Ոստիկանների օրինական պահանջին չենթարկված եւ նրանց ուղղությամբ մեքենան վարած երիտասարդը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրելու եւ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մասնավորապես՝ 2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տեղեկություններ իրացնելիս, մոտեցել էին Երեւան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի մոտ կայանված, Երեւան քաղաքի 27-ամյա բնակչի կողմից վարվող «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային եւ օրենքով սահմանված կարգով ներկայանալով՝ ավտոմեքենայի սրահում գտնվող նշված երիտասարդից պահանջել իջնել ավտոմեքենայից, ինչին ի պատասխան, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, նա իր կողմից վարվող ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել էր ծառայություն իրականացնող, ՀՀ ոստիկանության օպերլիազորին պատկանող ավտոմեքենային, այնուհետեւ ավտոմեքենան վարել ճանապարհի կանգնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, սակայն վերջիններս հասցրել էին փախչել ճանապարհի երթեւեկելի գոտուց:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված եւ հետախուզման մեջ գտնվող ենթադրյալ հանցագործություն կատարած 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 243.1-րդ հոդվածի 1.1 մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:




Լրահոս