Շիրակի մարզում կներդրվի երթուղային միասնական ցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում կներդրվի երթուղային միասնական ցանց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության որոշմամբ սպասարկման մեկ օպերատոր ունեցող միասնական երթուղային ցանց պետք է ունենան բոլոր մարզերը: Նմանատիպ ցանց արդեն գործում է Արմավիրի մարզում: Ըստ այդ որոշման Շիրակում ներմարզային ու միջմարզային ուղևորափոխադրումներն իրականացնելու է մեկ ընկերություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը Շիրակի մարզի նոր երթուղին մշակված է: Այս պահին Շիրակի մարզում գործում է 14 ընկերություն, որոնք սպասարկում են 51 ներմարզային ու 16 միջմարզային երթուղի: Նոր որոշման համաձայն` այս ընկերությունների տրանսպորտային միջոցները շահագործումից դուրս կգան: «Ներկա պահին շահագործվող ոչ մի տրանսպորտային միջոց չի բավարարում որոշմամբ սահմանված կարգի պահանջներին: Մենք պարտադրված պահանջ ունենք՝ երթուղային ցանցում կիրառել մինչև 25 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոց և ամենաքիչը մինչև 10 տարվա շահագործմամբ: Այսինքն` նոր երթուղային ցանցում աշխատելու են 18-25 տեղանոց տրանսպորտային միջոցներ, որոնք ավտոբուսներ են և միկրոավտոբուսային երթուղիները ամբողջությամբ վերանում են»,-նշեց Խաչատուր Խնձրցյանը` հավելելով, որ միասնական ցանցի ստեղծմամբ, մարզի բոլոր համայնքներում ուղևորափոխադրումների խնդիրը կլուծվի:




Լրահոս