ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանները շարունակում են հսկել Գյումրի-Երեւան մայրուղին: Նրանք Գյումրու մուտքի մոտ են վաղ առավոտից. կանգնեցնում են «կասկածելի» մեքենաները եւ հաճախ հետ են դարձնում:Պատճառն այն է, որ գյումրեցիներն ակտիվորեն մասնակցում են ՀԱԿ-ի կազմակերպած շուրջօրյա նստացույցին, եւ նրանց թիվը հնարավորինս սահմանափակելու համար ոչ միային Գյումրու ավտոկայարանի տերերն են ջանքեր գործադրում, այլեւ ճանապարհային ոստիկանները: Ուշագրավն այն է, որ նրանք արդեն հոգնել են «ծանրաբեռնված  ռեժիմով» աշխատելուց եւ լրագրողներից են փորձում ճշտել, թե երբ է ավարտվելու այս իրավիճակը: Սակայն լարվածությունն ավելի է մեծանում, ներքաղաքական կյանքն էլ ակտիվանում է նաեւ մայրաքաղաքից դուրս: Բացի այն հանգամանքից, որ կուսակցությունները հիմա զբաղված են գրասենյակներ բացելով, այլ գործընթացներ եւս տեղի են ունենում: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հիմա զբաղված է նոր գրասենյակներ բացելով: Բացի այդ, Գագիկ Ծառուկյանը սկսել է նաեւ «բարեգործություների» շարքը: Նրա նախաձեռնությամբ ԲՀԿ տարբերանշանով տորթեր են ուղարկվում Գյումրու դպրոցներ, դպրոցների ուսուցիչներին  տանում են տեսարժան վայրեր եւ այլն: ՀՀԿ-ն այս շրջանում տարօրինակ պասիվ կեցվածք է դրսեւորել: Գուցե պատճառը ՀՀԿ տեղի պատասխանատու Վարդան Ղուկասյանի անգործությունն է, ով կուսակցության PR-ով վերջին շրջանում ընդհանրապես չի զբաղվում: Փոխարենը սեփական վարկանիշի բարձրացման ուղղությամբ ջանքեր չի խնայում: Տեղի հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող «Քաղաքապետարանի լրատու»-ն ոչ թե քաղաքի խնդիրներն է լուսաբանում, այլ, մեղմ ասած, նախընտրական հոլովակներ ցուցադրում: Ամեն շաբաթ գյումրեցիներին հիշեցնում են, թե որքան աստվածապաշտ է քաղաքապետը եւ թե ինչպիսի տեմպերով է զարգացնում Գյումրին: Սակայն կանխատեսելի է, որ այս իրավիճակը ՀՀԿ վերնախավը երկար չի հանդուրժի եւ տեղի ներկայացուցիչներին կստիպի աշխատել: Ի դեպ, Գյումրիում գործող ՀՀԿ գրասենյակներն էլ ավելի քիչ են: Դրանց թիվը, որպես կանոն, կտրուկ ավելանում է ընտրությունների նախաշեմին, երբ ամեն քայլափոխի ժամանակավոր գրասենյակներ են  հիմնվում: ՀՅԴ տեղի պատասխանատուներն անհաջող ակցիաների շարքից հետո լռել են: Կենտրոնական փողոցում վրան տեղադրելուց եւ քաղաքացիների ստորագրությունները հավաքելուց հիասթափվեցին դաշնակցականները: Ստիպված էին արձանագրել, որ գյումրեցիները պասիվ են: Ավելի քան մեկ ամիս առաջ մեկնարկած եւ առ այսօր շարունակվող ստորագրահավաքին մասնակցել է ընդամենը 1450 քաղաքացի: ՀՅԴ գրասենյակի տեղի պատասխանատու  Արամ Հակոբյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ հիմա իրենք զբաղված են կազմակերպչական հարցերով եւ ներկուսակցական խնդիրները հարթելով, երբ ավարտեն գործերը,  սկսելու են հանրահավաքային պայքար:  «Հիմա որ ՀԱԿ-ը շուրջօրյա նստացույց է անում, մեր հանրահավաք անելու գործը մի տեսակ առկախվել է»,-դժգոհեց Ա.Հակոբյանը` իրենց անգործությունը ՀԱԿ-ի վրա բարդելով:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի




Լրահոս