Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:
«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխհարաբերություններ ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Տվյալ դեպքում, ռուսական կողմը հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը», – ասել է Զախարովան:
Մարիա Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դաշտում առկա բաժանարար գծերը, փոխանակել ռազմագերիներին` «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով և ականապատ դաշտերի քարտեզները ամբողջ ծավալով: