ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեպտեմբերի 1-ից աշակերտները պետք է դիմակ կրեն. կորոնավիրուսի թվերն աճում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կրկին կխստացվի հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը. մասնավորապես՝ կվերահսկվի փակ տարածքներում դիմակների կրումը: ArmLur.am-ին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից փոխանցեցին, որ առողջապահության նախարարի N 17-Ն հրամանով սահմանված կանոններն անփոփոխ են մնացել, այսինքն՝ փակ տարածքներում քաղաքացիները պետք է կրեն դիմակ, պահպանեն սոցիալական հեռավորություն, մակերեսներն ախտահանել 70-90 տոկոսանոց սպիրտային հիմքով ախտահանիչներով։ Ի դեպ, սահմանափակումները վերաբերում են նաև կրթական հաստատություններին։ Այսինքն դպրոցներում աշակերտները եւս պետք է դիմակ կրեն: Իսկ մանկապարտեզների խմբերում սաների քանակի սահմանափակում այս պահին նախատեսված չէ։

Բացի այս, տեղեկացնենք, որ աշխատող քաղաքացիները, որոնք պատվաստված չեն կորոնավիրուսի դեմ, հնարավոր է` հոկտեմբերի 1-ից պարտավորված լինեն երկու շաբաթը մեկ քովիդի ՊՇՌ թեստ հանձնել: Այսինքն, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կամ քովիդի թեստի բացասական պատասխանը կամ էլ՝ պատվաստման հավաստագիրը:

Ի դեպ, հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ: Ավելին, փակ տարածքում բոլորը պարտավոր են դիմակ կրել, անգամ պատվաստվածները:

Դիմակ կրելը պարտադիր է նաև հասարակական տրանսպորտում, բայց, ցավոք, այս կանոնին մի քանի ամիս է, ինչ ուղեւորները չեն հետեւում: Իր հերթին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացնելու, բայց արդյոք դրանք բավարար կլինեն եւ քաղաքացիները կպահպանեն հակահամաճարակային կանոնները, ցույց կտա ժամանակը:

Ս. Հ.




Լրահոս