Էլեկտրամոբիլների ներմուծման ծավալներն ավելացել են. ինչ արտոնություն է տվել կառավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ծավալներն ավելացել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2019-2021 թվականների ընթացքում ներմուծվել է ավելի քան 5200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, իսկ 2018 թվականին՝ ընդամենը 12 էլեկտրամոբիլ:
Միայն 2019-2020թթ․ հանրապետություն է ներմուծվել ավելի քան 265 հազար տրանսպորտային միջոց, որից միայն 2 հազար 800-ը բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցներ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանի կառավարությունը որոշել է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն սահմանել մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծման և օտարման համար: Ավելին, ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառման ժամկետը կերկարաձգվի երեք տարով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ Ինչի շնորհիվ կնվազեն բեռնատար ավտոմեքենաների վնասակար արտանետումները: Իսկ ինչպես հայտնի է՝ բեռնատար տրանսպորտային միջոցները մեծամասամբ աշխատում են դիզելային վառելիքով, ինչի օգտագործումը հանդիսանում է շարժական աղբյուրներից օդի աղտոտման հիմնական պատճառներից մեկը:

Բացի այս, 2018-2020թ․ ՀՀ գրեթե բոլոր մարզերում տեղադրվել են 20-ից ավել լիցքավորման կայաններ։

Իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2021/2022թթ․ նախատեսվում է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների շարքում ընդգրկել նաև էլեկտրոմոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման տեխնիկ մասնագիտությունը։

Ս. Հ.




Լրահոս