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3-4 բալլ ուժգնությամբ, Ամասիա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալլ ուժգնությամբ եւ Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան գյուղերում՝ 3 բալլ ուժգնությամբ:

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 15-ին «Կախվածությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում տեղի ունեցած դեպքի փաստով։  Այդ օրը՝ ժամը 18։40-ին, նշված կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացին կենտրոնի 3-րդ հարկից իրեն ցած է նետել, ում Երեւանի 1-03 շտապօգնության թիվ 53 խումբը տեղափոխել է հիվանդանոց։ Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ՌԴ քաղաքացի 37-ամյա Եվգենի Գ.-ն է, ով «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել «պոլիտրավա» ախտորոշմամբ։ Ոստիկանները պարզել են նաեւ, որ դեպքը տեղի ունեցել նույն օրը՝ ժամը 18։30-ի սահմաններում։ Ըստ բժշկի հայտնածի՝ Եվգենի Գ.-ն ի վիճակի չէ կատարված մասին բացատրություն տալու։

 

 

ԽՈՇՈՐ ԱՎԹՈՎԹԱՐ

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Ռոման Խաչաեւը իր վարած BMW X5 մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երեւանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, արմատախիլ արել մի քանի ծառեր եւ գլխիվայր շրջվել։ Վթարի հետեւանքով վարորդ Ռ. Խաչաեւն ու ուղեւորներ Լոռու մարզի բնակիչներ, 26-ամյա Դմիտրի Թեմուրյանը, 26-ամյա Կորյուն Ազոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։

 

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿՈՉ

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը, անդրադառնալով իր անձնական պատմությունը՝ որպես Հայոց ցեղասպանության վերապրածի թոռնուհի,  կրկին կոչ է արել Ավստրալիայի դաշնային կառավարությանը միանալ աշխարհում գնալով աճող այն պետությունների թվին, որոնք ճանաչել են Օսմանյան կայսրության բնիկ քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, ասորիների եւ հույների կոտորածները որպես ցեղասպանություն: Այս մասին հայտնել է  Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը: Վարչապետ Բերեջիկլյանը հարցին անդրադարձել է ասորիների ցեղասպանության օրվա եւ ասորի նահատակների վիրտուալ հիշատակմանը նվիրված իր ելույթում, որը հեռարձակվել է Ասորիների ազգային խորհրդի կողմից: «Իմացե՛ք, որ մեզնից շատերը չեն հանգստանա, մինչեւ որ Օսմանյան ժամանակաշրջանում ասորիների, հայերի եւ հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չճանաչվի: Եվ ես կրկին կոչ եմ անում իմ դաշնային գործընկերներին եւ դաշնային խորհրդարանին ճանաչել  այն, ինչ ճանաչել են Ավստրալիայի նահանգային խորհրդարանները եւ մի շարք երկրներ աշխարհի տարբեր հատվածներում», – ասել է վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը:

 

 

ԵՆԹԱՍՊԱ Է ՄԱՀԱՑԵԼ

Հայաստանի Հանրապտետության պաշտպանության նախարությունից հայտնել են. «Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաեւ հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան ուղղությամբ՝ Երասխի հատվածում: Մասնավորապես՝ ժամը 09:50-ի սահմաններում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել»: Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սեւ լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր:

 

 




Լրահոս